Հայաստանում բացվել է NVIDIA Blackwell B300-ի հիմքով տարածաշրջանում առաջին ԱԲ-գործարանը

1 հունիսի, 2026  16:53

Հայկական Eleveight AI ընկերությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում բացել է առաջին ԱԲ (արհեստական բանականության) գործարանը՝ հիմնված NVIDIA Blackwell B300-ի վրա: Դրանով իսկ Հայաստանը համալրել է այն պետությունների շարքը, որոնք ունեն սեփական բարձր արտադրողականությամբ ենթակառուցվածքներ՝ արհեստական բանականության ոլորտում լուծումների մշակման և ներդրման համար:

Հայաստանը ստանում է սեփական ԱԲ-ենթակառուցվածքը

Eleveight AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը հայտարարել է, որ ավելի քան մեկ տարվա նախագծումից ու շինարարությունից հետո ընկերությունն ավարտել է աշխատանքների առանցքային փուլը և պատրաստ է գործարկել Հայաստանում առաջին գերհամակարգչային կենտրոնը, որը մոտ ժամանակներս կանցնի վերջնական թեստավորման և վերահսկվող շահագործման ռեժիմի: Նա նշել է, որ օբյեկտն արդեն իսկ մեծ հասարակական հետաքրքրություն է առաջացնում, և ընդգծել է մասնագետների, գիտական համայնքի ու ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից ենթակառուցվածքը ներսից տեսնելու կարևորությունը:

Առաջին փուլի ներդրումները կազմել են 120 միլիոն ԱՄՆ դոլար: Eleveight AI-ի նոր կենտրոնը նախատեսված է արհեստական բանականության ոլորտում մեծածավալ հաշվարկների իրականացման համար՝ մոդելների ուսուցումից մինչև դրանց ներդրումը բիզնեսում, գիտության և ինժեներիայի մեջ: Կենտրոնը կառուցված է Nokia-ի և NVIDIA Reference Architecture ստանդարտներին համապատասխան, ինչը թույլ է տալիս միջազգային տեխնոլոգիական ընկերություններին ու հետազոտական խմբերին ծավալել իրենց ԱԲ-նախագծերը Հայաստանում՝ նվազագույն տեխնիկական հարմարեցմամբ:

Հաշվարկային ենթակառուցվածքի հիմքում ընկած են նոր սերնդի NVIDIA Blackwell B300 արագացուցիչները: Հիշողության մեծացված ծավալի և բարձր թողունակության շնորհիվ դրանք ընդունակ են արդյունավետորեն մշակել արհեստական բանականության բարդ մոդելներ, ներառյալ՝ ժամանակակից գեներատիվ համակարգերը, երկար կոնտեքստով մոդելները և Mixture of Experts դասի ճարտարապետությունները:

Նախագծի հիմքում ընկած է էկոլոգիական պատասխանատվության սկզբունքը

Բացի բացառիկ տեխնոլոգիական բնութագրերից, ԱԲ-գործարանի նախագծի հիմքում դրված է էկոլոգիական պատասխանատվության սկզբունքը: Ենթակառուցվածքն աշխատում է «զրոյական քիմիական հետքի» մոդելով: Ինժեներական լուծումների և Գագարին գյուղի բարձրալեռնային կլիմայի շնորհիվ, որտեղ տեղակայված է գործարանը, ենթակառուցվածքը 11 ամսվա ընթացքում օգտագործում է բնական հովացման մեխանիզմներ՝ այդ ժամանակահատվածում բացառելով քիմիական հովացնող նյութերի օգտագործումը:

Այս համատեքստում Eleveight AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանն անդրադարձել է համակարգերի հովացման համար Սևանա լճի ջրի օգտագործման վերաբերյալ մարդկանց մտահոգությունների թեմային: Նրա խոսքով՝ կիրառվող հովացման տեխնոլոգիան իրենից ներկայացնում է փակ համակարգ, որն աշխատում է փակ ցիկլի սկզբունքով և կապված չէ արտաքին ջրային ռեսուրսների հետ:

«Սա փակ համակարգ է, շատ նման է ավտոմեքենայի շարժիչի հովացման համակարգին. այնտեղ նույնպես օգտագործվում է հեղուկ, որը շրջանառվում է փակ կոնտուրի ներսում և հովացնում է շարժիչը: Սա որևէ կապ չունի ջրի արտաքին աղբյուրների, առավել ևս՝ խմելու ջրի հետ»,— պարզաբանել է Ալեքսանյանը:

Eleveight AI-ի համահիմնադիր Դավիթ Աբովյանն իր հերթին մատնանշել է համակարգի արդյունավետությունը, որը ձեռք է բերվում ինժեներական լուծումների և կլիմայական պայմանների շնորհիվ:

«Ամբողջ ենթակառուցվածքը նախագծված է՝ հաշվի առնելով առավելագույն արդյունավետությունը: PUE-ի ցուցանիշով մենք մոտ ենք սկանդինավյան երկրների համաշխարհային առաջատար կենտրոնների մակարդակին: Սա կապված է թե՛ ինժեներական լուծումների, թե՛ այն փաստի հետ, որ այստեղ միջին ջերմաստիճանը հարաբերականորեն ցածր է. 25 աստիճանից բարձր այն գրեթե չի բարձրանում, ինչը մեզ թույլ է տալիս ապահովել տվյալների կենտրոնի (դատա-կենտրոնի) առավելագույնս արդյունավետ աշխատանքը»,— ընդգծել է Eleveight AI-ի համահիմնադիրը:

Նա հավելել է, որ տեխնոլոգիաների և բնական պայմանների համադրության շնորհիվ կենտրոնն աշխատում է բարձր էներգաարդյունավետությամբ և համապատասխանում է միջազգային ստանդարտներին:

Բացի այդ, ընկերությունը տեղադրել է սեփական արևային կայանը՝ ապահովելով մաքուր էներգիայի աղբյուրների օգտագործումը և երկարատև կայունությունը:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում