Microsoft-ը խոստովանել է, որ ստեղծել է գովազդ՝ օգտագործելով գեներատիվ ԱԲ

28 ապրիլի, 2025  13:07

Microsoft-ը բացահայտել է, որ ստեղծել է մեկ րոպե տևողությամբ գովազդ իր Surface Pro և Surface Laptop սարքերի համար՝ օգտագործելով գեներատիվ ԱԲ: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այդ գովազդը թողարկվել է արդեն 3 ամիս առաջ, և ոչ ոք չի նկատել ԱԲ-ի մասնակցությունը:

Գովազդը, որը հայտնվել է YouTube-ում հունվարի 30-ին, ամբողջությամբ չէ ստեղծված ԱԲ-ով: Microsoft Design-ի բլոգում տեղադրված հոդվածում դիզայնի հաղորդակցման մենեջեր Ջեյ Թանը խոստովանում է, որ «ԱԲ-ի պատահական «հալյուցինացիաները» (սխալ պատկերներ) երբեմն դուրս էին գալիս», ինչը նշանակում է, որ ստեղծողները ստիպված են եղել ուղղել ԱԲ-ի արդյունքները և համատեղել իրական լուսանկարների հետ:

«Երբ որոշում էինք, թե գովազդի որ կադրերը պետք է ստեղծվեն ԱԲ-ի միջոցով, թիմը որոշեց, որ բարդ շարժումներ պարունակող տեսարանները (օրինակ՝ մոտիկից նկարահանված մատների շարժումները ստեղնաշարի վրա) պետք է նկարահանվեն իրականում: Մինչդեռ արագ փոխվող կամ սահմանափակ շարժում ունեցող տեսարանները հիանալի հնարավորություն էին գեներատիվ ԱԲ-ի հետ համատեղ աշխատելու համար»,— ասում է Թանը:

Microsoft-ը հստակ չի նշել, թե որ կադրերն են ստեղծվել ԱԲ-ի միջոցով, սակայն Թանը մանրամասնել է գործընթացը: AI գործիքներն օգտագործվել են սկզբում «համոզիչ սցենար, կադրային հերթականություն և նախագծային նյութեր» ստեղծելու համար: Այնուհետև Microsoft-ի թիմը օգտագործել է տեքստային հրահանգներ և օրինակներ՝ ստանալու համար պատկերներ, որոնք հետագայում մշակվել են տեսանյութերի գեներատորներով, ինչպիսիք են Hailuo-ն կամ Kling-ը:

«Մենք, հավանաբար, փորձել ենք հազարավոր տարբեր հրահանգներ՝ աստիճանաբար կատարելագործելով արդյունքը, մինչև ստացել ենք ցանկալին: Երբեք չի լինում «մեկ հրահանգ – և պատրաստ»»,— ասում է ստեղծագործական տնօրեն Սիսկո Մաքարթին: «Դա պահանջում է անհաշտ պայքար»: Սա կարող է թվալ ավելի շատ աշխատանք, բայց դիզայներ Բրայան Թաունսենդը գնահատում է, որ թիմը «հավանաբար խնայել է 90% ժամանակ և ծախսեր, որոնք սովորաբար պահանջվում են»:

Այս գործընթացը համահունչ է Microsoft-ի դիզայնի ղեկավար Ջոն Ֆրիդմանի վերջերս արված մեկնաբանություններին, որ ԱԲ-ն դառնալու է ստեղծագործական գործիքներից մեկը, այլ ոչ թե ամբողջությամբ փոխարինել ու է մարդկանց: Ինչպես ասում է Ֆրիդմանը. «Դիզայների աշխատանքը դառնում է այն, թե ինչպես խմբագրել ԱԲ-ի արդյունքները»:

Չնայած այն հանգամանքին, որ տեսանյութը առցանց է արդեն 3 ամիս, չկա որևէ ապացույց, որ մեկնաբանները նկատել են ԱԲ-ի մասնակցությունը: Գովազդը միայն YouTube-ում ունի 40,000 դիտում, և ոչ մի մեկնաբանություն չի նշում ԱԲ-ի օգտագործման մասին:

 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում