Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներով՝ Samsung ընկերությունը ակտիվորեն աշխատում է իր Galaxy Tab S սերիայի հաջորդ սերնդի ֆլագմանային պլանշետների, ինչպես նաև ավելի մատչելի մոդելի վրա։ Android Authority (AA) պարզել է, թե որ չիպսետի հիման վրա կաշխատեն սարքերի նոր սերիաները։
Հաղորդվում է, որ Samsung-ի ծրագրերից մեկի կոդային բազայում հայտնաբերվել են gts11 և gts11u նույնականացուցիչներով պլանշետների հիշատակումներ, որոնք, ենթադրաբար, վերաբերում են Galaxy Tab S11 և Galaxy Tab S11 Ultra մոդելներին։ Այս նույնականացուցիչների կողքին նկատվել է MT6991 համարը, որը համապատասխանում է MediaTek Dimensity 9400 բարձրարտադրողական պրոցեսորին։ Սա կարող է նշանակել, որ Samsung-ը նախատեսում է օգտագործել MediaTek-ի չիպերը իր հաջորդ սերնդի թոփային պլանշետներում, մինչդեռ սպասվող Galaxy Tab S10 (Plus և Ultra) սերիայի համար, ըստ առկա տվյալների, նախատեսված է Dimensity 9300 Plus: Ներկայիս արտահոսքերում առայժմ չկա Galaxy Tab S11 Plus մոդելի հիշատակում, սակայն դա չի բացառում, որ այն կհայտնվի ավելի ուշ։
Նույն աղբյուրները վկայում են Galaxy Tab S10 Lite (gts10lite) մոդելի մշակման մասին։ Այս պլանշետի համար նշված է S5e8835 չիպը, որը նույնականացվել է որպես Samsung Exynos 1380 5G: Այս պրոցեսորն արդեն օգտագործվել է Galaxy Tab S9 FE պլանշետում։ Սպասվում է, որ Galaxy Tab S10 Lite-ը հասանելի կլինի Wi-Fi և բջջային կապի աջակցությամբ տարբերակներով և կզբաղեցնի ավելի ցածր դիրք, քան ենթադրվող Galaxy Tab S10 FE և S10 FE Plus մոդելները, որոնք, ըստ լուրերի, կստանան ավելի հզոր Exynos 1580:
Samsung-ը առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել Galaxy Tab S11, Galaxy Tab S11 Ultra կամ Galaxy Tab S10 Lite թողարկման պլանների մասին տեղեկատվությունը։ Այս տվյալները հիմնված են կոդում հայտնաբերված տեղեկությունների վերլուծության վրա, և ամբողջական պատկերը ստանալու համար անհրաժեշտ կլինի սպասել պաշտոնական հայտարարությունների կամ նոր արտահոսքերի։
Առաջին անգամ Samsung-ը MediaTek-ի չիպեր օգտագործել է իր ֆլագմանային պլանշետներում 2024 թվականին. անցյալ տարի ընկերությունը թողարկել է Galaxy Tab S10+–ը և S10 Ultra–ն՝ հիմնված Dimensity 9300+-ի վրա:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում