Ապակե սմարթֆոն, AR ակնոց և մեկ չիպով Bluetooth համակարգ. Oppo-ն հետաքրքիր նորույթներ է ցուցադրել

15 դեկտեմբերի, 2022  12:30

Չինական Oppo ընկերությունը Inno Day 2022 միջոցառման ժամանակ ներկայացրել է մի շարք հետաքրքիր նոր սարքեր, այդ թվում՝ ամբողջովին ապակյա սմարթֆոն, լրացված իրականության (AR) ակնոց, նոր՝ մեկ չիպով Bluetooth համակարգ, ինչպես նաև առողջության մոնիտորինգի  սարք, անլար ականջակալ և խելացի ժամացույցներ։

Oppo-ն հաճախ է ցուցադրում տարբեր սարքերի նախատիպեր, որոնք այդպես էլ չեն հասնում սերիական արտադրության, ուստի դժվար է ասել, թե արդյոք ցուցադրված այս բոլոր սարքերը կհայտնվեն շուկայում: Բայց դրանք խոստումնալից տեսք ունեն։

Ապակե սմարթֆոն

Equal Library տելեգրամյան ալիքի հրապարակած լուսանկարներում կարելի է տեսնել կոնցեպտուալ սմարթֆոն, որն իր կառուցվածքով տարբերվում է «սովորականից»․ հեռախոսի կորպուսն ամբողջությամբ ապակյա է՝ առանց մետաղական շրջանակի, որը սովորաբար ծածկում է ապակե վահանակների եզրերը։

Լուսանկարներում կարելի է տեսնել նաև տեսախցիկի շրջանաձև բլոկը՝ Powered by MariSilicon մակագրությամբ։ Այս ապրանքանիշի ներքո Oppo-ն թողարկում է չիպեր՝ լուսանկարների որակը բարելավելու համար: Այս սմարթֆոնի մասին որևէ այլ բան դեռ հայտնի չէ։ Հարկ է հիշել, որ հնարավոր է, որ այն մնա հետաքրքիր կոնցեպտ և չհասնի սերիական արտադրության:

Ապակե այլ սարքեր

Ընկերությունը ցուցադրել է նաև ապակուց պատրաստված այլ սարքեր։ Խոսքը, մասնավորապես, ապակե շրջանակով ժամացույցի, ինչպես նաև անլար ականջակալի մասին է, որն ապակե ծածկույթով պատյան ունի։

Այս բոլոր սարքերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, կան միայն լուսանկարներ:

Լրացված իրականության Air Glass 2 ակնոց

Ընկերության մեկ այլ հետաքրքիր նորույթ է Oppo Air Glass 2 խելացի ակնոցը, որը հիմնված է լրացված իրականության տեխնոլոգիայի վրա։Արտաքինից Air Glass 2-ը գրեթե չի տարբերվում սովորական ակնոցից և կշռում է ընդամենը 38 գրամ։ Դրա օգնությամբ, ըստ ընկերության ներկայացուցիչների, կարելի է իրական ժամանակում կատարել հեռախոսազանգեր և փոխանցումներ։ Ավելին, ակնոցը կարող է նաև օգնել լսողության խանգարումներ ունեցող մարդկանց և ձայնը վերածել տեքստի:

Ակնոցում օգտագործվում է աշխարհում առաջին պոլիմերային դիֆրակցիոն ալիքատար ոսպնյակը, որը մշակվել է Oppo-ի կողմից: Տեսողության խանգարումներ ունեցող օգտատերերը կկարողանան ընտրել անհատական ​​ոսպնյակներ։ Ավելի մեծ հարմարության համար ակնոցի շրջանակներն անհրաժեշտության դեպքում կարելի է հավելյալ թեքել։

Ի տարբերություն մյուս սարքերի, ակնոցը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա շուկա (հատկապես, որ Oppo Air Glass-ի առաջին սերնդի ակնոցը վաղուց արդեն վաճառվում է. այն շուկայում հայտնվել է անցյալ տարվա դեկտեմբերին), բայց հստակ հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա և այն որքան կարժենա։

MariSilicon Y

Ընկերության հաջորդ նորույթը MariSilicon Y մեկ չիպով Bluetooth համակարգն է, որը, հակառակ  անվանը, կապ չունի MariSilicon X-ի հետ, որը, պատկերի նեյրոնային մշակման մոդուլ է։

MariSilicon Y-ն առաջին մեկչիպանի համակարգերից է, որն օգտագործում է առաջադեմ N6RF տեխնոլոգիան՝ Bluetooth-ի թողունակությունը մինչև 50%-ով ավելացնելու համար (համեմատած այլ` նույնիսկ ամենաառաջադեմ Bluetooth լուծումների հետ): Ըստ Oppo-ի՝ MariSilicon Y-ն հնարավորություն է տալիս ձայնը փոխանցել Bluetooth-ով 24 բիթ/192 կՀց հաճախականությամբ՝ առանց ձայնի որակի կորստի։

MariSilicon Y-ն ունի ևս մեկ հետաքրքիր ֆունկցիա՝ այն կարող է արհեստական ​բանականության միջոցով իրական ժամանակում ցանկացած երգ բաժանել տարբեր թրեքների (երգչի ձայնը, հարվածային գործիքների, ստեղնաշարերի հնչյունները և այլն): 

OHealth H1

Oppo-ն նաև հայտարարել է OHealth ապրանքանիշի և դրա ներքո առաջին արտադրանքի՝ առողջության մոնիտորինգի OHealth H1 սարքի մասին:

Այս սարքը կարող է վերահսկել արյան մեջ թթվածնի մակարդակը, կատարել ԷՍԳ (էլեկտրասրտագրություն), լսել սրտի ու թոքերի աշխատանքը (ինչը բժիշկն անում է ստետոսկոպի միջոցով), չափել սրտի կծկումների հաճախականությունը և մարմնի ջերմաստիճանը և հետևել քնի ընթացքին։

OHealth H1-ը կշռում է ընդամենը 95 գրամ և օվալաձև է՝ կլոր եզրերով:

Սարքը ստացված տվյալները համեմատում է գոյություն ունեցող առողջապահական ալգորիթմների հետ՝ մարդու առողջության վիճակի մանրամասն պատկերացում կազմելու համար։

Ավելին, սարքը կարող է այս տվյալները կիսել բժիշկների և հիվանդանոցների հետ։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում