ԱԲ միջոցով գեներացված երեխաների բռնության տեսանյութերը ողողում են համացանցը

23 ապրիլի, 2026  17:50

Չորեքշաբթի օրը հրապարակված Bloomberg-ի վեցամսյա հետաքննությունը մանրամասնում է, թե ինչպես է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծված երեխաների սեռական բռնության նյութերի արագ տարածումը ծանրաբեռնում քննիչներին և զգալիորեն դժվարացնում իրավապահ մարմինների աշխատանքը՝ վտանգի տակ գտնվող իրական երեխաներին հայտնաբերելու հարցում:

Երեխաների նկատմամբ բռնության սինթետիկ նյութերի ալիքը

Թվերը հստակ ցույց են տալիս խնդրի սրությունը, գրում է Technology Review-ն: ԱՄՆ-ի Անհայտ կորած և շահագործման ենթարկվող երեխաների հարցերով ազգային կենտրոնը միայն 2025 թվականին CyberTipline համակարգի միջոցով ստացել է ավելի քան 1,5 միլիոն դիմում՝ գեներատիվ ԱԲ-ի հիշատակմամբ: Դրանց թվում են ավելի քան 7,000 հաղորդում այն օգտատերերի մասին, ովքեր ստեղծում կամ պահում են ԱԲ-ով գեներացված բռնության նյութեր, և ավելի քան 30,000 դեպք՝ նմանատիպ բովանդակություն ստեղծելու փորձերի վերաբերյալ: 

Internet Watch Foundation (IWF) կազմակերպությունը 2025 թվականին ստուգել է ԱԲ-ի օգնությամբ ստեղծված 8,029 պատկեր և տեսանյութ՝ դրանք ճանաչելով որպես սեռական բռնության նյութեր, ինչպես նաև հայտնաբերել է նմանատիպ 3,443 տեսագրություն: Համեմատության համար՝ 2024 թվականին արձանագրվել էր ած ընդամենը 13 նման դեպք:

Բովանդակությունը դառնում է ավելի դաժան: Ըստ IWF-ի տվյալների՝ անցյալ տարի հայտնաբերված ԱԲ-տեսանյութերի 65 տոկոսը դասվել է A կարգին՝ սա ամենածանր դասակարգումն է: Սինթետիկ ձայնով լիամետրաժ ԱԲ-կոնտենտը դարձել է համատարած երևույթ, իսկ համացանցում  բաց գործող ԱԲ-չատբոտները դրդում էին օգնատերերին բռնության նյութեր տեղադրել և դաժան վերաբերմունքի տեսարաններ գեներացնել:

Քննիչները ծանրաբեռնված են

Ինչպես գրում է Independent-ը, Անգլիայի և Ուելսի ոստիկանական ուժերը չեն հասցնում քննել համացանցում երեխաների սեռական բռնության դեպքերը: Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունից ոստիկանական ստորաբաժանումներին ուղղված դիմումների թիվը մեկ տարում աճել է 66 տոկոսով՝ 2023-ի 12,469-ից 2024-ին հասնելով 20,704-ի, իսկ գրանցված սեռական հանցագործների թիվը վերջին տասնամյակում աճել է 48 տոկոսով:

Ոստիկանության գլխավոր տեսուչ Միշել Սկիրը հայտարարել է, որ ուժային կառույցները «չեն համապատասխանում հասարակության սպասելիքներին». քննիչները միաժամանակ վարում են մինչև 54 ակտիվ գործ, իսկ թվային քրեագիտական փորձաքննությունը մի շարք ստորաբաժանումներում տևում է մինչև երկու տարի: «Երեխաները բախվում են պաշտպանություն ստանալու ուշացումների հետ»,— ասել է Սկիրը՝ հավելելով, որ «ոչ մի ծառայություն միայնակ ի զորու չէ լուծել այս խնդիրները»:

Իրավիճակը վատթարացնում է նաև ԱԲ-ի միջոցով ստեղծված նյութերի ֆոտոիրատեսական որակը: Ինչպես NBC News-ին պատմել է քննիչներից մեկը՝ «իրավապահ մարմինները կարող են օրեր ծախսել մի մարդու որոնելու համար, ով գոյություն չունի»:

Իրավական արձագանքման ձևավորումը

Փորձագետները նշում են, որ օրենսդրական գործընթացը հետ է մնում տեխնոլոգիաների զարգացումից: ԱՄՆ-ում 37 նահանգ ընդունել է օրենքներ, որոնք քրեականացնում են ԱԲ-ի միջոցով երեխաների սեռական բռնության նյութերի ստեղծումը: Ապրիլին տեղի ունեցավ դաշնային առաջին մեղադրական դատավճիռը «Take It Down Act» օրենքի շրջանակներում: Մեծ Բրիտանիայում «Հանցավորության և ոստիկանության մասին» օրինագիծը սահմանել է նոր քրեական հանցակազմ՝ նմանատիպ նյութեր ստեղծելու համար նախատեսված գործիքների տիրապետման կամ տարածման համար: Զոհերի իրավունքների պաշտպան Քլեր Ուեյքմանը զգուշացրել է, որ «յուրաքանչյուր հապաղում կամ միջամտության բաց թողնված հնարավորություն ունի միանգամայն իրական հետևանքներ երեխաների և նրանց ընտանիքների համար»:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում