NEWS.am Tech-ի խմբագիրը՝ գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի հաղթող

20 դեկտեմբերի, 2022  21:59

Հայտնի դարձան Բյուրականի աստղադիտարանի կողմից կազմակերպված ամենամյա Գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի հաղթողները: «Ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրող» անվանակարգի մրցանակ տրվեց Ամալյա Գաբրիելյանին (NEWS.am Tech) և Հայկուհի Բարսեղյանին («Անկախ նորություն»)՝ իրենց ակտիվ գործունեության համար։ «Լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Զառա Ղազարյանը («Նոր Հայաստան»):

Թեև մրցույթի համար հայտարարվել էր երեք անվանակարգ՝ այս տարի հաղթողներ ճանաչվեցին միայն երկուսում, իսկ «Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար» անվանակարգը մնաց թափուր։

Բյուրականի աստղադիտարանը 2009թ-ից ի վեր ամեն տարի կազմակերպում է Գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթ՝ նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը և խրախուսելու այդ ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։

Մրցույթի համար դիտարկվել էին միայն 2022թ-ի ընթացքում հրապարակված հեղինակային աշխատանքները։ Մրցույթը բաց էր ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների հայ ներկայացուցիչների համար։

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի գիտաինժեներական անձնակազմի 2022թ․ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում։

Ժողովի ընթացքում ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց ԲԱ 2022թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեությունը: Տարեկան հաշվետվությունը, որի ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով, նվիրված էր թե՛ գիտական արդյունքներին և համագործակցություններին և թե՛ աստղադիտարանի բոլոր կառույցներում կատարված աշխատանքներին։

Համաձայն ավանդույթի՝ ժողովի ավարտին տեղի ունեցավ նաեւ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, ArAS) 2022թ-ի տարեկան մրցանակի եւ Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրերի հանձնման արարողությունը։

Այս տարի ՀԱԸ մրցանակը հանձնվեց ԲԱ կրտսեր գիտաշխատող Նաիրա Ազատյանին՝ ակտիվ գործունեության և լավ աշխատանքի համար։ ՀԱԸ-ն 2004թ-ից սահմանել է տարեկան մրցանակ երիտասարդ աստղագետների համար, որն այժմ կրում է հայ մեծանուն աստղագետ Երվանդ Թերզյանի անունը։

GTTP միջազգային հավաստագրերի արժանացան ԲԱ երկու աշխատակից՝ Նաիրա Ազատյանը և հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը։ Հիշեցնենք, որ Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն ուղղված է նորարական մեթոդներով աստղագիտության դասավանդմանը, և հավաստագիրը հանձնվել է Հայաստանում աստղագիտական կրթությանն առավել նպաստած անձանց։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում