ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերը կհանգեցնեն iPhone-ի գների զգալի աճի, հայտնում է Reuters-ը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ Apple-ի հայտնի սմարթֆոնի արժեքը կարող է հասնել $2300-ի՝ ներմուծվող ապրանքների վրա սահմանված լայնածավալ մաքսատուրքերի պատճառով, որոնք հատկապես կազդեն Չինաստանից եկող արտադրանքի վրա:
Rosenblatt Securities-ի տվյալներով՝ iPhone 16-ի բազային մոդելը, որը ներկայումս ԱՄՆ-ում վաճառվում է $800-ով (մոտ 67 հազար ռուբլի), կարող է թանկանալ 43%-ով՝ հասնելով $1142-ի (մոտ 96,3 հազար ռուբլի): Ավելի նկատելի կլինի գների աճը պրեմիում մոդելների դեպքում. օրինակ՝ 1 ՏԲ հիշողությամբ iPhone 16 Pro Max-ը, որի ներկայիս արժեքը $1600 է (մոտ 135 հազար ռուբլի), կարող է հասնել $2300-ի (մոտ 194 հազար ռուբլի): Գների այս կտրուկ աճի պատճառը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա սահմանված 54% մաքսատուրքերն են, որտեղ կենտրոնացած է iPhone-ի արտադրությունը:
Rosenblatt Securities-ի վերլուծաբան Բարտոն Կրոքեթը ընդգծել է, որ նոր մաքսատուրքերը խախտում են շուկայի սպասելիքները, համաձայն որոնց՝ Apple-ը կշարունակեր պահպանել իր նախկին գնային քաղաքականությունը: Ընկերությունը, որը տարեկան վաճառում է ավելի քան 220 միլիոն iPhone ամբողջ աշխարհում, ստիպված է վերանայել իր ռազմավարությունը հիմնական շուկաներում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում և Եվրոպայում: «Ներկայիս իրավիճակը Apple-ին դնում է բարդ կացության մեջ»,- նշել է Կրոքեթը:
Թրամփի վարչակազմը բարձր մաքսատուրքեր է սահմանել մի շարք երկրներից ներմուծման համար՝ 46% Վիետնամի, 34% Չինաստանի և 26% Հնդկաստանի համար: Սա Apple-ի և էլեկտրոնիկայի այլ արտադրողների համար ստեղծում է երկընտրանք՝ կա՛մ սեփական միջոցների հաշվին փոխհատուցել լրացուցիչ ծախսերը, ինչը կնվազեցնի շահույթը, կա՛մ բարձրացնել արտադրանքի գները՝ ծախսերը փոխանցելով սպառողներին: Թեև ընկերությունը դեռևս պաշտոնական որոշում չի հայտարարել, վերլուծաբանները կարծում են, որ գների բարձրացումն անխուսափելի է:
Այս լուրերի ֆոնին Apple-ի բաժնետոմսերն արդեն արձագանքել են 9,3% անկմամբ, ինչը 2020 թվականի մարտից ի վեր ամենամեծ անկումն է: Փորձագետները զգուշացնում են, որ Թրամփի քաղաքականության հետևանքով համաշխարհային առևտրում տեղի ունեցող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ ոչ միայն Apple-ի, այլև սպառողական էլեկտրոնիկայի ամբողջ արդյունաբերության համար:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում