Թվային ակտիվների ազդեցությունը ֆինանսական համակարգի վրա գնալով ավելի հրատապ թեմա է դառնում՝ տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների հետնապատկերում:
Վերջին տարիներին աշխարհը ականատես է լինում բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների սրընթաց զարգացում, ինչը կասկածի տակ է դնում ավանդական ֆինանսական մոդելներն ու ինստիտուտները։
Doing Digital Forum 2025-ում կրիպտոարժույթների և թվային ակտիվների համաշխարհային մակարդակի փորձագետ Հենրի Արսլանյանը ներկայացրեց թվային ակտիվների ազդեցության իր տեսլականը ֆինանսական լանդշաֆտի փոխակերպման վրա:
Կրիպտոարժույթների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն. պատժամիջոցներից՝ դեպի հնարավորություններԿրիպտոարժույթների նկատմամբ աշխարհի վերաբերմունքը սրընթաց զարգանում է: Դեռ վերջերս միջազգային ասպարեզում թվային ակտիվների մասին հիշատակումը կոշտ արձագանք էր առաջացնում։ ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը հանդես էին գալիս որպես դրանց հակառակորդներ, իսկ այն երկրները, որոնք համարձակվում էին բարձրաձայնել կրիպտոարժույթների մասին, լուրջ հետևանքների էին բախվում:
BIS-ի՝ կենտրոնական բանկերը համախմբող մարմնի կամ IOSCO-ի նման կարգավորող շրջանակների նիստերի ժամանակ նման գաղափարները արժանանում էին պատժամիջոցների: Երբ Խաղաղ օվկիանոսում ծպտված Մարշալյան կղզիներում մարդիկ երկչոտ ակնարկում էին կրիպտոարժույթների օգտագործման հնարավորության մասին, նրանց գլխին տեղնուտեսը կախվում էր SWIFT-ից անջատման սպառնալիքը: Սալվադորը նմանատիպ ճնշում զգաց, երբ առաջին անգամ սկսեց խոսել բիթքոյնի մասին:
Մինչդեռ այսօր, ինչպես նշեց Արսլանյանը, իրավիճակը փոխվում է: Աշխարհը նոր փուլ է թևակոխում, որտեղ նույնիսկ ավանդական ֆինանսական հսկաները, որոնց սնուցվում է հիմնականում Միացյալ Նահանգները, ստիպված են վերանայել իրենց դիրքորոշումները։
Դա անսպասելի հեռանկարներ է բացում պետությունների և հասարակությունների համար։
«Մեր առջև ծառացած հարցը հետևյալն է՝ ժամանակը չէ՞ մտածելու ասիմետրիկ օգուտների մասին, օրինակ՝ պետությունը չպե՞տք է գնի 10 միլիոն դոլար արժողությամբ բիթքոյններ»,- հարց է առաջ քաշում փորձագետը:
Նրա համոզմամբ՝ դա սոսկ մարքեթինգային հնարք չէ, այլ՝ համաշխարհային փոփոխությունների համատեքստում ռազմավարական առավելություն ստանալու հնարավորություն։
Ինստիտուցիոնալ խաղացողներ. նոր դարաշրջան՝ կրիպտո արդյունաբերության մեջԱրսլանյանն առանցքային տեղաշարժերից մեկը համարեց ինստիտուցիոնալ խաղացողների ներգրավումը։ Եթե յոթ-ութ տարի առաջ կրիպտոարժույթները կապված էին տեխնոլոգիական էնտուզիաստների և ստարտափների հետ, ապա այժմ «ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ շոուն վարում էին երեխաները»:
Խաղի մեջ են մտնում խոշոր ֆինանսական հաստատությունները՝ ներգրավված եկամտի նոր աղբյուրներով և հաճախորդների աճող պահանջարկով:
Հայաստանում, օրինակ, շատերն արդեն ակտիվորեն առևտուր են անում արտարժույթով, իսկ վերջերս ի հայտ եկած կանոնավորվող հստակությունն ուժեղացնում է այս միտումը:
«Բանկերի համար սա շահույթի նոր հորիզոններ բացելու հնարավորություն է»,- ընդգծում է Արսլանյանը՝ հավելելով, որ կայուն միջավայրում նման հնարավորությունները հատկապես նկատելի են դառնում։
Խոչընդոտներ ճանապարհին. բանկային հաշիվներից մինչև հանցավորության մասին առասպելներՍակայն կրիպտոարժույթների ինտեգրման ճանապարհն առանց խոչընդոտների չէ: Մեր օրերում թվային ակտիվների գործարքների համար բանկային հաշիվ բացելը գրեթե անհնարին խնդիր է։ Քիչ բանկեր են պատրաստ ժամանակ ներդնելու՝ այս շուկան ուսումնասիրելու համար:
Ընդդիմախոսները հաճախ հղում են անում ապօրինի գործողություններին, սակայն Ասլանյանը դա հերքում է թվերով։ «Անցյալ տարի 50 միլիարդ դոլարից պակաս ապօրինի միջոցներ են անցել կրիպտոարժույթով, մինչդեռ ավանդական համակարգը տարեկան լվանում է 800 միլիարդից մինչև 2 տրիլիոն դոլար»:
Ըստ նրա՝ կրիպտոաշխարհում կասկածելի գործարքների մասնաբաժինը 0,2%-ից պակաս է, իսկ բիթքոյնը հանցագործների համար ամենավատ ընտրությունն է, քանի որ յուրաքանչյուր գործարք թափանցիկ է և մշտադիտարկվում է։
Ռիսկեր և կարգավորում. կրիպտո տատիկներ և մեմքոյններՓորձագետը վստահ է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը քաջատեղյակ է կրիպտոարժույթների շրջանառության նրբություններից, ինչի մասին է վկայում նոր օրենսդրական կարգավորումը, որն ամրապնդում է Կենտրոնական բանկի և կառավարության դիրքորոշումը թվային արժույթների նկատմամբ։ «Նման կարգավորումը ցույց է տալիս երկրի պատրաստակամությունը՝ հարմարվելու ֆինանսական և աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին»,- կարծում է Արսլանյանը։
Ընդսմին, ռիսկերը մնում են: Հայաստանում Ասլանյանը կարևորեց «կրիպտո-տատիկների»՝ փոքր տաղավարներում վաճառք իրականացնողների խնդիրը, որոնք իրացնում են թվային ակտիվներ՝ առանց իրենց հաճախորդներին նույնականացնելու։
«Մենք որպես համայնք չենք մատնանշել այս թույլ օղակները, և դա հանգեցրել է կոշտ կանոնների սահմանման»,- շեշտում է փորձագետը՝ կրկին ողջունելով երկրի Կենտրոնական բանկի՝ թող որ ուշացած քայլերը կարգավորման ուղղությամբ»:
Մի այլ սպառնալիք է ցածր ֆինանսական գրագիտությունը, որը խթանում է մեմքոյնների ժողովրդականությունը:
Սթեյբլքոյններ. հեղափոխություն փոխանցումների համակարգում և դոլարացման մարտահրավերԹեման եզրափակելով՝ փորձագետը վեր հանեց կայուն արժույթներին առնչվող թվային ակտիվների խնդիրը:
Դրանց ծավալը 2020 թվականի 5 միլիարդից այսօր հասել է 200 միլիարդի, և Tether-ի պես ընկերությունները, որոնք ակտիվ են Վրաստանում, ֆենոմենալ շահութաբերություն են դրսևորում։
«Սթեյբլքոյնները փոխում են խաղի կանոնները՝ թույլ տալով կոպեկներով 24/7 ռեժիմով գումար ուղարկել աշխարհով մեկ»,- ընդգծում է Արսլանյանը՝ մատնանշելով դրանց դերը անկայուն արժույթներով տարածաշրջաններում դոլարի հասանելիության դեմոկրատացման գործում։ Ընդ որում, դա նաև արագացնում է դոլարացումը՝ մարտահրավերներ նետելով կենտրոնական բանկերին։
Հայաստանի հեռանկարներըԱսլանյանն անդրադարձավ նաև Հայաստանում տոկենիզացիայի ներուժին. «Եթե Հայաստանը պետական մակարդակով ընդունի բիթքոյնը որպես արժույթ և բիթքոյն ձեռք բերի որպես հնարավոր ներդրում, դա երկրի համար ասիմետրիկ արտոնություն կդառնա: Դա Հայաստանին առավելությունը կդառնա, հատկապես՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ընդգծում է նա։
Իրական աշխարհի ակտիվների տոկենիզացիան՝ կառույցներից մինչև գանձապետական պարտատոմսեր, արդեն թափ է հավաքում՝ խոստանալով վերաիմաստավորել տնտեսական մոդելները:
Թվային ակտիվները որպես նոր իրականությունՀենրի Արսլանյանը վստահ է, որ թվային ակտիվները ոչ թե ապագան են, այլ ներկան, որն արդեն փոխակերպում է ֆինանսական աշխարհը: Դա փողի և ֆինանսական համակարգի պատմության ամենահետաքրքիր փուլն է։ Այն բացառիկ հնարավորություն է ստեղծում, ներառյալ՝ Հայաստանի համար, եթե երկիրը կարողանա օգտվել պատեհությունից։
«Բիթքոյնի պես կրիպտոարժույթները լիովին չեն փոխարինի ֆիատ փողին: Մարդիկ մի ժամանակ իրենց խնայողությունները պահում էին թե՛ ոսկով, թե՛ ֆիատ փողով, իսկ հիմա դրանք կպահեն և՛ կրիպտոարժույթով, և՛ ֆիատ փողով և, ինչու չէ, մի քիչ էլ՝ ոսկով»,-ընդգծում է նա:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում