Երևանում աշխատանքն ավարտեց առաջատար համաշխարհային փորձագետներին և ոլորտի առաջնորդներին միավորած Silicon Mountains 2025 «Արհեստական բանականության անատոմիա» ֆորումը։ Մասնակիցները քննարկեցին արհեստական բանականության հրատապ հարցերը՝ հիմնական ալգորիթմներից մինչև նեյրոնային ցանցերի և մեծ տվյալների բարդություններ։ Ֆորումի ձևաչափը հնարավորություն էր ընձեռել հագեցած բիզնես ծրագիրը զուգակցել B2B հանդիպումների, ոլորտի առաջատարների հետ փորձի փոխանակման և անձնական խորհրդատվությունների հետ։
Գագաթնաժողովի բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Ես կարող եմ հիշատակել առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել և ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ և քաղաքականություններ մշակելու և ունենալու համար։ Կարծում եմ՝ այստեղ էլ պատասխանը նույն է։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն և էլի կրթություն»։ Փաշինյանը նշեց, որ տեխնոլոգիական ընկերություններն արդեն ակտիվորեն ներգրավված են դպրոցական կրթության զարգացման գործում՝ երկրում ապահովելով առանցքային պայմաններ կայուն աճի և անվտանգության համար:
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն ընդգծեց, որ ֆորումի նպատակը խելացի երկիր ստեղծելն է։ «Ֆորումը միավորում է տեխնոլոգիական առաջատարներին, պետական կառույցներին, միջազգային գործընկերներին, մասնավոր հատվածին և կրթական հաստատություններին մեկ ընդհանուր նպատակով՝ տեխնոլոգիաները հասանելի դարձնել յուրաքանչյուր համայնքի, դպրոցի և երիտասարդի համար»,- նշեց նա։ Մուսայելյանը միաժամանակ հիշեցրեց, որ 2024 թվականին միջոցառումներ են անցկացվել ոչ միայն Երևանում, այլև մարզերում՝ Շիրակում և Լոռիում՝ նպաստելով նորարարության տարածմանն ամբողջ երկրում։ Անցյալ տարվա ընթացքում, ընդգծեց Մուսայելյանը, գործարկվել է եզակի նախագիծ՝ արհեստական բանականության դասավանդումն ավագ դպրոցներում՝ STEP.ai-ը։
STEP.ai. Հայաստանի դպրոցականները սովորում են ստեղծել ապագան
STEP.ai ծրագիրը հայկական դպրոցի բարձրդասարանցիներին ծանոթացնում է արհեստական բանականության աշխարհին: Այսօր այն ընդգրկում է Հայաստանի 15 դպրոց՝ դեռահասների համար ճանապարհ բացելով դեպի տեխնոլոգիաները: Երեք տարվա ընթացքում աշակերտները խորասուզվում են արհեստական բանականության մեջ՝ սկսած հիմունքներից: 10-րդ դասարանում նրանք ծրագրավորում են սովորում համակարգիչները կառավարելու համար օգտագործվող Python լեզվով: 11-րդ դասարանում երեխաներն ուսումնասիրում են մեքենայական ուսուցում՝ օրինակ, մեքենաներին սովորեցնելով ճանաչել պատկերները: Արդեն 12-րդ դասարանում նրանք իրական ռոբոտներ են ստեղծում: Դասընթացներն անցկացվում են ինչպես դասարանում, այնպես էլ առցանց՝ արհեստական բանականության մասնագետների ղեկավարությամբ: Ձանձրալի քննությունների փոխարեն աշակերտները թիմեր են կազմում և արհեստական բանականություն օգնությամբ իրական խնդիրներ լուծում: Ծրագիրը ձգտում է Հայաստանը վերածել տեխնոլոգիական նորարարությունների կենտրոնի, որտեղ նոր մտահղացումներ են ծնվում:
Առաջատար փորձագետները և արհեստական բանականության վերաբերյալ նրանց տեսլականը
Ֆորումի մասնակիցները ծանոթացան առաջատար փորձագետների այն տեսակետներին, թե ինչպես են աշխատելու ալգորիթմները, ինչպես են սովորում նեյրոնային ցանցերը, ինչպես են կառուցվում տվյալների հոսքերը, և այդ գործընթացում ինչ դեր է խաղում մարդկային փորձը: Այս տարի Silicon Mountains-ը վերածվեց կուլիսներում արհեստական բանականության մեխանիզմների իրական ուսումնասիրության՝ արդարացնելով իր անվանումը՝ «Արհեստական բանականության անատոմիա»։
Բեմում ելույթ ունեցան համաշխարհային մակարդակի առաջատար փորձագետներ՝ յուրաքանչյուրն իր ուրույն տեսլականով։ Global High-Tech Award 2025-ի դափնեկիր Վինսենթ Ռոշը պատմեց ֆիզիկական բանականության առաջընթացի և Gen2 AI բաշխված ճարտարապետության կարևորության մասին, որտեղ edge-լուծումները լրացնում են տվյալների կենտրոնների (data center) համակարգերը։
