NASA-ի InSight զոնդը շարքից դուրս է եկել. Մարսի վրա 4 տարի աշխատելուց հետո սարքն այլևս կապի դուրս չի եկել

22 դեկտեմբերի, 2022  10:47

Ավարտվել է NASA-ի InSight առաքելությունը, որն ավելի քան չորս տարի Մարս մոլորակի վերաբերյալ գիտական եզակի ​​տվյալներ է հավաքել և ուղարկել Երկիր։ NASA-ի՝ Հարավային Կալիֆոռնիայում գտնվող Ռեակտիվ շարժման լաբորատորիայի դիսպետչերները երկու անընդմեջ փորձերից հետո չեն կարողացել կապ հաստատել մարսագնաց սարքի հետ, ինչից հետո  եզրակացրել են, որ սպառվել է արևային էներգիայով աշխատող զոնդի էլեկտրաէներգիան և այն շարքից դուրս է եկել։

Ինչպես տեղեկացնում է NASA-ն, զոնդի հետ վերջին անգամ կապ էին հաստատել դեկտեմբերի 15-ին, դրանից հետո սարքը պետք է կապի դուրս գար դեկտեմբերի 15-ին, սակայն դա տեղի չի ունեցել։

InSight զոնդը Մարսի վրա աշխատել է չորս տարի՝ նախատեսված երկուսի փոխարեն: Վերջին մի քանի ամիսների ընթացքում առաքելության ղեկավարները ակնկալում էին, որ սարքը շուտով կարող է շարքից դուրս գալ․ դրա արևային վահանակները ծածկված էին փոշու հաստ շերտերով, որոնք արգելափակում էին արևի լույսը, որն անհրաժեշտ էր էլեկտրաէներգիա արտադրելու համար: Փոշին հնարավոր չի եղել հեռացնել մանիպուլյացիաների միջոցով, ոչ էլ նույնիսկ փոթորիկները են կարողացել դա անել: 2022 թ․ մայիսին InSight-ի արևային վահանակներն արդեն արտադրում էին իրենց սկզբնական հզորության ընդամենը մոտ 10%-ի չափ էլեկտրաէներգիա։ Սարքի կողմից արված վերջին «սելֆիում» նույնպես կարելի է տեսնել, որ այն պատված է փոշով։

Համեմատության համար նշենք, որ ահա այսպիսի տեսք ուներ սարքը առաքելության սկզբում։

Էլեկտրաէներգիան խնայելու համար վերջին ամիսներին մասնագետները ստիպված են եղել անջատել զոնդի բոլոր գործիքները, բացի սեյսմոգրաֆից և տեսախցիկից։

Ի՞նչ էր անում InSight-ը Մարսի վրա

InSight զոնդը գործարկվել է Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմաօդային բազայից 2018 թ. մայիսի 5-ին։ Այն Մարսի վրա վայրէջք է կատարել վեցամսյա թռիչքից հետո՝ նոյեմբերի 26-ին։ Վայրէջքից մոտ 10 շաբաթ անց զոնդը սկսել է գիտական ​​տվյալներ հավաքել, որոնք պետք է օգնեն ավելին իմանալ Մարսի ներքին կառուցվածքի և դրա կլիմայի մասին:

Անցած չորս տարիների ընթացքում տիեզերանավը շատ օգտակար տվյալներ է հավաքել Մարսի ներքին շերտերի, դրա հեղուկ միջուկի (որը շատ ավելի մեծ է, քան Երկրի միջուկը, նույնիսկ երկու մոլորակների չափերի տարբերությունը հաշվի առնելով), մակերեսի տակ գտնվող և հիմնականում մարած մագնիսական դաշտի զարմանալիորեն փոփոխական մնացորդների ու բազմաթիվ «մարսաշարժերի» (Մերսի վրա տեղի ունեցող երկրաշարժ – խմբ․) մասին: Մոլորակի մակերևույթին տեղադրված SEIS սեյսմոգրաֆը գրանցել է ավելի քան 1300 «մարսաշարժ», որոնցից մի քանիսը համեմատաբար հզոր են եղել։ Դրանցից մի քանիսը երկրաբանական բնույթ են կրել, իսկ մյուսները եղել են երկնաքարերի հարվածների հետևանք։

Այս առաքելության ընթացքում ձախողվել է միայն 5 մետր խորությամբ Մարսի հորատման աշխատանքը։ Սարքը համալրված է Գերմանական օդատիեզերական կենտրոնի տրամադրած հատուկ գործիքով, որը պետք է հորատեր մոլորակի մակերեսը 5 մետր խորությամբ, հորատված վայր տաներ սենսորներով լարը․ հենց այդ սենսորներն էլ պետք է անհրաժեշտ խորության վրա չափեին ջերմաստիճանը։ Այս տեղեկությունը գիտնականներին կօգներ հաշվարկել, թե որքան էներգիա է մնացել մոլորակի ձևավորումից հետո:

«Խլուրդ» մականունով այդ գործիքը նախատեսված էր փափուկ և ավազոտ հող փորելու համար, սակայն InSight-ի շուրջը հողը անսպասելիորեն կոշտ է եղել, արդյունքում այն կարողացել է հորատել ընդամենը 40 սմ և սենսորները տեղադրվել են այդ խորության վրա: Առաքելության այս մասը չի կարելի կատարյալ ձախողում համարել, քանի որ սենսորները շատ օգտակար տեղեկություններ են հավաքել, որոնք պետք կգան հաջորդ առաքելությունների ժամանակ:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում