Վերջին մի քանի տարիների ընթացքում սմարթֆոնների չինական արտադրողները լուրջ առաջընթաց են գրանցել ինքնավարության հարցում: Այն դեպքում, երբ Samsung-ի և Apple-ի ֆլագմանները դեռևս առաջարկում են 4000–5000 մԱժ մարտկոցներ, չինական շատ մոդելներ նույն չափսերի պայմաններում արդեն հեշտությամբ գերազանցում են 7000–8000 մԱժ-ի սահմանը: Գլխավոր գաղտնիքը անցումն է սիլիցիում-ածխածնային (Si-C) մարտկոցներին, որոնք ապահովում են 20–30%-ով ավելի մեծ տարողություն՝ համեմատած դասական լիթիում-իոնայինների հետ: Օրինաչափ հարց է առաջանում. ինչո՞ւ շուկայի երկու գլխավոր խաղացողները դեռևս չեն արել այդ քայլը:
Ի՞նչ են տալիս սիլիցիում-ածխածնային մարտկոցներըSi-C տեխնոլոգիան գրաֆիտե անոդը փոխարինում է սիլիցիումի բարձր պարունակությամբ կոմպոզիտային նյութով: Սիլիցիումը կարող է կուտակել զգալիորեն ավելի շատ լիթիում, քան գրաֆիտը, ուստի նույն ֆիզիկական չափսերի դեպքում մարտկոցը ստանում է նկատելիորեն մեծ տարողություն: Հենց սրա շնորհիվ են չինական բրենդները (Xiaomi, Vivo, Honor, Oppo, Realme և այլք) մասսայականորեն անցնում նման մարտկոցների և առաջարկում սմարթֆոններ, որոնք հեշտությամբ ապահովում են երկու օրվա ակտիվ աշխատանք:
Սիլիցիում-ածխածնային մարտկոցների գլխավոր խնդիրներըՍակայն տեխնոլոգիան ունի լուրջ թերություններ, որոնց մասին հազվադեպ են խոսում մարքեթինգային նյութերում:
Նախ՝ սիլիցիումի հիմքով անոդը լիցքավորման և լիցքաթափման ժամանակ նկատելիորեն մեծանում է ծավալով՝ երբեմն 80–300%-ով: Սրա պատճառով խաթարվում է կապը էլեկտրոլիտի հետ, առաջանում են միկրոճաքեր, իսկ վատթարագույն դեպքում մարտկոցը պարզապես ուռչում է: Էֆեկտը նվազեցնելու համար արտադրողները սահմանափակում են լիցքավորման արագությունը և տեղադրում հզոր հովացման համակարգեր:
Երկրորդ՝ նման մարտկոցները ավելի արագ են կորցնում տարողությունը: Երրորդ սերնդի ժամանակակից Si-C մարտկոցների ռեսուրսը մոտ 600 լիարժեք ցիկլ է՝ մինչև տարողության 20% անկումը: Չինական սմարթֆոնի համար, որը սովորաբար փոխում են 3–4 տարի հետո, սա ընդունելի է: Սակայն Samsung-ը և Apple-ը ավանդաբար իրենց ֆլագմանների համար տալիս են 5–6 տարվա լիարժեք աջակցություն: Այս պարագայում մարտկոցի նորմալ աշխատանքի երեք տարին արդեն համեստ է թվում:
Samsung-ն ունի ցավոտ փորձSamsung-ն արդեն ունեցել է չափազանց տհաճ նախադեպ՝ Galaxy Note 7-ի սկանդալը 2016 թվականին, երբ մարտկոցները ուռչում և բռնկվում էին: Հեղինակության կորուստներն այն ժամանակ ահռելի էին: Ընկերությունն ակնհայտորեն չի ցանկանում կրկնել նման պատմությունը նոր տեխնոլոգիայի հետ, որը դեռևս կատարյալ վիճակի չի բերվել:
Վերջերս Samsung SDI ստորաբաժանումը փորձարկել է 20,000 մԱժ հզորությամբ սիլիցիում-ածխածնային մարտկոց (երկու բջիջ՝ 12,000 և 8,000 մԱժ): Փոքր բջիջը թեստերի ընթացքում ծավալով աճել է 80%-ով: Սա ակնառու ցույց է տալիս, որ տեխնոլոգիան դեռ պատրաստ չէ մասսայական կիրառման պրեմիում սարքերում, որտեղ հուսալիության և երկարակեցության պահանջները առավելագույնն են:
Apple-ը կողմնակից է էլ ավելի պահպանողական մոտեցման: Ընկերությունն ավանդաբար առաջնահերթություն է տալիս կայունությանը, անվտանգությանը և սարքերի երկար կյանքի ցիկլին: Անցումը Si-C-ին առայժմ չի տեղավորվում այս փիլիսոփայության մեջ:
Արժե՞ վախենալ Si-C մարտկոցներիցԱռայժմ բաց աղբյուրներում սմարթֆոնների սիլիցիում-ածխածնային մարտկոցների ուռչման կամ բռնկման մասսայական դեպքեր չկան: Արտադրողները սովորել են աշխատել դրանց հետ՝ օգտագործելով անոդի հատուկ ծածկույթներ, բարելավված էլեկտրոլիտներ և լիցքավորման կառավարման առաջադեմ համակարգեր:
Եթե Ձեզ համար կարևոր է առավելագույն ինքնավարությունը և պատրաստ եք հեռախոսը փոխել 3–4 տարին մեկ, Si-C մարտկոցներով սմարթֆոններն այժմ շատ գրավիչ տեսք ունեն: Եթե նախատեսում եք սարքն օգտագործել 5–6 տարի և գնահատում եք կայունությունը, Samsung-ի և Apple-ի ընտրությունն առայժմ ավելի կանխատեսելի է:
Կարճ ասած
Սիլիցիում-ածխածնային մարտկոցները նույն չափսերի դեպքում ապահովում են +20–30% տարողություն, ուստի չինական բրենդներն արդեն տեղադրում են 7000–8000 մԱժ մարտկոցներ: Samsung-ը և Apple-ը դեռևս հավատարիմ են սովորական լիթիում-իոնային մարտկոցներին, քանի որ Si-C մարտկոցները շահագործման ընթացքում ավելի շատ են ընդարձակվում, ավելի արագ են կորցնում տարողությունը (ռեսուրսը մոտ 600 ցիկլ է) և կրում են հեղինակության բարձր ռիսկեր: Samsung-ն արդեն ունեցել է Note 7-ի տխուր փորձը: Շուկայի առաջատարների անցումը նոր տեխնոլոգիային, ամենայն հավանականությամբ, կլինի ավելի աստիճանական և զգուշավոր:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում