Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (ՄՖՏԻ) և Իննոպոլիս համալսարանի գիտնականները մշակել են ալգորիթմ, որն ընդունակ է նախապես բացահայտել տեկտոնական խզվածքների առավել վտանգավոր հատվածները՝ այն վայրերը, որտեղ սկիզբ են առնում ամենակործանարար երկրաշարժերը: Նոր մշակումը կարող է զգալիորեն բարելավել վաղ նախազգուշացման համակարգերը և օգնել սեյսմավտանգ տարածաշրջաններում շինարարության ժամանակ ռիսկերի գնահատմանը:
Ալգորիթմն ստացել է SPAD (Seismogenic Patches Detection — սեյսմոգեն գոտիների հայտնաբերում) անվանումը: Այն վերլուծում է ոչ թե ուժեղ ցնցումները, այլ հանդարտ ֆոնային սեյսմիկությունը՝ այն թույլ, գրեթե աննկատ երկրաշարժերը, որոնք տեղի են ունենում մշտապես:
Ինչու՞ է դա կարևորՏեկտոնական խզվածքներն ունեն բարդ, անհամասեռ կառուցվածք: Դրանց մակերևույթին գոյություն ունեն ամուր «բծեր»՝ բարձր շփման դիմադրությամբ գոտիներ: Դրանցում տարիներով կուտակվում է առաձգական էներգիան, որն այնուհետև արտազատվում է հզոր երկրաշարժի տեսքով: Առ այսօր նման գոտիները հաջողվում էր հուսալիորեն որոշել միայն այն բանից հետո, երբ աղետն արդեն տեղի էր ունեցել:
«Մենք փոխում ենք այս պատկերացումը և ցույց տալիս, որ ամենաուժեղ երկրաշարժերի առաջացման գոտիներում նախաձեռնվում են մեծ թվով թույլ երկրաշարժեր: Եվ այժմ մենք միջոց ունենք տեսնելու ուժեղ երկրաշարժերի առաջացման գոտիները գլխավոր հարվածից տարիներ առաջ»,— պատմել է ՄՖՏԻ-ի երկրահամակարգերի տեսական և փորձարարական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Ալեկսեյ Օստապչուկը:
Ինչպե՞ս է աշխատում SPAD ալգորիթմըԱլգորիթմը գործում է լիովին ավտոմատ կերպով՝ առանց փորձագիտական հուշումների և անցյալի ուժեղ երկրաշարժերի մասին տվյալների անհրաժեշտության:
Սկզբում SPAD-ը «մաքրում է» սեյսմիկ իրադարձությունների կատալոգը՝ հեռացնելով հետցնցումները (աֆտերշոկերը) և միմյանց հետ կապված ցնցումները: Մնում է միայն ֆոնային սեյսմիկությունը, որն արտացոլում է երկրակեղևի դեֆորմացիայի դանդաղ գործընթացը: Այնուհետև ալգորիթմը փնտրում է այն գոտիները, որտեղ այս թույլ իրադարձությունները խմբավորվում են հատկապես խիտ, և հստակ գծում է դրանց սահմանները: Հենց այդ հատվածներն էլ հանդիսանում են սեյսմոգեն «բծերը», որտեղ կուտակվում է ուժեղ հարվածի պոտենցիալը:
Ալգորիթմը հիմնվում է երկու ֆիզիկական չափանիշի վրա՝ կլաստերներում իրադարձությունների առավելագույն խտության և դրանց միջև բնութագրական հեռավորության:
Հաջող ստուգում ԿամչատկայումԹեստավորման համար օգտագործվել են վերջին 35 տարվա Կամչատկայի տվյալները: Արդյունքները տպավորիչ են եղել. ալգորիթմը վստահորեն բացահայտել է մինչև 1990 թվականը տեղի ունեցած 16 ուժեղ երկրաշարժերից 13-ը, և 1990 թվականից հետո տեղի ունեցած 8-ից 7-ը:
Սա ապացուցում է, որ սեյսմոգեն գոտիները երկարակյաց կառուցվածքներ են, որոնք կարող են խզվածքի վրա գոյություն ունենալ տասնամյակներ շարունակ:
Կիրառման հեռանկարներըԱյժմ գիտնականներն աշխատում են ալգորիթմի ճշգրտության բարձրացման և սեյսմոգեն գոտիների ներքին կառուցվածքի ավելի մանրամասն քարտեզագրման ուղղությամբ: Մեթոդն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը ոչ միայն Կամչատկայում, այլև այլ տարածաշրջաններում՝ Կուրիլներում, Ճապոնիայում և Կալիֆոռնիայի Սան Անդրեաս խզվածքի գոտում:
Հեռանկարում SPAD-ը կարող է հիմք դառնալ վտանգավոր տեկտոնական կոնտակտների գլոբալ քարտեզագրման համար և զգալիորեն բարձրացնել սեյսմիկ վտանգի գնահատման ճշգրտությունն ամբողջ աշխարհում:
Կարճ ասածՄՖՏԻ-ի և Իննոպոլիս համալսարանի գիտնականները մշակել են SPAD ալգորիթմը, որը ֆոնային սեյսմիկության վերլուծության միջոցով նախապես բացահայտում է տեկտոնական խզվածքների վրա առկա սեյսմոգեն գոտիները. հենց այդտեղ են ձևավորվում ամենաուժեղ երկրաշարժերը: Տեխնոլոգիան հաջողությամբ անցել է ստուգումը Կամչատկայի 35 տարվա տվյալների հիման վրա և արդեն իսկ ցուցադրում է իր աշխատունակությունը սեյսմիկ ակտիվ այլ տարածաշրջաններում: Նոր մշակումն ընդունակ է էապես բարելավել աղետների կանխատեսումը և բարձրացնել անվտանգությունը վտանգավոր շրջաններում:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում