Բանկային համակարգը ցանկացած երկրի այն հիմքն է, որի վրա կառուցված է նրա տնտեսությունը։ Հենց բանկային համակարգի արդյունավետությամբ է պայմանավորված տվյալ երկրի ֆինանսական կայունությունը, բիզնեսի զարգացումը և քաղաքացիների բարեկեցությունը։ Ընդսմին, ժամանակակից տնտեսական իրողություններն ադապտացում և բարեփոխումներ պահանջող նոր մարտահրավերներ են դնում բանկային սեկտորի ուսերին:
Որո՞նք են այսօր Հայաստանի բանկային համակարգի առջև ծառացած ամենասուր խնդիրները: Ի՞նչ լուծումներ կարող են նպաստել դրա զարգացմանը: Այս խնդիրները տարեցտարի առավել հրատապ են դառնում և մանրամասն վերլուծություն են պահանջում: Այդ և ոլորտին առնչվող այլևայլ հարցերի շուրջ է մեր զրույցը Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի հետ «Economics» հաղորդաշարում։
Բանկային համակարգի զարգացման մեկնակետն անորոշությանը պատրաստ լինելն էԱզատյանի գնահատմամբ՝ ժամանակակից աշխարհում զարգացման հիմնական մեկնակետը ոչ ավանդական լուծումների պատրաստ լինելն է և անորոշություններին հարմարվելու (ադապտացվելու) հմտությունը։
Ինչպես բանկային համակարգում, այնպես էլ ցանկացած այլ ոլորտում, կարևոր է հասկանալ, որ մեր ներկա դիրքի և հարևան երկրների ցուցանիշների հետ համեմատվելու հնարավորությամբ հանդերձ, մեզ համար դժվար է կանխատեսել, թե որտեղ կհայտնվենք ապագայում։ Սա բնավ հոռետեսություն չէ։ Պարզապես տեխնոլոգիական առաջընթացն ու համաշխարհային փոփոխություններն այնպիսի սրընթացությամբ են տեղի ունենում, իսկ անորոշությունն էլ այնքան շատ է, որ պետք է պատրաստվենք ոչ միայն առաջիկա 3-5 տարիների ծրագրերն իրականացնելու, այլև պատրաստ լինենք անորոշության պայմաններում որոշումներ ընդունելու։ Պետք է կարողանալ հարմարվել և ցանկացած իրավիճակից դուրս գալ դրական արդյունքով։ Սա է զարգացման հիմքը»,- նշում է Ազատյանը։
Շուկան վերելք է ապրում. Հայաստանի բանկային համակարգի շահավետությունն ու հեռանկարներըՆերկայացնելով բանկային համակարգի զարգացման ներկա մակարդակը՝ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ներկա պահին Հայաստանի բանկային համակարգն իրացվելիության (լիկվիդայնության), կապիտալացման և բազմաթիվ այլ ցուցանիշներով ամուր դիրքեր է զբաղեցնում։ Ընդսմին, միջազգային ֆինանսական շուկաներում և հարթակներում Հայաստանի բանկային համակարգի ինտեգրվածության աստիճանը դիտարկելու դեպքում, չնայած որոշակի առաջընթացին, դեռ զգալի անելիքներ կան։ Օրինակ, միջազգային ֆոնդային բորսաներում հայկական բանկերի բաժնետոմսերն արժեքավորվելու և միջազգային ֆինանսական գործարքներին մեր բանկերի մասնակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է բավարարել կապիտալի մակարդակի, գործառնությունների մասշտաբի և այլ պարամետրերի սահմանված պահանջները: Ազատյանի համոզմամբ՝ դա սոսկ ժամանակի հարց է:
Հայաստանի բանկային համակարգն իր տարածաշրջանային գործընկերների հետ համեմատելու դեպքում կարող ենք ընդգծել, որ մեր ցուցանիշները միանգամայն համադրելի են վրացական բանկային համակարգի հետ։ Ավելին, Հունգարիայի, Մոլդովայի և Ղազախստանի պես երկրների բանկային համակարգերն ուսումնասիրելիս նմանատիպ բնութագրեր են ի հայտ եկել, իսկ որոշ առումներով էլ Հայաստանն առավել բարենպաստ ցուցանիշներ է գրանցում։ Հետաքրքրություն առաջացնող առանցքային կողմերից մեկը վերջին 2-3 տարիների ընթացքում մեր բանկային համակարգի շահութաբերության մակարդակն է։
2021 թվականին, մինչև 2022 թվականի՝ բանկային համակարգի ակտիվության վրա անդրադաձած աշխարհաքաղաքական նշանակալի իրադարձությունները, Հայաստանի բանկերի շահութաբերությունն ընդամենը 10% էր կազմում։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այդ ցուցանիշը եղել է 18%-ի մակարդակում: Հայաստանում 2010-2020 թվականների միջին շահութաբերության մակարդակը կազմել է 5%, այն դեպքում, երբ Վրաստանում, Ղազախստանում և Հունգարիայում այն երբեք 15%-ից չի նվազել: 2024 թվականին Հայաստանի բանկային համակարգի շահութաբերությունը կազմել է 22,2%, ինչը համադրելի է Վրաստանի (24%), Հունգարիայի (22,5%) և Ղազախստանի (32,5%) համանման ցուցանիշների հետ։ Պարզ ասած՝ շահութաբերության ներկա մակարդակը Հայաստանի բանկային համակարգին հնարավորություն է ընձեռում մոտենալ նմանատիպ կառուցվածք ունեցող տնտեսությունների մակարդակին, նշում է Ազատյանը։
Բանկային համակարգի շահավետության աճի գործոններըԲանկային համակարգի շահավետության աճը պայմանավորված էր ոչ այնքան տոկոսային շահույթով, որքան սպասարկման գծից բխող շահույթի աճով։
Այսպես, նման փոփոխությունների պատճառը աշխարհաքաղաքական իրադարձություններն էին, որոնց արդյունքում մեր բանկային համակարգն ադապտացվեց վերոնշյալ փոփոխություններից բխող նոր միջազգային գործառնություններին։
«Սա նույնպես դրական ենթատեքստ ունի. նախկինում մեր բանկային համակարգը նվազ ծանոթ էր եվրոպական, ռուսական և ԱՊՀ երկրներում գործունեություն ծավալած ընկերություններին, սակայն ներկա իրավիճակը ստիպեց նրանց փոխգործակցել մեզ հետ: Դա հնարավորություն տվեց համոզվել նրանում, որ Հայաստանի բանկային համակարգը համապատասխանում է միջազգային չափանիշներին և պահանջներին և ի վիճակի է արդյունավետորեն սպասարկել միջազգային գործառնությունները»:
Վերոնշյալ աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված ևս մեկ կարևոր գործոն դարձավ ռելոկանտների հոսքը դեպի Հայաստան։ Տվյալ համատեքստում հարկ է նշել, որ խոսքը վերաբերում է ոչ միայն շահութաբերությանը, այլև բանկային ծառայությունների պահանջարկի զգալի աճին, մի բան, որը մեր համակարգը հաջողությամբ է բավարարում։
Երրորդ գործոնը, որի վրա ուշադրություն հրավիրեց Ազատյանը, խնդրահարույց վարկերի տեսակարար կշռի նվազմանը հանգեցրած տնտեսության ակտիվացումն է։ Տնտեսական իրավիճակի բարելավման պայմաններում շատ ընկերություններ ի վիճակի եղան ավելացնելու սեփական շահույթն ու մարել բանկերին ունեցած վարկային պարտավորությունները։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում