Ucom-ը եւ Nokia-ն ստորագրել են Համագործակցության հուշագիր ինքնավար ցանցերի եւ 6G-ի համար արհեստական բանականության կիրառման ոլորտում։ Փաստաթուղթն ուղղված է ապագայի 6G տեխնոլոգիաների մշակմանը, հաջորդ սերնդի ցանցերում արհեստական բանականության ներդրմանը եւ մշակված հայեցակարգերի համատեղ դաշտային փորձարկումների անցկացմանը։Silicon Mountains 2025 գագաթնաժողովի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ իր տեսլականը:
Ճյուղն այլ ճանապարհ չունի՝ զարգանալուց եւ նորարարություններ ներդնելուց բացի
Յիրիկյանի խոսքով՝ հեռահաղորդակցության ոլորտի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է հավասարակշռություն հաստատել կարգավորման եւ ընկերությունների գործունեության ազատության միջեւ։ Նա նշել է, որ միշտ անհրաժեշտ են առողջ կարգավորումներ եւ քաղաքականություն, սակայն ոլորտում գործող ընկերությունները պետք է պահպանեն որոշակի ազատություն՝ ճկուն եւ արդյունավետ գործելու համար։ «Կարեւոր է, որ բիզնեսները կարողանան գործել առանց ավելորդ սահմանափակումների»,- ընդգծել է Յիրիկյանը։ «Այդ դեպքում ընկերություններն ազատ կլինեն ներդրումներ կատարելու հարցում, կներդնեն նոր լուծումներ եւ կզարգացնեն ոլորտն ամբողջությամբ»։
Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է անմասն մնա համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներից։ «Երբ աշխարհում նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս, մենք ուզում ենք, որ դրանք հայտնվեն նաեւ այստեղ։ Մենք չպետք է ժամանակ վատնենք անօգուտ կասկածների կամ երեւակայական խնդիրների վրա. սա շեղում է մեզ իրական աշխատանքից»,- նշել է նա։ Յիրիկյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացումը իր եւ իր թիմի համար ոչ միայն բիզնես խնդիր է, այլեւ ամենօրյա առաքելություն։ Նա համոզված է, որ հեռահաղորդակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք է, որը չունի այլ ուղի՝ ամենաառաջադեմ համաշխարհային տեխնոլոգիաները Հայաստանում մշտապես զարգացնելուց եւ ներդնելուց բացի։ «Մենք հավատում ենք նրան, ինչ անում ենք։ Ահա թե ինչու մենք ամեն օր աշխատանքի ենք գնում ոգեւորությամբ՝ ոլորտը զարգացնելու եւ Հայաստանը տեխնոլոգիական ապագայի մաս դարձնելու համար»,- նշել է նա։
Մենք ինքներս օգտարերեր ենք, ուստի պետք է ձգտենք ավելի լավ սերվիսի
Յիրիկյանը նշել է, որ օգտատերերի պահանջները եւ ակնկալիքները մշտապես աճում են, եւ դա տեխնոլոգիաների եւ շուկայի զարգացման բնական գործընթաց է։ «Ես ինքս օգտատեր եմ»,- ասում է նա։ «Միշտ կան ցանկություններ՝ որ ամեն ինչ լինի ավելի արագ, ավելի մատչելի, ավելի լավ։ Եվ որքան մենք մոտենում ենք այս սպասումներին, այնքան բարձր է դառնում նշաձողը։ Հետեւաբար, դա շարունակական գործընթաց է՝ անընդհատ աշխատանք, անընդհատ ներդրումներ եւ մեր բաժանորդների նկատմամբ մշտական հոգատարություն»։
Յիրիկյանի խոսքով՝ հաճախորդակենտրոն լինելը պետք է մնա գերակա խնդիր։ Ucom-ը, բացատրում է նա, ներդրումներ է կատարում ոչ միայն ենթակառուցվածքների, այլեւ ծառայությունների եւ հաճախորդների սպասարկման որակի զարգացման մեջ։ «Կարեւոր է, որ օգտատերերը ոչ միայն ստանան ծառայություն, այլեւ վայելեն այն։ Ահա թե ինչու մենք ներդրումներ ենք կատարում ծառայության մեջ՝ հաճախորդների փորձը բարելավելու համար, որպեսզի մեր բաժանորդները զգան տարբերությունը եւ բավականությամբ օգտվեն մեր ծառայություններից»,- ընդգծել է նա։ Ընկերության գործադիր տնօրենն ընդունում է, որ երբեմն խնդիրներ են առաջանում, բայց գլխավորը վերաբերմունքն է եւ անընդհատ կատարելագործվելու պատրաստակամությունը։
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք յուրաքանչյուր ցուցանիշի՝ տարեցտարի բարձրացնելով չափանիշները։ Այժմ մենք ներդրումներ ենք կատարում 5G-ում, իսկ հետո կանցնենք ավելի առաջադեմ ցանցերի։ «Պարզապես առաջ շարժվելուց բացի այլ ճանապարհ չկա», եզրափակել է Յիրիկյանը։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում