ԱՄՆ–ում աշխատուժին ուղղված ծախսերը երրորդ եռամսյակում շատ ավելի քիչ են աճել, քան սպասվում էր, ինչը լավ ցուցանիշ է գնաճի կանխատեսումների համար: Աշխատանքի դեպարտամենտը հայտնել է, որ աշխատուժի ծախսերն աճել են 0,8% տարեկան տեմպերով, մինչդեռ ավելի վաղ վերլուծաբանները 1,9% աճ էին կանխատեսել։ Աշխատուժի վրա ծախսերի այս դանդաղ աճը, ամենայն հավանականությամբ, կողջունեն Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաները, ովքեր ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կնվազեցնեն վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւս 25 բազիսային կետով։ Ըստ վերլուծաբանների՝ աշխատավարձերի աճը դանդաղում է, ինչը կարող է թուլացնել գնաճային ճնշումները:
Նոյեմբերին ԱՄՆ փոքր բիզնեսի վստահությունը հասել է իր ամենաբարձր կետին վերջին գրեթե 3,5 տարվա ընթացքում, ինչին, ըստ վերլուծաբանների, նպաստել է ընտրություններին հետեւած լավատեսությունը։ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո փոքր բիզնեսի լավատեսության ինդեքսը բարձրացել է 8 կետով՝ հասնելով 101,7-ի։ Փոքր բիզնեսների սեփականատերերը, որոնք հիմնականում աջակցում են հանրապետականներին, ակնկալում են տնտեսության բարելավում եւ ավելի մեծ վաճառքներ, կարծում են, որ հիմա լավ ժամանակ է բիզնեսն ընդլայնելու համար։ Ավելի մեծ թվով ձեռնարկություններ են նախատեսում նոր աշխատատեղեր բացել և բարձրացնել աշխատավարձերը: Սեփականատերերի մոտ 32%-ն արդեն բարձրացրել է աշխատավարձերը, իսկ 28%-ը նախատեսում է դա անել առաջիկա երեք ամիսների ընթացքում:
Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաները, ամենայն հավանականությամբ, կնվազեցնեն վերաֆինանսավորման տոկոսադրույքն այս ամիս, սակայն աճում է զգուշավորությունը հետագա նվազեցումների տեմպի հարցում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ աշխատաշուկան մնում է ուժեղ, բայց դանդաղում է: Նոյեմբերին գործատուները 227,000 նոր աշխատատեղ են բացել, սակայն գործազրկության մակարդակը փոքր-ինչ աճել է՝ հասնելով 4,2%–ի: Վերջին վեց ամիսների ընթացքում աշխատատեղերի միջին ամսական աճը կազմել է 150,00-ից ավելի քիչ, ինչը որոշ վերլուծաբանների կարծիքով, համահունչ չէ բնակչության աճի տեմպին։ Դաշնային պահուստային համակարգի որոշ պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Ջերոմ Փաուելը, կարծում են, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հարկավոր է շարունակել նվազեցնել, սակայն նրանց կարծիքով այդ գործընթացը պետք է դանդաղեցվի, քանի որ գնաճը դեռ բարձր է, իսկ աշխատաշուկան՝ առողջ: Եթե Դաշնային պահուստային համակարգն այս ամիս որոշի նորից կրճատել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն կհասնի 4,25%-4,50%–ի միջակայքի, ինչը մեկ տոկոսային կետով ցածր է այս տարվա սեպտեմբերի համեմատ:
ԱՄՆ ծառայությունների ոլորտի ակտիվությունը վերջին ամիսների ուժեղ աճից հետո նոյեմբերին դանդաղել է: Չնայած դրան՝ վերլուծաբանների կարծիքով՝ այն դեռևս աճում է առողջ տեմպերով, որը բավարար է տարվա չորրորդ եռամսյակում կայուն տնտեսական աճի սպասումներն ապահովելու համար: Մատակարարումների կառավարման ինստիտուտը հայտնել է, որ ծառայությունների ինդեքսը մի փոքր անկում է ապրել՝ հոկտեմբերի 56,0-ից նոյեմբերին հասնելով 52,1–ի։ Գործարարները, սակայն, դեռ լավատես են՝ ակնկալելով, որ ծառայությունների պահանջարկը կաճի առաջիկա ամիսներին: Չնայած ծառայությունների տեմպի դանդաղմանը, սպառողական ծախսերը մնացել են ուժեղ, նոյեմբերին ավելացել է մեքենաների վաճառքը: Ըստ Ատլանտայի Դաշնային պահուստային համակարգի, չորրորդ եռամսյակում տնտեսության տարեկան աճի տեմպը կկազմի 3,2%։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ տնտեսությունը լավ է ընթանում, բայց բիզնեսները զգուշավոր են, քանի որ դեռ մտահոգիչ է մնում գնաճի տեմպը, հատկապես այնպիսի ծառայությունների ոլորտում, ինչպիսիք են տրանսպորտը և ապահովագրությունը:
ԱՄՆ գործարանների պատվերները հոկտեմբերին մի փոքր՝ 0,2%-ով աճել են։ Այնուամենայնիվ, ոչ պաշտպանական կապիտալ ապրանքների պատվերները հոկտեմբերին նվազել են 0,2%-ով: Սա խոսում է այն մասին, որ ձեռնարկությունները կարող են կրճատել նոր սարքավորումներին ուղղված ծախսերը: Այս ապրանքների առաքումն աճել է 0,3%-ով, սակայն նախկինի համեմատ աճը դեռ թույլ է։ Ընդհանուր առմամբ, չնայած գործարանների պատվերներն աճել են, սարքավորումների ոլորտում բիզնես ներդրումները կարծես թե դանդաղում են չորրորդ եռամսյակում՝ նախորդ երկու եռամսյակների ուժեղ աճից հետո:
Համաշխարհային ֆոնդային բորսաները դեկտեմբերի 10–ին անկում են ապրել, իսկ ԱՄՆ դոլարն աճել է, քանի որ ներդրողները սպասում են նոր տնտեսական տվյալներին, ներառյալ ԱՄՆ գնաճի ցուցանիշները և շաբաթվա վերջին կայանալիք Եվրոպական կենտրոնական բանկի նիստը: Ոսկու գները հասել են երկշաբաթյա առավելագույնին` կապված աճող աշխարհաքաղաքական լարվածության և այն ակնկալիքների հետ, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հաջորդ շաբաթ կրկին կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ԱՄՆ բոլորը ֆոնդային ինդեքսները նվազել են. Dow Jones-ը՝ 0,35%-ով, S&P 500-ը՝ 0,30%-ով, իսկ Nasdaq-ը՝ 0,25%-ով: Եվրոպական STOXX 600 ինդեքսը նույնպես նվազել է 0,5%-ով։ Ներդրողները սպասում են ԱՄՆ սպառողական գների ինդեքսի մասին զեկույցին, որը ցույց կտա գնաճի միտումները, ինչն էլ կազդի Դաշնային պահուստային համակարգի որոշումների վրա: Տնտեսագետների մեծամասնությունն ակնկալում է, որ Դաշնային պահուստային համակարգը դեկտեմբերի իր հանդիպման ժամանակ կնվազեցնի տոկոսադրույքը 0,25%-ով:
Google-ի մայր ընկերության՝ Alphabet–ի բաժնետոմսերը դեկտեմբերի 10–ին աճել են մոտ 5%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը ներկայացրել է իր նոր քվանտային հաշվարկների չիպը, որը կոչվում է Willow: Google-ը հայտարարել է, որ այս չիպը լուծել է քվանտային հաշվարկների հիմնական խնդիրը ընդամենը հինգ րոպեում, մի խնդիր, որը սովորական համակարգչից միլիոնավոր տարիներ կպահանջի: Քվանտային հաշվարկները կոչված են շատ ավելի արագ աշխատել, քան ավանդական համակարգիչները, սակայն դրանք բախվում են մարտահրավերների, քանի որ տեղեկատվության ամենափոքրիկ միավորները, որոնք կոչվում են քուբիթներ, հակված են սխալների: Որքան շատ քուբիթներ են օգտագործվում, այնքան ավելի շատ սխալներ են տեղի ունենում: Google-ի Willow չիպը լուծում է այդ հարցը՝ միացնելով քուբիթներն այնպես, որ որքան դրանք ավելանում են, այնքան նվազում են սխալները, և այն կարող է նույնիսկ իրական ժամանակում շտկել սխալները: Թեև քվանտային հաշվարկները դեռ լայնորեն չեն կիրառվում, Willow-ն կարող է մեծ առաջընթացի հանգեցնել գիտության, բժշկության և ֆինանսների ոլորտներում: Դեկտեմբերի 10–ը Alphabet-ի արժեթղթերի հմար լավագույն օրն էր ապրիլից ի վեր, իսկ այս տարվա ընթացքում դրանց գինն աճել է 25%-ով:
Oracle-ի բաժնետոմսերի գինը դեկտեմբերի 10–ին նվազել է ավելի քան 9%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնել է եռամսյակի համար նախատեսվածից ցածր եկամուտների մասին: Եթե կորուստները պահպանվեն, Oracle-ը կարող է կորցնել մոտ 50 միլիարդ դոլար շուկայական արժեք: Թեև Oracle-ի բաժնետոմսերն այս տարի աճել են 80%-ով՝ շնորհիվ ամպային ենթակառուցվածքում ԱԲ պահանջարկի բավարարմանն ուղղված ընկերության ներդրումների, Oracle-ի եկամուտը երկրորդ եռամսյակում կազմել է 14,06 մլրդ դոլար, ինչը 9%-ով ավելի է անցյալ տարվա համեմատ, բայց ցածր է վերլուծաբանների կանախատեսումից, որը 14,11 մլրդ դոլար էր: Չնայած բաժնետոմսերի գնանկմանը, 21 բրոքերային ընկերություններ բարձրացրել են Oracle-ի իրենց գնային թիրախները, և վերլուծաբանները կարծում են, որ ընկերության համագործակցությունը ամպային այլ մատակարարների հետ, ինչպիսիք են Azure-ը և Google Cloud-ը, կարող են օգնել բարելավել շահույթը:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում