Հեղափոխությո՞ւն, թե՞ էվոլյուցիա. ինչպես են թվային արժույթները փոխում ֆինանսական աշխարհը. ԿԲ նախագահի զեկույցը

3 ապրիլի, 2025  11:30

Փողը սոսկ փոխանակման միջոց չէ, այլ տնտեսական համակարգի հիմքը։ Դարերի ընթացքում այն զարգացել է՝ ապրանքների փոխանակումից մինչև ոսկե մետաղադրամներ, թղթադրամներից մինչև էլեկտրոնային վճարումներ: Այսօր մենք կանգնած ենք նոր վերափոխման շեմին. թվային արժույթները և կրիպտո ակտիվները մարտահրավեր են նետում ավանդական ֆինանսական ինստիտուտներին և ի վիճակի է փոխելու փողի մասին պատկերացումները:

Եվ ուրեմն, անցումը թվային փողին ավանդական համակարգի էվոլյուցիա՞ն է, թե՞ տնտեսական լանդշաֆտն ամբողջապես փոխելու ունակ հեղափոխություն: Այս հարցը Doing Digital Forum 2025-ի ժամանակ տվեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ ներկայացնելով «Փողի ապագան» զեկույցը։

Ապրանքափոխանակությունից՝ մինչև կրիպտո

Ըստ նրա՝ հասկանալու համար, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները կերտում փողի ապագան, մենք պետք է մի քայլ հետ գնանք և մի քանի հիմնարար հարցեր տանք՝ ո՞րն է փողի դերը և ի՞նչ հատկանիշներ են հնարավորություն տալիս արժույթներին բազմակողմանի վստահություն ձևավորել։

Ներկայացնելով փողի էվոլյուցիոն զարգացումը` սկսած քարե դարից, այսինքն՝ փոխանակման գործարքներից մինչև ֆիատ փող (արժույթ, որի արժեքը որոշվում է ոչ թե ոսկով կամ մեկ այլ ապրանքով, այլ կառավարությունը՝ առաջնորդվելով  տնտեսության և երկրի կայունության նկատմամբ հասարակության վստահությունով-խմբ.), Մարտին Գալստյանը նշել է. «Այսօր թվային փողը և կրիպտոարժույթը շատերին ստիպել են խոսել փողի մոտեցող երրորդ հեղափոխության մասին»:

Եվ թվային արժույթներ ասելով՝ նկատի ունեմ Կենտրոնական բանկի արժույթը, որը սովորաբար կոչվում է CBDC, և կրիպտոարժույթ ասելով՝ մասնավոր արժույթները: Մասնավոր արժույթները շատերին ստիպել են եզրակացնել, թե մենք երրորդ դրամավարկային հեղափոխություն ենք ապրում, սակայն, ինչպես փոխանակման, ոսկու ստանդարտի կամ ֆիատ փողի դեպքում, կան մի շարք մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն հաջողության հասնելու համար:

Եթե ​​թվային և կրիպտոարժույթները պետք է դառնան փոխանակման կենսունակ միջոցներ և ծառայեն որպես արժույթ, նրանք պետք է լուծեն հիմնական երկճյուղավորումը, որը խթանում է դրանց համատարած ընդունումը. ներքին արժեքն՝ ընդդեմ վստահության»,- համարում է նա:

Թվային արժույթներ

Գալստյանը նշում է, որ թվային արժույթների ներդրման հիմնական դրդապատճառն այն է, որ դրանք կարող են գործարքներն ավելի արագ, հարմարավետ և, հնարավոր է, ավելի անվտանգ դարձնել։

Տեսականորեն, Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ աջակցությունը կարող է CBDC-ի նկատմամբ վստահության բարձր մակարդակ ապահովել, սակայն կան այլ խնդիրներ, մասնավորապես՝ գաղտնիությունը, կիբեր հարձակումների նկատմամբ խոցելիությունը և մի շարք այլ ռիսկեր, որոնք պետք է համակարգված լուծվեն՝ վստահության մակարդակը բարձրացնելու համար:

Ըստ Կենտրոնական բանկի ղեկավարի՝ թվային արժույթներն ավելի շատ էվոլյուցիայի դրսևորում են, քան՝ հեղափոխության։

«CBDC-ները պարզապես նոր թվային ձև են հաղորդում փողի՝ գոյություն ունեցող ձևին՝ ֆիատ փողին, որը դեռևս աջակցվում է պետության և կենտրոնական բանկի կողմից: Այս էվոլյուցիան այնքան էլ տարբեր չէ թղթային փողի ադապտացիայից՝ ոսկու ստանդարտի ժամանակաշրջանում, երբ ոսկուն տրվեց օգտագործման նոր ձև՝ որպես փոխանակման միջոց»,- հավելում է նա:

Կրիպտոարժույթներ

Ըստ Գալստյանի՝ կրիպտոարժույթներին անցնելու հետ մեկտեղ էլ ավելի են սրվում ներքին արժեքի և վստահության հարցերը։

Կրիպտո ակտիվների ժողովրդականությունը վերջին մի քանի տարում արագորեն աճել է, և դրանք ընկալվել են որպես ակտիվների առանձին դաս՝ ոսկու կամ արժեթղթերի նման:

Սա ստեղծում է ներքին արժեքի խնդիր. եթե կրիպտոարժույթները դիտվում են որպես արժեքի պահեստ, որը կարող է ժամանակի ընթացքում զգալի եկամուտներ բերել, դա միաժամանակ անհարմար է դարձնում դրանց՝ որպես փոխանակման միջոց օգտագործելը:

Բացի դրանից, կրիպտոարժույթների՝ որպես ակտիվների բարձր անկայունությունը միայն բարդացնում է իրավիճակը։ 2010 թվականին երկու պիցցա գնելու համար 10 հազար բիթքոյն է ծախսած մարդու՝ հայտնի պատմությունը, թերևս այս երկընտրանքի լավագույն օրինակն է»,- նշում է նա։

«Մասնավոր արժույթները» կարո՞ղ են գոյատևել երկարաժամկետ հեռանկարում

Հարցը, թե արդյոք «մասնավոր արժույթները» կարո՞ղ են գոյատևել երկարաժամկետ հեռանկարում, վաղուց է հուզում տնտեսագետներին:

Ֆրիդրիխ ֆոն Հայեկը տասնամյակներ առաջ հանդես է եկել փողի ապապետականացման օգտին՝ առաջարկելով ազգային արժույթները փոխարինել մասնավոր արժույթների համակարգով, որոնք մրցակցում են ճանաչման համար: Սակայն առանց պետական ​​աջակցության մասնավոր արժույթները կարող են վստահելիություն ձեռք բերել միայն ցանցային ազդեցությունների հաշվին:

Որքան շատ է արժույթն օգտագործվում, այնքան շատ օգտվողներ են գործածում, ինչը օգնում է ավելի տարածվելուն և վստահություն ստեղծելուն:

Բայց, ինչպես ցույց է տվել Բարի Այհենգրինը, վստահության ձևավորման այս գործընթացը չափազանց դժվար է առանց ինստիտուցիոնալ կամ պետական ​​աջակցության: Սա է պատճառը, որ մենք արժույթները գրեթե միշտ տեսնում ենք պետության շրջանակում»,- շեշտում է Գալստյանը։

Փողի պատմության դասեր

ԿԲ ղեկավարը վստահ է՝ անցյալի դասերը ցույց են տալիս, որ միայն կայուն գնով ակտիվները կարող են հուսալի փոխանակման միջոց ծառայել։

«Մարդիկ չեն ցանկանա արժույթն օգտագործել գնումներ կատարելիս, եթե ակնկալում են, որ դրա արժեքը ժամանակի ընթացքում զգալիորեն կբարձրանա: Փողի նկատմամբ հանրային վստահությունը սովորաբար բխում է առողջ ինստիտուցիոնալ մեխանիզմներից, որոնցից է դրամավարկային քաղաքականությունը, որը կարգավորում է փողի առաջարկն ու գինը, որպեսզի լիովին համապատասխանի պահանջարկին  և ապահովի դրա կայունությունը»,- ասում է նա:

Ամփոփելով՝ Գալստյանը նշեց, որ որպես փոխանակման միջոց՝ համատարած ընդունման ձգտող ցանկացած արժույթի համար կարևոր նշանակություն կունենա ներքին արժեքի բացակայության և հանրային վստահության բարձր մակարդակի միջև հիմնարար կոնֆլիկտը կառավարելը:

martin2.jpg (72 KB)

 


 
 
 
 
  • Archive