YouTube-ն սկսել է ավտոմատ կերպով նշագրել տեսանյութերում ԱԲ-բովանդակությունը

28 մայիսի, 2026  16:23

YouTube-ը զգալիորեն ուժեղացնում է պայքարը չբացահայտված ԱԲ-բովանդակության (արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութերի) դեմ: Տեսահոսթինգը հայտարարել է երկու կարևոր նորամուծության մասին՝ արհեստական բանականության օգնությամբ ստեղծված նյութերի ավելի նկատելի մակնշում և տեսանյութերի ստուգման ավտոմատ համակարգի գործարկում:

Այս մասին հաղորդվում է հարթակի պաշտոնական բլոգում:

Ավելի նկատելի նշումներ

Նախկինում ԱԲ-ի օգտագործման մասին տեղեկատվությունը սովորաբար թաքցված էր տեսանյութի նկարագրության մեջ և հեշտությամբ վրիպում էր աչքից: Այժմ YouTube-ը հատուկ նշումներ կտեղադրի անմիջապես հոլովակի անվանման կողքին: Սա վերաբերում է ինչպես սովորական հորիզոնական տեսանյութերին, այնպես էլ Shorts ձևաչափի կարճ հոլովակներին:

Նման պիտակները կօգնեն դիտողներին միանգամից հասկանալ, որ տեսանյութում առկա են գեներացված պատկերներ, տեսանյութ, ձայն կամ արհեստական բանականության կողմից ստեղծված այլ տարրեր:

Բովանդակության ավտոմատ ստուգում

Երկրորդ կարևոր փոփոխությունը ավտոմատ վերլուծության համակարգի գործարկումն է: Նախկինում YouTube-ը հիմնականում արձագանքում էր օգտատերերի բողոքներին կամ իրականացնում էր մեխանիկական ստուգումներ: Այժմ հարթակի ալգորիթմներն ինքնուրույն կհայտնաբերեն ԱԲ-ով գեներացված բովանդակությունը:

Տվյալ փուլում համակարգը կենտրոնացած է գեներացված պատկերների և տեսանյութերի հայտնաբերման վրա, սակայն ապագայում դրա հնարավորությունները կարող են ընդլայնվել:

Նշումը բողոքարկելու հնարավորություն

YouTube-ում ընդունում են, որ ավտոմատ համակարգը դեռևս կատարյալ չէ և կարող է սխալներ թույլ տալ: Այդ պատճառով հեղինակներին հնարավորություն կտրվի բողոքարկել ոչ կորեկտ դրված նշումները: Ապելյացիայի (բողոքարկման) ընթացակարգը թույլ կտա հեռացնել պիտակը, եթե բովանդակությունը ստեղծվել է առանց ԱԲ-ի օգտագործման կամ եթե նշումը դրվել է սխալմամբ:

Ինչու՞ է սա անհրաժեշտ

YouTube-ը նորամուծությունները բացատրում է հարթակի թափանցիկությունը բարձրացնելու և դիտողներին մոլորության մեջ գցելուց պաշտպանելու ցանկությամբ: Վերջին տարիներին հարթակում ԱԲ-բովանդակության ծավալը կտրուկ աճել է, և շատ օգտատերեր բողոքում էին, որ միշտ չէ, որ կարողանում են տարբերել իրական նկարահանումները գեներացիայից:

Կարճ ասած

YouTube-ը ներդնում է ԱԲ-ի օգնությամբ ստեղծված տեսանյութերի ավտոմատ մակնշում: Նշումներն այժմ կցուցադրվեն հոլովակի անվանման կողքին (և ոչ միայն նկարագրության մեջ), իսկ համակարգը ինքնուրույն կհայտնաբերի ԱԲ-բովանդակությունը: Նորամուծությունը վերաբերում է ինչպես սովորական տեսանյութերին, այնպես էլ Shorts-երին: Հեղինակները կկարողանան բողոքարկել սխալ նշումները: Փոփոխություններն ուղղված են հարթակի թափանցիկության բարձրացմանը:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում