Գիտությունը որպես հնարավորությունների շարժիչ. Հայաստանը բացում է «երրորդ հորիզոնը»

26 դեկտեմբերի, 2025  14:51

Գիտությունը բոլոր ժամանակներում եղել է պետության զարգացման առանցքային գործոններից մեկը. այն ձևավորում է երկրի մտավոր ներուժը, տեխնոլոգիական հնարավորություններն ու մրցունակությունն աշխարհում։ Այսօր, գլոբալ արագընթաց փոփոխությունների պայմաններում, հատկապես կարևոր է հասկանալ, թե ինչ վիճակում են Հայաստանում տարբեր գիտական ուղղությունները, դրանց զարգասման դինամիկան ու աճի հիմնական ներուժը։

Ինչպիսի՞ն է գիտության զարգացման ընդհանուր մակարդակը Հայաստանում այսօր, ի՞նչ խնդիրների է բախվում ոլորտը և ի՞նչ է փոխվել վերջին տարիներին։ Այս և այլ հարցերի մասին «Բա իմացա՞ր» հաղորդման շրջանակում խոսել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանում PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանը։

Մեկուսացումից դեպի էկոհամակարգ. ի՞նչն է խանգարում գիտության զարգացմանը

Բագրատ Ենգիբարյանը կարծում է, որ Հայաստանում գիտության գլխավոր խնդիրը դրա մեկուսացվածությունն է։ «Գիտությունը չի կարող զարգանալ ինքն իրեն. այն պետք է լինի էկոհամակարգի մաս»,— նշում է նա՝ հավելելով, որ խնդիրների բազմազանությունն ու ինստիտուտների փոխգործակցությունը արագացնում են զարգացումը։

Ըստ նրա՝ անկախությունից հետո Հայաստանը փորձում է մուտք գործել գլոբալ գիտական «ակումբներ», սակայն դրա համար անհրաժեշտ են կայուն դպրոցներ և համագործակցություն։ Նա նաև շեշտում է գիտության համար հարկային, մաքսային և վարչարարական արգելքների վերացման անհրաժեշտությունը, իսկ ֆինանսավորումը պետք է աջակցի գիտնականի ողջ ուղուն՝ ասպիրանտուրայից մինչև հետազոտություններ և հրապարակումներ։

Ենգիբարյանն առանձնացնում է մասնավոր ֆինանսավորման և անդրազգային կազմակերպությունների դերը։ Որպես օրինակ նա նշում է PMI Science-ը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ գործող կազմակերպությունները չեն կարող մրցունակ մնալ առանց գիտության զարգացման։

Գիտությունը որպես ռազմավարական ռեսուրս. ինչո՞ւ են կորպորացիաները ներդրում անում հետազոտություններում

Գուրգեն Մարդոյանը պարզաբանում է, որ խոշոր կորպորացիաների համար գիտության զարգացումն այլընտրանք չունի։ «Եթե ընկերությունը ցանկանում է մնալ ինդուստրիայում 5, 10 կամ 20 տարի անց, հետազոտական աշխատանքը այլընտրանք չունի»,— փաստում է նա։

Նրա խոսքով՝ խոշոր կորպորացիաները հետևում են ստարտափներին և գիտական խմբերին ողջ աշխարհում. նրանք ֆինանսավորում են այն հետազոտությունները, որոնք կարող են կիրառվել ընկերության ներսում։ Մարդոյանը կարծում է, որ նույն ռազմավարությունը պետք է կիրառեն նաև տեղական հայկական կազմակերպությունները։ Եթե նոր գիտական մշակումներ ներդնելու ձգտումը գա Հայաստանի մասնավոր հատվածից, դա կստեղծի մրցակցային առավելություն և թույլ կտա բնականոն կերպով ինտեգրել գիտությունն ու արդյունաբերությունը։

PMI Science-ում կիրառվում է Horizon 3 ռազմավարությունը՝ հետազոտական աշխատանքը երկարաժամկետ հեռանկարում կառուցելու համար։ Սա օգնում է միավորել գիտական հետազոտություններն ու ինդուստրիալ կարիքները՝ ստեղծելով արժեք թե՛ ընկերության, թե՛ գիտական էկոհամակարգի համար։

Գիտությունը «իջնում է» դեպի ստարտափներ

Ենգիբարյանը նկատում է, որ այսօր գիտությունը խոշոր կազմակերպություններից սկսում է ակտիվորեն «իջնել» դեպի փոքր ընկերություններ։ Նույնիսկ ստարտափների էկոհամակարգը չի կարող զարգանալ առանց գիտական հենքի։ «Պարզ լուծումներով այլևս հնարավոր չէ ներդրումներ ներգրավել կամ աշխարհը նվաճել»,— բացատրում է նա։

Նա PMI Science-ը համարում է բացառիկ կազմակերպություններից մեկը, որն աջակցում է գիտական էկոհամակարգի ձևավորմանը ոչ միայն կորպորացիայի ներսում, այլև երկրի մակարդակով։

Մագիստրատուրայից մինչև բարդ գիտական նախագծեր

Գուրգեն Մարդոյանի խոսքով՝ 2018 թվականից PMI Science-ը ակտիվորեն աշխատում է Հայաստանի գիտական կազմակերպությունների և համալսարանների միավորման ուղղությամբ։ «Մենք հասկացանք, որ խոշոր նախագծերի վրա աշխատելու համար պետք է սկսել ավելի պարզերից, իսկ դրա համար՝ ներդրումներ անել մագիստրատուրայում»,— պարզաբանում է նա։

Այս ճանապարհին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ ստեղծվեցին ֆակուլտատիվ ծրագրեր, ֆինանսավորվեցին գիտական խմբեր, PhD ուսանողներ և պոստդոկտորանտներ։ Այսօր արդեն գործում են երկու մագիստրոսական ծրագրեր, այդ թվում՝ համատեղ ֆինանսավորվող մագիստրատուրան ավիատիեզերական ճարտարագիտության ոլորտում։

Մարդոյանը գիտական զարգացումը նմանեցնում է պտղատու ծառեր աճեցնելուն. որպեսզի 9-րդ կամ 10-րդ տարում բերք ստանաս, պետք է տարիներ շարունակ հողը մշակել և պարարտացնել։

Հայաստանը բացվում է համաշխարհային գիտության համար

Բագրատ Ենգիբարյանը նշում է երկու առանցքային փոփոխություն, որ բերել է PMI Science-ի գործունեությունը։

Հայաստանի ներկայացումն աշխարհին. Ի տարբերություն շատ տեխնոլոգիական ընկերությունների, որոնք կոմերցիոն շահերից ելնելով սահմանափակված են, PMI Science-ը Հայաստանը ներկայացնում է որպես գիտական հնարավորությունների հարթակ և միջազգային խմբերին հրավիրում աշխատել այստեղ։ Գիտական օջախների պահպանում. Կիրառվում է ֆինանսավորման այնպիսի մոդել, որ գիտնականը ստիպված չլինի լքել իր ինստիտուտը կամ ամբիոնը։ Լավագույն մասնագետներին չեն «կլանում» ինդուստրիայի մեջ, այլ թույլ են տալիս մնալ գիտական միջավայրում և կրթել նոր ասպիրանտների ու մագիստրանտների։

Սրանք Հայաստանում գիտության զարգացման և կայուն ենթակառուցվածքների ստեղծման ամենանշանակալի ձեռքբերումներից են։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում