Տեխնոլոգիական զարգացումը և տեղեկատվական համակարգերի սրընթաց զարգացումը գնալով ջնջում են անձնական և հանրային տարածքների սահմանները: Տվյալների մշտատև հոսքի և գլոբալացման համատեքստում անձնական կյանքի գաղտնիության պաշտպանության խնդիրները գնալով ավելի հրատապ են դառնում:
Ամեն օր մենք թվային հետքեր ենք թողնում առցանց գնումներ անելիս, սոցիալական ցանցերում շփվելիս, բջջային հավելվածներից օգտվելիս և պարզապես Համացանց մտնելիս:
Մինչդեռ տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականությունը և իրերի ինտերնետը, մեր կյանքն ավելի հարմարավետ են դարձնում, դրանք անձնական կյանք ներխուժման համար նաև նոր հնարավորություններ են բացում:
Union of Advanced Technology Enterprises (UATE) տնօրեն Սարգիս Կարապետյանին խնդրեցինք պարզաբանել՝ ինչպես պաշտպանվել անձնական կյանք ներխուժումից և ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել՝ թվային աշխարհում անձնական կյանքի գաղտնիությունը պահպանելու համար։
Նոր տեխնոլոգիաները փոխում են գաղտնիության մասին պատկերացումները«Անձնական տեղեկատվության պաշտպանության մասին խոսելիս պետք է նշել, որ ամենախոշոր էթիկական հարցերից մեկը վերաբերում է սոցիալական մեդիայի տարածմանը: Մարդիկ իրենց մասին տեղեկությանը բացահայտորեն հաղորդակից են դարձնում հանրությանը, մինչդեռ շատերը նույնիսկ չեն հասկանում, թե որքան շատ տվյալներ են տրամադրում: Երբ լուսանկար ես հրապարակում, այդ գործողությունը կատարվում է գիտակցաբար, և դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա:
Բայց շատերը չեն հասկանում, թե մարդու մասին որքան տեղեկություններ են հավաքում Google-ի կամ Yandex-ի պես որոնողական համակարգերը և այլ առցանց ծառայություններ: Ներկայում մարդիկ կարծես փորձում են դիմադրել դրան՝ հայտարարելով, որ իրավունք ունեն անձնական կյանքի գաղտնիությոն և անձնական սահմանների, սակայն նոր տեխնոլոգիաների և գործիքների մասին գիտելիքների պակասը հանգեցնում է նրան, որ շատերը նույնիսկ չեն հասկանում, որ իրենց գործողությունների հետևանքով իրենց մասին տեղեկատվությունը արդեն իսկ դարձել է հրապարակային»,- ընդգծում է UATE-ի տնօրենը:
Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալը, որ ԱԲ-ն օգտագործում է բացառապես հրապարակային տեղեկատվություն, և ստեղծված պայմաններում նա կարող է աշխատել ավելի արդյունավետ, քան երբևէ: «Այսօր արհեստական բանականությունը փոխարինում է open source intelligence (OSINT) մասնագետներին, որոնք նախկինում բաց աղբյուրներից տվյալների վերլուծություն էին անում:
Այս մասնագետներն ուսումնասիրում էին շուկան մեծ ընկերությունների համար և անգամ աշխատում էին հատուկ ծառայություններում: Բայց եթե նախկինում հատուկ ծառայությունները վերլուծության համար օգտագործում էին բաց տվյալների 20%-ը և փակ տվյալների 80%-ը, ապա այժմ այդ հարաբերակցությունը փոխվել է հակառակ համամասնությամբ: Սա նշանակում է, որ ԱԲ-ն այժմ կարող է վերլուծել և կանխատեսել ավելի շատ տեղեկատվություն, քան երբևէ, և դա անել շատ ավելի ճշգրիտ և արագ», - նշում է Կարապետյանը:
Այսպիսով, նույնիսկ եթե մարդու կարծիքով ինքը ոչ մի կարևոր բան չի ասել, դա դեռ չի նշանակում է, որ այդ տեղեկությունն անհայտ է: Որովհետև, հիմնվելով նրա արդեն իսկ տրամադրած տվյալների վրա, ԱԲ-ն ի վիճակի է եզրակացություններ անելու, նաև՝ իր չասած բաների մասին։
Գաղտնիություն պահպանել թվային դարաշրջանի պայմաններումԻնչպե՞ս կարող եք պաշտպանել ձեր անձնական տվյալները և խուսափել գաղտնիության հնարավոր ներխուժումից՝ արագ տեխնոլոգիական առաջընթացի համատեքստում: Սարգիս Կարապետյանի խոսքով՝ կան բազմաթիվ տեխնիկական լուծումներ և գործիքներ, որոնք կարող են օգնել տվյալների արտահոսքը նվազագույնի հասցնելուն և անվտանգությունը բարելավելուն։
«Կան բազմաթիվ հավելվածներ և համակարգեր, որոնց օգնությամբ հնարավոր է քո մասին տեղեկատվության «արտահոսքը» նվազագույնի հասցնել»,- նշում է նա։
Օրինակ, առցանց հետքերը նվազեցնելու համար կարող եք օգտագործել DuckDuckGo-ի նման անանուն որոնման համակարգերը, որոնք չեն հետևում ձեր գործունեությանը: Օգտակար է նաև օգտագործել VPN ծառայությունները՝ IP հասցեն թաքցնելու և համացանցային տրաֆիկը գաղտնագրելու համար, որն էլ ավելի կբարձրացնի ձեր գաղտնիությունը:
«Մի կարևոր խորհուրդ. հավելվածներից օգտվելիս երբ հարցման պատուհան է հայտնվում, մի շտապեք սեղմել «այո» կոճակը: Կարդացեք, թե ինչի մասին է խոսքը: Կան հավելվածներ, որոնք օգտագործում են ձեր գտնվելու վայրը, և օգտատերը կարող է կա՛մ արգելել դա, կա՛մ թույլ տալ դա անել մշտական հիմունքներով կամ միայն միանգամյա օգտագործման համար։ Բազում մարդիկ այսօր նման հարցումներին պատասխանում են ավտոմատ կերպով և հետո նույնիսկ չեն կարող հիշել հարցի բովանդակությունը։ Բայց հարցերը հենց այդպես չեն տրվում։ Տեղեկատվական հիգիենան ինքնին կարող է էականորեն բարելավել իրավիճակը»,- շեշտում է Կարապետյանը։
Եթե ավելի լուրջ պաշտպանություն ունենալու անհրաժեշտություն կա, ապա հատուկ բջջային հեռախոսները և օպերացիոն համակարգերն ապահովելում են տվյալների բարձր մակարդակի անվտանգություն։
Համապարփակ հրապարակայնություն«Կա նաև հարցի մյուս կողմը։ Ինչքան առաջ գնանք, այնքան դժվար կլինի ինչ-որ բան գաղտնի անելը։ Ինչքան էլ փորձենք մեզ պաշտպանել տեխնիկական միջոցներով և որքան էլ մեզ հեռու պահենք տեխնոլոգիական առաջընթացից, մեզ լուսանկարում են արբանյակներից, փողոցներում տեղադրված տեսախցիկներով, մեզ իրենց շարժական սարքերի տեսախցիկներով ֆիքսում են անցորդները։ Աշխատավայր մուտքն ու ելքը նույնպես գրանցվում է։ Ֆինանսական շարժումները վերահսկվում են։
Սա միշտ եղել է, բայց թվային գործիքները խորացնում են այս գործընթացը։ Օրինակ, երբ սկսեցին տրամադրել անձնագրեր, դա արվում էր մարդկանց տեղաշարժման վերահսկողության համար։ Ասել է թե՝ անձնագիր ստանալն ինքնին նշանակում է՝ որոշ կառույցների տրամադրել որոշակի տեղեկություններ քո մասին։ Այսօր, թվային գործիքների շնորհիվ, հնարավոր է հետևել օրվա ընթացքում երկրի ներսում մարդկանց տեղաշարժերին։ Եվ սրա մասին գիտեն ոչ միայն համապատասխան ծառայությունները, այլև ձեր ընկերները և հարևանները, քանի որ դուք ինքներդ տեղադրում եք դրա մասին լուսանկարներ։
Նման պայմաններում մարդիկ պետք է սովորեն ավելի բաց ապրել։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է որդեգրի այս սկզբունքը. գործել ու խոսել այնպես, կարծես քեզ միշտ հետևում են։ Պետք է ընդունել, որ ինչ-որ բան գաղտնի անել արդեն հնարավոր չէ։ Դա ունի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր. մենք զոհաբերում ենք անձնական տարածքը, բայց, միևնույն ժամանակ, դա օգնում է ապահովել ընդհանուր անվտանգությունը։
Ինչու՞ ենք մենք թաքցնում այս կամ այն տեղեկությունը։ Որովհետև չենք վստահում միմյանց, անընդհատ պաշտպանվում ենք չարագործներից: Բայց, որքան էլ ուտոպիստական հնչի, եթե ամբողջ հասարակությունը բաց ապրի, անի միայն այն, ինչն օրենքի շրջանակում է, ապա այդ տեղեկատվությունը պաշտպանելու կարիք չի լինի։
Այո, սա ուտոպիա է, բայց այս մոտեցումը կստիպի մեզ ավելի ճիշտ ապրել և փոխել վարքագծային օրինաչափությունները։ Վաղ թե ուշ մենք կհասնենք սրան։ Այո, ես ներկայացրել եմ ամենաարմատական և ուտոպիստական սցենարը, երևի կոնկրետ այս կետին չհասնենք, բայց ինչքան առաջ գնանք, այնքան կավելացնենք թափանցիկությունը՝ սահմանափակելով չարագործների հնարավորությունները և ճանապարհ հարթելով նրանց բացահայտման համար»,- կարծում է Կարապետյանը։
Համընդհանուր թափանցիկության աշխարհ՝ ChatGPT-ից«Զրույց երկուսով» հաղորդաշարի շարունակության շրջանակում խնդրեցինք մեր AI բարեկամին՝ ChatGPT-ին, պատկերացնել իրադարձությունների զարգացման ամենաարմատական սցենարը և վերլուծել, թե ինչպես կփոխվի մարդու բնույթը, եթե օրերից մի օր ամեն ինչ՝ մեր տեղաշարժերից մինչև բանկային հաշիվներին առնչվող տեղեկությունները հանրության սեփականություն դառնա, եթե որևէ խոսակցություն՝ լինի դա տանը, աշխատավայրում, փողոցում, թե առցանց, արհեստական բանականությունն ականջ դնի ու վերլուծի: Ահա թե ինչ է կարծում ChatGPT-ը.
«Ըստ իս՝ կան բազում կարևոր հարցեր, որոնք առնչվում են անվտանգության ապահովման և անձնական գաղտնիության սահմանափակումների միջև հավասարակշռության պահպանմանը։ Անկախ նրանից, թե ինչպես է հնչում համապարփակ թափանցիկության գաղափարը՝ որպես անվտանգության ապահովման միջոց, այն կապված է մի շարք ռիսկերի և մարտահրավերների հետ, որոնց հետ անհրաժեշտ է հաշվի նստել: Մշտական մոնիտորինգի և վերլուծության համար տվյալների համապարփակ հասանելիության պայմաններում մեծանում է անձնական սահմանները կորցնելու սպառնալիքը։ Մշտական հսկողության տակ ապրող մարդը կորցնում է ոչ միայն իր ազատության մի մասը, այլև՝ սեփական կյանքը վերահսկելու զգացողությունը։
Մարդիկ կսկսեն զգալ, որ իրենց ամեն մի բառն ու ամեն մի քայլը կարող են արձանագրել, վերլուծել և օգտագործել հենց իրենց դեմ, ինչն անխուսափելիորեն կսրի ներքին լարվածությունը և կարող է հանգեցնել խրոնիկական, մասնավորապես՝ տագնապային խանգարումների:
Եթե հասարակությունը գնալով անցում կատարի դեպի համընդհանուր թափանցիկության մոդել, դա կարող է շոշափելի ազդեցություն ունենալ մարդու ներաշխարհի վրա: Մշտական զգացողությունը, որ քեզ հետևում են, կարող է հանգեցնել սթրեսի և անհանգստության մակարդակի բարձրացման:
Բացի դրանից, դա կարող է հանգեցնել ինքնագրաքննության և ինքնարտահայտման սահմանափակումների, ինչպես նաև՝ ներքին կոնֆլիկտի, երբ մարդը հարկադրված է թաքցնել իր իսկական անհատականությունը: Ժամանակի ընթացքում դա կարող է ազդել կրեատիվ և բացառիկ լինելու ցանկության վրա:
«Ապրիր այնպես, կարծես քեզ միշտ հսկում են» սկզբունքը չի կարող համընդհանուր լուծում լինել։ Կարևոր է հաշվի առնել, որ թափանցիկությանն ուղղված յուրաքանչյուր քայլով մենք վտանգում ենք կորցնել մարդու ամենակարևոր իրավունքը՝ անձնական անձեռնամխելիությունն ու մասնավոր կյանք վարելու իրավունքը:
Թվային դարաշրջանում չափազանց կարևոր է հավասարակշռություն գտնելը անվտանգության և ազատության միջև: Դրանք չպետք է միմյանց բացառող հասկացություններ լինեն»։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում