Ինչպե՞ս արտահանել WhatsApp-ի չատերն ու մեդիաֆայլերը՝ ոչինչ չկորցնելու համար

7 հունվարի, 2026  16:40

Տարիների ընթացքում WhatsApp-ում կուտակված նամակագրությունները, լուսանկարները, տեսանյութերն ու փաստաթղթերը հաճախ արժեքավոր արխիվ են ներկայացնում։ Ի՞նչ կարելի է անել դրանք չկորցնելու համար։ Բարեբախտաբար, մեսենջերն ունի ներկառուցված գործիքներ արտահանման (export) համար, որոնք աշխատում են առանց կողմնակի ծրագրերի և ռիսկերի։ Ներկայացնում ենք, թե ինչպես և ինչ է պետք անել։

Ի՞նչ կարելի է ներբեռնել WhatsApp-ից

Պաշտոնական գործառույթները թույլ են տալիս պահպանել գրեթե ամեն ինչ.

տեքստային նամակագրությունները անհատական և խմբային չատերից, մեդիաֆայլերը՝ լուսանկարներ, տեսանյութեր, փաստաթղթեր և ձայնային հաղորդագրություններ, հավելվածի ամբողջական պահուստային պատճենը (WhatsApp-ի ներսում վերականգնելու համար)։

Արտահանումն անվտանգ է. ամեն ինչ կատարվում է պաշտոնական հավելվածի միջոցով՝ առանց կասկածելի ծրագրեր տեղադրելու։

Ինչպե՞ս արտահանել առանձին չատ

Նամակագրությունը ներբեռնվում է տեքստային ձևաչափով (.txt), իսկ մեդիաֆայլերը՝ սկզբնական որակով։

iPhone-ի դեպքում.

Մտեք «Settings» → «Chats» → «Export Chat»։ Ցուցակից ընտրեք անհրաժեշտ չատը։ Նշեք՝ ներառե՞լ մեդիաֆայլերը, թե՞ ոչ։ Ուղարկեք ֆայլը էլեկտրոնային փոստով, Telegram-ով կամ AirDrop-ի միջոցով։

Android-ի դեպքում.

Բացեք չատը, սեղմեք վերևի երեք կետերը → «More» → «Export chat»։ Ընտրեք՝ մեդիաֆայլերով, թե առանց դրանց։ Ստացեք ZIP արխիվը և ուղարկեք այնտեղ, որտեղ ձեզ հարմար է՝ էլփոստին, Google Drive-ին կամ մեկ այլ մեսենջերին։

Կարևոր է. iOS-ում հնարավոր է արտահանել միայն մեկ չատ միաժամանակ։ Մեդիաֆայլերով արտահանելիս հաշվի առեք էլփոստի ծառայությունների սահմանափակումները ֆայլի չափսի վերաբերյալ։

Ինչպե՞ս պահպանել լուսանկարներն ու տեսանյութերը

Ամենապարզ ձևը պատկերասրահում (gallery) մեդիաֆայլերի ավտոմատ պահպանումը միացնելն է։

iPhone-ում. «Settings» → «Chats» → միացրեք «Save to Photos»։ Android-ում. «Settings» → «Chats» → ակտիվացրեք «Media visibility»։

Եթե պետք է տեղափոխել ձեռքով.

Android-ում ֆայլային մենեջերի միջոցով գտեք WhatsApp/Media (Images, Video, Audio) թղթապանակները և պատճենեք դրանք ամպային տիրույթ կամ համակարգչի մեջ։ WhatsApp Desktop կամ Web տարբերակում ֆայլերը ներբեռնեք հերթով՝ բացելով մեդիաֆայլը և սեղմելով «Download»։

Ամբողջ հաշվի պահուստային պատճենում (Backup)

Ամբողջական պատճենը ներառում է ամեն ինչ, սակայն այն հնարավոր չէ բացել հավելվածից դուրս. այն նախատեսված է միայն վերականգնման համար։

iPhone-ում. «Settings» → «Chats» → «Chat Backup» → «Back Up Now» (պահվում է iCloud-ում)։ Android-ում. «Settings» → «Chats» → «Chat Backup» → «Back Up» (պահվում է Google Drive-ում)։

Ի դեպ, Android-ից iPhone անցնելիս օգտագործեք պաշտոնական «Move to iOS» հավելվածը. այն կտեղափոխի չատերը, մեդիաֆայլերն ու խմբերը (բայց ոչ զանգերի պատմությունը)։

Կարճ ասած

WhatsApp-ը թույլ է տալիս անվտանգ արտահանել առանձին չատեր՝ մեդիաֆայլերով հանդերձ, ավտոմատ պահպանել լուսանկարներն ու տեսանյութերը պատկերասրահում կամ ստեղծել ամբողջական պահուստային պատճեն ամպային տիրույթում։ iOS-ում գործընթացը մի փոքր ավելի բարդ է (մեկական չատ), Android-ում՝ ավելի հարմար։ Ամեն ինչ կատարվում է պաշտոնական հավելվածի ներսում՝ առանց վիրուսների ռիսկի։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում