Չնայած այն հաղորդագրություններին, որ Իրանի հարձակումների հետևանքով ԱՄԷ-ում և Բահրեյնում վնասվել են Amazon Web Services (AWS) տվյալների մշակման կենտրոնները, ինտերնետի գլոբալ անջատում կամ զանգվածային խափանումներ տեղի չեն ունենա: Այս մասին «Գազետա.ռու»-ին պատմել է Cloud.ru ամպային պրովայդերի արտադրանքի ուղղության ղեկավար Նիկիտա Բուտրիմովը:
Ի՞նչ է պատահել AWS տվյալների կենտրոնների հետ
Ըստ ընկերության տվյալների՝ Միացյալ Արաբական Էմիրություններում երկու տվյալների կենտրոններ ուղիղ վնասներ են ստացել անօդաչու թռչող սարքերի հարվածներից, իսկ Բահրեյնում ևս մեկ օբյեկտ տուժել է ենթակառուցվածքի մոտակայքում դրոնի ընկնելուց: Արձանագրվել են շենքերի կառուցվածքային ավերածություններ և էլեկտրամատակարարման ընդհատումներ:
AWS-ն օպերատիվ կերպով տեղեկացրել է հաճախորդներին հնարավոր խնդիրների մասին և խորհուրդ տվել.
ժամանակավորապես վերաուղղորդել տրաֆիկը դեպի այլ տարածաշրջաններ, հնարավորության դեպքում տեղափոխել հաշվողական հզորությունները ԱՄԷ-ի և Բահրեյնի սահմաններից դուրս:Այս պահին խափանումները մնում են լոկալ (տեղային). աշխարհի մյուս մասերում ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով:
Ինչու՞ գլոբալ կոլապս չի լինի
AWS-ի ճարտարապետությունն ի սկզբանե կառուցվում է՝ հաշվի առնելով աղետալի սցենարները: Ենթակառուցվածքը բաշխված է աշխարհի 39 տարածաշրջաններում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է մի քանի մեկուսացված հասանելիության գոտիներ: Այս գոտիները միացված են գերարագ ցանցերով և խափանումների դեպքում կարող են ավտոմատ կերպով փոխարինել միմյանց:
«Նույնիսկ եթե հիպոթետիկ պատկերացնենք Մերձավոր Արևելքում Amazon-ի բոլոր տվյալների կենտրոնների ոչնչացումը, ցանցում գլոբալ խափանում տեղի չի ունենա, քանի որ ենթակառուցվածքը բաշխված է տասնյակ տարածաշրջաններում, և ծանրաբեռնվածությունն ավտոմատ կերպով վերաբաշխվում է դրանց միջև»,- պարզաբանել է Նիկիտա Բուտրիմովը:
Ազդեցությունը սովորական օգտատերերի վրա
Փորձագետն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի իրադարձությունները չեն ազդի ինտերնետի աշխատանքի վրա այն երկրներում, որոնք օգտագործում են եվրոպական (Ֆրանկֆուրտ, Իռլանդիա, Լոնդոն) կամ տեղական սերվերներ: Սովորական օգտատերերի համար (սոցցանցեր, ստրիմինգային ծառայություններ, օնլայն բանկինգ) նույնպես խափանումներ չեն սպասվում. տրաֆիկն ավտոմատ վերաուղղորդվում է այնտեղ, որտեղ կան ազատ հզորություններ:
Կարճ ասած
ԱՄԷ-ում և Բահրեյնում AWS տվյալների կենտրոնների վնասումը իրանական հարձակումներից առաջացրել է միայն լոկալ խափանումներ. ինտերնետի գլոբալ անջատում չի լինի: Amazon-ի ենթակառուցվածքը բաշխված է աշխարհի 39 տարածաշրջաններում, և ծանրաբեռնվածությունն ավտոմատ կերպով վերաբաշխվում է: Cloud.ru-ի փորձագետ Նիկիտա Բուտրիմովը հաստատել է՝ նույնիսկ մերձավորարևելյան կենտրոնների լիակատար ոչնչացումը չի կանգնեցնի ցանցը:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում