Տնտեսական հնարավոր ճգնաժամի մտավախությունների ֆոնին միջազգային խոշոր ընկերություններն այս տարի կշարունակեն կրճատել իրենց անձնակազմը և նվազեցնել թափուր աշխատատեղերի թիվը։ Առաջիկա ամիսներին զանգվածային կրճատումներ են նախատեսվում Amazon-ում, Vimeo-ում, Twitter-ում և նույնիսկ McDonald's-ում։
Amazon-ում սպասվում են ընկերության պատմության մեջ ամենախոշոր կրճատումները․ աշխատանքից կազատվի ավելի քան 18,000 մարդ, թեև վերջերս հայտարարվել էր, թե նախատեսվում է կրճատել ընդամենը մոտ 10,000 աշխատող:
Լրատվամիջոցների տվյալներով՝ աշխատանքից կազատվեն Amazon Fresh և Amazon Go օֆլայն խանութների բազմաթիվ աշխատակիցներ, մեծ կրճատումներ են նախատեսվում նաև սարքերի մշակման բաժնում (ներառյալ բաժինը, որն զբաղվում է Alexa ձայնային օգնականով), ինչպես նաև HR ծառայությունում։ The Guardian-ի գնահատականներով՝ կկրճատվի ընկերության ողջ անձնակազմի առնվազն 6%-ը։
Հետաքրքիր է, որ ընկերության ներդրողները դրական են արձագանքել անձնակազմի կրճատման որոշմանը. նրանք վստահ են, որ դա դրական կազդի շահույթի վրա: Կրճատումների վերաբերյալ որոշման հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացել են գրեթե 2%-ով։
Չնայած վերջերս Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել էր, որ այլևս կրճատումներ չեն լինի, ընկերությունում կրճատումները շարունակվում են։ Ավելին, նախկին և ներկա աշխատակիցների խոսքով, ընկերությունը մարդկանց աշխատանքից ազատելիս չի վճարում խոստացված փոխհատուցումը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հունվարի սկզբից Twitter-ը կրճատում է Դուբլինում և Սինգապուրում գտնվող գրասենյակների անձնակազմին և ղեկավարությանը։ Համագործակցության դադարեցման մասին ծանուցումներ են ստացել շատ մոդերատորներ և այն թիմերի աշխատակիցները, որոնք ստուգում են, թե որքանով են հրապարակումները համապատասխանում ապատեղեկատվության վերաբերյալ սոցցանցի կանոններին և քաղաքականությանը, ինչպես նաև աշխատակիցները, որոնք զբաղվում են օգտատերերի և կազմակերպությունների գլոբալ հարցումներով և աշխատում պետական լրատվամիջոցների հրապարակումների հետ:
Twitter-ի որոշ նախկին աշխատակիցներ լրատվամիջոցներին հայտնել են, որ հունվարի սկզբի դրությամբ իրենք չեն ստացել վերջնահաշվարկները, թեև աշխատանքից ազատվելուց անցել է ավելի քան երկու ամիս։ Որոշ աշխատակիցներ ավելի քիչ են ստացել, քան նրանց խոստացել էր ղեկավարությունը։ Աշխատակիցներից մեկն էլ ասել է, որ ստացել է ընդամենը 1/3-ը այն գումարի, որն ընկերությունը պայմանագրով պարտավորված է վճարել։
Հետաքրքիր է, որ աշխատակիցների խոսքով, փոխհատուցման մասին ծանուցումներն ուղարկվել են այնպիսի ձևաչափով, որ դրանք հայտնվել են էլփոստի սպամի թղթապանակում, որպեսզի նախկին աշխատակիցները պատահաբար ջնջեն դրանք կամ պարզապես չնկատեն։
Vimeo վիդեոծառայությունը նախատեսում է կրճատել անձնակազմի գրեթե 11%-ը. ղեկավարությունը հույս ունի, որ տնտեսական խնդիրների և գնաճի պայմաններում դա կօգնի բարելավել ֆինանսական վիճակը։
Կրճատումների մասին աշխատակիցներին նամակով հայտնել է Vimeo-ի գործադիր տնօրեն Անջալի Սուդը: Նա նշել է, որ կրճատումները թույլ կտան ընկերությունը դարձնել ավելի կենտրոնացված և հաջողակ՝ անորոշ տնտեսական միջավայրում աշխատելով անհրաժեշտ կարգապահությամբ:
Սպասվող կրճատման մասին աշխատակիցները կզգուշացվեն նաև անձնական նամակներով, որից հետո կհրավիրվեն անհատական զրույցի իրենց անմիջական ղեկավարի և կադրերի բաժնի աշխատակցի հետ։
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, սրանք առաջին կրճատումները չեն այս ընկերությունում․ 2022 թ․ հուլիսին Vimeo-ում աշխատանքից ազատվել է աշխատակիցների 6%-ը։
Այս տարի կրճատումներ են նախատեսվում ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև շատ այլ ընկերություններում, այդ թվում՝ McDonald's ռեստորանների ցանցում։ Ընկերությունը պլանավորում է այս տարի կրճատել անձնակազմը, որպեսզի ծախսերը օպտիմալացնելու և բիզնեսի հետագա աճի նպատակով ներդրումների համար ռեսուրսներ ազատի։ Կրճատումների մասին աշխատակիցներին էլփոստով տեղեկացրել է գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկին։
Այսօր McDonald's-ում աշխատում է մոտ 200,000 մարդ, այդ աշխատակիցների երեք քառորդը, ըստ WSJ-ի, գտնվում է ԱՄՆ-ից դուրս:
ամիս
շաբաթ
օր