Հաքերները կոտրել են Windows-ի եւ Microsoft Office-ի լիցենզավորման համակարգը

4 դեկտեմբերի, 2024  12:57

Massgrave հաքերային խումբը տեղեկացրել է, որ կոտրել է Microsoft-ի լիցենզավորման համակարգը, ինչը թույլ է տալիս ակտիվացնել Windows-ի եւ Microsoft Office-ի գրեթե բոլոր տարբերակները, ներառյալ կորպորատիվ լիցենզիաները անվտանգության ընդլայնված թարմացումներով (ESU)։ Այս մասին գրել է Ghacks պորտալը։

Massgrave-ի մասնագետների խոսքով՝ իրենց մեթոդը չի պահանջում կողմնակի ծրագրային ապահովման տեղադրում, համակարգային ֆայլերի փոփոխություն կամ միջամտություն օպերացիոն համակարգում։ Նրանք հաջողությամբ թեստավորել են ակտիվացման տեխնիկան Microsoft Office-ի, Windows Vista-ի, Windows 7, 8, 8.1, 10, 11-ի, Windows Server-ի եւ Windows Server 2025-ի համար ESU-ով եւ CSVLK-ով։

Բացի այդ, հաքերները ESU-ով Windows-ի ակտիվացրած տարբերակների սքրինշոթեր են տեղադրել։ Massgrave-ում նախատեսում են թողարկել Windows օպերացիոն համակարգերի ակտիվացման գործիք առաջիկա ամիսներին, որը բաց հասանելիություն կունենա։

Փորձագետները կարծում են, որ Massgrave-ի գործիքը կօգնի օգտատերերին երկարացնել Windows 10-ի աշխատանքը աջակցության ավարտից հետո, որը նախատեսված է 2025թ. հոկտեմբերի 14-ին։ Microsoft-ը խորհուրդ է տալիս օգտատերերին անցնել Windows 11-ի կամ շարունակել օգտագործել օպերացիոն համակարգի հին տարբերակը վճարային հիմքով՝ առաջարկելով աջակցության լրացուցիչ տարի 30 դոլարով։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում