Հյուրանոցներ կառուցելը՝ առանց իմանալու, թե ով է լինելու դրանց օգտատերը, միլիոնների արժողությամբ սխալ է: «Կկառուցենք, հետո կորոշենք, թե ինչ անել դրա հետ»՝ այս տրամաբանությունը դեռևս հանդիպում է Հայաստանի դևելոփերական շրջանակներում: Սակայն հյուրանոցային բիզնեսում դա ճակատագրական է: Այս կարծիքը NEWS.am Tech-ի հետ զրույցում հայտնել է Սերգեյ Եգորովը՝ Wyndham Global Resources ընկերության նախագահ, հյուրընկալության ոլորտի փորձագետ, ով հյուրանոցային շուկային նայում է հազարավոր վերլուծությունների, տասնյակ երկրների և հարյուրավոր իրական դեպքերի բարձունքից: 2025 թվականի Երևանի Hospitality Investment Forum-ի շրջանակներում նա ժամանել է Երևան և կիսվել մեզ հետ այն գիտելիքներով, որոնք կարևոր են բոլոր նրանց համար, ովքեր ծրագրում են ներդրումներ անել, կառուցել կամ պարզապես ապրել ապագայում, որտեղ հյուրանոցները դառնում են ոչ թե շենքեր, այլ նոր մտածելակերպի հավաքակայաններ:
«Սա ամենամեծ սխալն է կամ ամենամեծ մոլորությունը: Ֆունկցիոնալությունը պետք է նախատեսվի ոչ թե շինարարության, այլ հայեցակարգի մշակման փուլում: Ի՞նչ է կառուցվում, ո՞վ է լինելու սպառողը: Հյուրանոցի կյանքի ցիկլը 40–50 տարի է: Պետք է անմիջապես պլանավորել, թե ինչպես է այն աշխատելու 10, 20, 30 տարի հետո», — նշել է մասնագետը:
Եգորովի խոսքով՝ առանց լոգիստիկայի ընկալման ճարտարապետությունը նախագիծ չէ, այլ գեղեցիկ պատրանք: Հաջողակ հյուրանոցը սկսվում է ոչ թե ճակատային մասից, այլ հոսքերից:
«Հյուրանոցը բնակության և այլ ծառայությունների արտադրության գործարան է: Իսկ եթե դա գործարան է, ապա պետք է լինի տեխնոլոգիա: Ցավոք, ճարտարապետները հաճախ չեն հասկանում, թե ինչպես է այն աշխատում, քանի որ երբեք չեն աշխատել հյուրանոցում: Պետք է 3–5 տարի աշխատել հյուրանոցում, որպեսզի հասկանալ, թե ինչպես են կազմակերպվում հոսքերը, լոգիստիկան, հյուրերի և անձնակազմի խաչմերուկները»:
Մյուս կողմից, նույնիսկ լավ մտածված հյուրանոցը կարող է ձախողվել սխալ կառավարման պատճառով: Հատկապես, եթե գործը վստահվում է ոչ պրոֆեսիոնալներին: Ըստ Եգորովի, սովորաբար, երբ հյուրանոցները կառավարում են հարազատները, արդյունավետությունը նվազում է:
«Կառուցել են հյուրանոց, բայց չգիտեն, թե ինչպես կառավարել այն: Վարձում են հարազատներին, ընկերներին… Արդյունավետությունը ընկնում է: Կառավարումը պետք է իրականացնեն պրոֆեսիոնալ ընկերություններ: Սա մեծ ներդրումներ են, ներդրումների վերադարձ, շահագործում՝ սրանով պետք է զբաղվեն փորձ ունեցող մարդիկ», — ասել է Եգորովը:
Այնուամենայնիվ, նա ընդունում է, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել հյուրանոցների կառուցման և կառավարման ընկալման մեջ: Առաջընթացը կա, և այն անհնար է չնկատել:
Կայունության հարցը, իր հերթին, այլևս չի ընկալվում որպես մարքեթինգային հնարք: Դա մրցակցային առավելության հիմքն է:
«Էներգաարդյունավետության բարձրացում, լույսի և ջեռուցման ավտոմատ անջատում, պլաստիկի վերամշակում, նյութերի կրկնակի օգտագործում՝ այս ամենն արդեն աշխատում է: Վերամշակված պլաստիկից, օրինակ, պատրաստում են անձնակազմի համար համազգեստ: Սա ոչ միայն «կանաչ» իմիջ է, այլև ծախսերի նվազեցում, ռեսուրսների կյանքի երկարացում», — նշել է փորձագետը:
Ավելին, էկոլոգիական սերտիֆիկատի առկայությունը միջազգային պատվերների և խոշոր կորպորացիաների համար «մուտքի տոմս» է. «Հաճախ հյուրը ընտրում է երկու օբյեկտների միջև և ընտրում է այն, որտեղ պահպանվում են ստանդարտները: Սա աշխատում է»:
Խոսելով այն մասին, թե ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաները փոխել հյուրանոցային բիզնեսը, մասնագետը նշել է, որ հյուրանոցների թվայնացումը և մարդկանց տեխնոլոգիաներով փոխարինելը արդեն իրականություն է. «Ռոբոտացումը միայն անձնակազմի կրճատման մասին չէ: Սա մարդու ազատագրում է: Փոխանակ սեղանի փշրանքներով սնվելու, նա կարող է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ, զարգացնել հոգևոր և մտավոր հմտություններ: Սա նվազեցնում է ծախսերը, վերացնում է մարդկային գործոնը սպասարկման մեջ, ինչը նշանակում է ավելի քիչ կոնֆլիկտներ, ավելի քիչ հոգնածություն, ավելի շատ հարմարավետություն հյուրի համար», — նշել է Սերգեյ Եգորովը:
«Հայաստանը, անկասկած, գլոբալ աշխարհի անբաժանելի մասն է: Այն ամենը, ինչ տեղի է ունենում միջազգային հյուրանոցային արդյունաբերությունում, այս կամ այն կերպ հասնում է այստեղ: Թերևս մի փոքր ավելի դանդաղ, բայց հասնում է: Գլխավորը՝ ճիշտ հարցեր բարձրացնել, խելամտորեն ներդնել տեխնոլոգիաներ և հասկանալ, որ դա ծախսեր չեն, այլ ներդրումներ կայունության մեջ»:
month
week
day