Հյուսիսային Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի McKinsey-ի պատվավոր նախագահ Անդրե Անդոնյանը պատմեց գլոբալ տեխնոլոգիական զարգացման ռազմավարությունների մասին և թե ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում արդյունաբերությունները։ Flagship Pioneering-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը ներկայացրեց «գիտական գերբանականության» հայեցակարգը՝ համակարգ, որն ի վիճակի է միլիոնավոր գիտնականների միավորելու մեկ ցանցում՝ արագացնելով հայտնագործությունները բժշկագիտության, էներգետիկայի և նյութագիտության ոլորտներում։ Lila Labs նախագիծը, որի մասին խոսեց Նուբար Աֆեյանը, ցուցադրեց իրական գեներատիվ գիտությունը. արհեստական բանականությունը ստեղծեց գիտական վարկածներ, նախագծեց գիտափորձեր և մարդկանց համար անհասանելի ճշգրտությամբ տվյալներ վերլուծեց։
Alexandrea Winery-ի հիմնադիր, տեխնոլոգիական ձեռնարկատեր և գինեգործ Ադամ Կաբլանյանն ունկնդիրներին հաղորդակից դարձրեց գինեգործության մեջ արհեստական բանականության կիրառմանն առնչվող իր գործնական փորձին՝ ընդգծելով, որ տեխնոլոգիան օգնում է տերուարը վերլուծելուն և խաղողի այգիները կառավարելուն, սակայն չի փոխարինում բնության եզակիությանը: Կենտրոնական և Հարավային Եվրոպայի Nokia Mobile Networks-ի տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը պատմեց 6G-ի և արհեստական բանականությամբ աշխատող ինքնավար ցանցերի ապագայի մասին՝ ընդգծելով, որ հենց հիմա են դրվում բջջային կապի հաջորդ սերնդի հիմքերը և նորարարության համար հնարավորությունները։
Գործնական քայլեր. Ucom-ի և Nokia-ի գործընկերությունը
Ֆորումի կարևորագույն իրադարձություններից մեկը Ucom-ի և Nokia-ի միջև «Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով փոխըմբռնման հուշագրի ստորագրումն էր: Հուշագիրը ստորագրեցին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց. «Մենք հավատում ենք, որ Հայաստանի ապագան կառուցվում է այսօր: Nokia-ի հետ միասին մշակում ենք նորարարական լուծումներ՝ երկրի թվային փոխակերպումն արագացնելու և օգտատերերին առաջատար տեխնոլոգիաներ տրամադրելու համար»։
Nokia-ի ավագ փոխնախագահ Ռոլֆ Բերներն ընդգծեց, որ այս համագործակցությունը հնարավորություն է տալիս փորձարկելու նորարարությունները, ստեղծելու նոր բիզնես հնարավորություններ և ներդնելու մշակումներ՝ հիմնվելով Ucom-ի փորձի և ժամանակակից լաբորատոր տեխնոլոգիաների վրա։ Գործընկերության շրջանակում նախատեսվում է նոր ինքնուրույն ցանցային ճարտարապետությունների փորձարկում, համատեղ դաշտային փորձարկումներ և 6G ստանդարտներում առաջադեմ լուծումների ներդրում։
Ucom-ի ցանցերի արդիականացման շնորհիվ 2024 թվականին երկիրը ստացել է ամենալայնածավալ 5G ենթակառուցվածքը, որը ծածկում է բնակչության ավելի քան 91%-ը՝ ապահովելով արագ և հուսալի բջջային կապ։
Խորհրդանիշ և հեղինակություն. գագաթնաժողովի հատուկ տարբերանշանը
Գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ Silicon Mountains 2025-ին նվիրված հատուկ նամականիշով երկկողմանի բացիկի մարման արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը, «ՀայՓոստ»-ի գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսաելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսաելյանը:
Բացիկի առջևի մասում գագաթնաժողովի տարբերանշանն է, իսկ հակառակ կողմում՝ նախորդ ֆորումի լուսանկարը: Բացիկի դիզայնը մշակել է Դավիթ Դովլաթյանը, իսկ մարման բուն արարողությունն ընդգծեց ֆորումի նշանակությունը երկրի տեխնոլոգիական և մշակութային զարգացման համար:
Silicon Mountains 2025-ը վերստին ցույց տվեց, որ Հայաստանն ունակ է ոչ միայն տիրապետելու ապագայի տեխնոլոգիաներին, այլև՝ պայմաններ ստեղծելու համաշխարհային նորարարությունների համար: Ֆորումը միավորեց փորձագետների, բիզնեսների և պետական կառույցների՝ ցույց տալով՝ ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում արդյունաբերությունները, բացում նոր հնարավորություններ և արագացնում գիտական հայտնագործությունները:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում