Հայկական Balchug Capital ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում Goldman Sachs բանկի ձեռքբերման գործարքի փակման մասին

25 ապրիլի, 2025  11:22

Հայկական «Balchug Capital» («Balchug») ընկերությունը հայտարարել է «Goldman Sachs Group»-ի կողմից վերահսկվող «OOO Goldman Sachs Bank» ռուսական բանկի ձեռքբերման գործարքի փակման (կայացման) մասին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ կողմերը կնքել էին առուվաճառքի պայմանագիր և ստացել պաշտոնական թույլտվություն։ 

Սա կարևոր ձեռքբերում է ներդրումներ իրականացնող և մոտ $2 մլրդ ընդհանուր ակտիվներ ունեցող հայկական «Balchug Capital» ընկերության համար:

Գործարքի պայմաններով «Balchug»-ը ձեռք կբերի բանկն իր լիցենզիայով։ Բանկը կշարունակի իր գործունեությունն այլ անվանումով:

Իր ներդրումային գործունեության շրջանակում և տեղական ու միջազգային կանոնակարգերին լիարժեք համապատասխանությամբ «Balchug»-ն աջակցում է միջազգային ներդրողներին, ովքեր որոշել են հեռանալ ռուսական շուկայից: «Balchug»-ն իրականացրել է նման բնույթի մի շարք խոշոր գործարքներ, այդ թվում՝ Ռուսաստանում առևտրային անշարժ գույքի երկու խոշոր ակտիվների՝ Սանկտ Պետերբուրգի A դասի ամենամեծ գրասենյակային շենքերից մեկի՝ Pulkovo Sky-ի, և Մոսկվայի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկի՝ Metropolis առևտրի կենտրոնի ձեռքբերումը:

«Ուրախ եմ, որ գործարքը փակվել է: Մենք սերտորեն աշխատել ենք բոլոր համապատասխան մարմինների հետ, որպեսզի ապահովենք գործարքի լիարժեք համապատասխանությունը տեղական և միջազգային բոլոր օրենքներին և պատժամիջոցների կանոնակարգերին: Բանկն առանցքային դեր կխաղա Balchug Capital-ի պորտֆելում և թույլ կտա իրականացնել մեր երկարաժամկետ ռազմավարությունը, որը որդեգրել ենք մեր գործունեության բոլոր տարածաշրջաններում», - ասել է Balchug Capital-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Ամարյանը։ 

David Amaryan.jpeg (30 KB)

Balchug Capital-ի մասին.

Ներդրումներ իրականացնող հայկական «Balchug Capital» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Դավիթ Ամարյանի կողմից, ով ընկերության գործադիր տնօրենն է և վերահսկում է ընկերության ներդրումային ամբողջ գործունեությունը: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում:

Հիշեցնենք, որ Goldman Sachs Group-ը ֆինանսական ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն է։ Հայասատնի պատմության մեջ երևի ամենանշանակալի գործարքներից է։

Ինչպես նախկինում հայտնել էին միջազգային և տեղական առաջատար ֆինանսական մեդիաներն ու լրատվական գործակալությունները, «Goldman Sachs Group»-ը և հայկական «Balchug Capital» ՓԲԸ-ն կնքել էին առուվաճառքի պայմանագիր և ստացել պաշտոնական թույլտվություն։ Նշենք, որ ՌԴ Նախագահի կողմից պաշտոնական թույլտվություն ստանալը Ռուսաստանում նման գործարքների դեպքում 2022 թվականից ՌԴ Նախագահի հրամանագրով գործող պարտադիր պահանջ է։


 
 
 
 
  • Archive