Դպրոցական ինժեներական «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը ավելացել է մոտ 100 միլիոն դրամով։ Այս մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ ելույթ ունենալով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 24-րդ համագումարում։
«Այսօր լայնածավալ աշխատանքներ են տարվում կրթության բարեփոխման և մակարդակի բարձրացման ուղղությամբ, և այդ ջանքերի մեծ մասը կենտրոնացած է STEM ոլորտներում ուսուցման որակի բարձրացման վրա», – նշել է Սվաջյանը։
Փոխնախարարն ընդգծել է այս ոլորտներում նոր ծրագրերի ներդրման դրական արդյունքները՝ հավելելով, որ հաջորդ ռազմավարական քայլը STEM լաբորատորիաների ստեղծումն է։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ այդ լաբորատորիաների թվում կան նաև ինժեներական լաբորատորիաներ, որոնց սարքավորումները համապատասխանում են բարձր չափանիշների», – ասել է Սվաջյանը։
Նա նաև նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տեխնոլոգիական կրթության զարգացման համար, և դրանցից ամենախոշորը «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրն է, որն իրականացվում է ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ։
«Այսօր Հայաստանի 638 դպրոցներում գործում են «Արմաթ» լաբորատորիաներ, որտեղ շուրջ 16 հազար դպրոցականներ սովորում են տարբեր ուղղություններով՝ սկսած ռոբոտատեխնիկայից մինչև անօդաչու թռչող սարքեր։ Սա մասնագիտական կրթություն չէ, այլ մասնագիտական կողմնորոշում», – պարզաբանել է նա։
Փոխնախարարը հավելել է, որ վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ «Արմաթ» ծրագրի շրջանավարտների զգալի մասը շարունակում է կրթությունը այս ոլորտներում, ինչը դրական արդյունք է։
«Տվյալները շատ ոգեշնչող են, և սա հաստատում է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ «Արմաթ»-ի ուսումնական ծրագրերը տարեցտարի ընդլայնվում են՝ ԱՏՁՄ-ի գործընկերների աջակցությամբ», – ընդգծել է Սվաջյանը։
ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, իր հերթին, նշել է, որ «Արմաթ»-ը պետական-մասնավոր հատվածի հաջողված համագործակցության վառ օրինակ է։
«Վերջին 10 տարիների ընթացքում ներգրավվել է ավելի քան 24 միլիոն դոլարի ներդրում։ Անցած տարի «Արմաթ»-ի ֆինանսավորումը կազմել է 137 միլիոն դրամ, ընդ որում՝ պետական ֆինանսավորման բաժինը նույնիսկ ավելացել է», – նշել է նա։
Արդյունքում, «Արմաթ» լաբորատորիաների թիվն աճել է 17-ով, իսկ 2014-ին բացված ավելի քան 50 լաբորատորիաներ անցել են տեխնիկական վերազինում։ Այս տարի նախատեսվում է բացել ևս 10-15 նոր լաբորատորիա, իսկ հիմնական ուշադրությունը կդրվի գործող լաբորատորիաների տեխնիկական վերազինման վրա․ համապատասխան աշխատանքներ նախատեսվում է իրականացնել մոտ 100 «Արմաթ» լաբորատորիաներում։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում