Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում են RISE Powered by Silicon Mountains տեխնոլոգիական համաժողովն ու ցուցահանդեսը (ֆոտոռեպորտաժ): Կազմակերպիչներն այս միջոցառումն անվանում են ոչ թե պարզապես հայկական արդյունաբերության ձեռքբերումների ցուցադրություն, այլ հարթակ, որը պետք է օգնի երկրին անցնել զարգացման նոր փուլի՝ համաշխարհային կորպորացիաների համար ինժեներական ծառայություններ ու հետազոտական մշակումներ մատակարարողից վերածվելով մի պետության, որը ստեղծում է սեփական բարձր տեխնոլոգիական արտադրանքը, արտադրում այն և արտահանում:
Միջոցառումը կհամախմբի հայկական առաջատար տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտական կենտրոններին և ինժեներական թիմերին: Դրա առանցքային խնդիրն է ցույց տալ հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը և պայմաններ ստեղծել դրա մասնակիցների միջև ավելի սերտ փոխգործակցության համար:
Ցուցահանդեսում կներկայացվեն ավելի քան 40 տեղական ընկերությունների, ինչպես նաև Հայաստանում գործող և այստեղ սեփական հետազոտական կենտրոնները զարգացնող միջազգային կորպորացիաների մշակումները:
Միջոցառման շրջանակներում կանցկացվի նաև համաժողով՝ երեք պանելային քննարկումներով՝ «Ռազմարդյունաբերություն», «Ինժեներական լուծումներ» և «Կիբեռանվտանգություն»:
Ակնկալվում է, որ ցուցահանդես և համաժողով կայցելի ավելի քան 10 հազար մարդ, իսկ գործարար ծրագրի մասնակիցների թիվը կգերազանցի հազարը:
Կազմակերպիչների խոսքով՝ այսօր երկրում արդեն իսկ գոյություն ունի ուժեղ ինժեներական բազա, սակայն շատ ընկերություններ և մասնագետներ շարունակում են աշխատել գլխավորապես գլոբալ շուկայի համար, իսկ նրանց աշխատանքի արդյունքները հաճախ դառնում են արտասահմանյան տնտեսության մաս: Այժմ ոլորտը ձգտում է փոխել այս մոդելը՝ երկրի ներսում ստեղծելով լիարժեք շղթա՝ գիտական հետազոտություններից ու մշակումներից մինչև պատրաստի արտադրանքի թողարկում:
Հենց այս նպատակն է արտացոլում միջոցառման RISE անվանումը՝ Research, Innovation, Science and Engineering («Հետազոտություններ, նորարարություններ, գիտություն և ինժեներիա»): Կազմակերպիչները կարծում են, որ տեխնոլոգիական հատվածի կայուն զարգացումն անհնար է առանց գիտության, հետազոտական գործունեության, ինժեներիայի և արդյունաբերության միջև սերտ կապի:
Համաժողովին աջակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ պետության մասնակցությունը թույլ է տվել զգալիորեն ընդլայնել նախագծի մասշտաբները:
Նոր էջ Silicon Mountains-ի պատմության մեջRISE-ը դարձել է «Silicon Mountains» էկոհամակարգի նոր նախագիծը, որը Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական նախաձեռնություններից է:
Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Ինֆորմացիոն և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ԱՀՏՄ / UEICT), որը միավորում է ավելի քան 130 ընկերություն՝ շուրջ 30 հազարից ավելի ընդհանուր աշխատակիցներով:
2019 թվականից ի վեր կազմակերպությունը անցկացնում է «Silicon Mountains» ամենամյա տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը դարձել է ոլորտի գլխավոր հարթակներից մեկը: Այս ընթացքում շարքի միջոցառումները համախմբել են ավելի քան 100 խոսնակների և շուրջ 6 հազարից ավելի մասնակիցների:
Վերջին տարիներին նախագիծը սկսել է ընդլայնվել մայրաքաղաքի սահմաններից դուրս: 2024 թվականին համաժողովն առաջին անգամ անցկացվեց Գյումրիում, իսկ 2025 թվականին՝ Լոռու մարզի COAF SMART կենտրոնում: Այժմ կազմակերպիչները գործարկում են առանձին գարնանային միջոցառումը՝ RISE-ը, որը պետք է լրացնի արդեն իսկ գոյություն ունեցող «Silicon Mountains» էկոհամակարգը:
Միջոցառումն անցնում է «Մենք ենք, մեր սարերը. Վերելք» (We Are Our Mountains: Rise) կարգախոսի ներքո: Այն միաժամանակ հղում է անում թե՛ հայկական ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկին, և թե՛ տեխնոլոգիական աճի գաղափարին:
Կազմակերպիչների համար RISE-ը երկարաժամկետ հարթակ ստեղծելու փորձ է, որտեղ հայկական ընկերությունները կկարողանան ոչ միայն ցուցադրել իրենց ձեռքբերումները, այլև լիարժեք արտադրական ու տեխնոլոգիական կապեր հաստատել երկրի ներսում: Վերջնական նպատակն այն է, որ հայկական ինժեներական դպրոցը ստեղծի ոչ միայն ծառայություններ գլոբալ շուկայի համար, այլև սեփական մրցունակ արտադրանքը, որն ընդունակ կլինի ամրապնդել երկրի տեխնոլոգիական անկախությունը և իր տեղը զբաղեցնել բարձր տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում:
Միջոցառման տեղեկատվական գործընկերն է NEWS.am Tech-ը:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում