Windows 10-ի աջակցության ավարտի մոտենալուն ընդառաջ Microsoft-ն սկսել է օգտատերերին վախեցնող ծանուցումներ ցուցադրել ամբողջ էկրանով՝ առաջարկելով գնել նոր համակարգիչներ Windows 11-ով և Copilot Plus-ով, մինչդեռ գոյություն ունեցող ՕՀ-ի աջակցության երկարաձգման հնարավորության մասին ընկերությունը լռում է, թեև դա հնարավոր է:
Microsoft-ը Windows 10-ի օգտատերերի շրջանում ակտիվորեն առաջ է մղում նոր Windows 11 համակարգիչներ գնելու գաղափարը։ Ըստ The Verge-ի՝ օրերս որոշ օգտատերեր նկատել են ամբողջ էկրանով երևացող այսպիսի ծանուցումներ, որոնցում ընկերությունն առաջարկում է «ավելին անել նոր Windows 11 ԱՀ-ով» կամ «անցնել Copilot Plus համակարգիչների»՝ «Windows 11-ով աշխատանքի առավելագույն փորձառությունն» ստանալու համար: Միևնույն ժամանակ, ինչպես նախորդ նմանատիպ ծանուցումներում, «Լրացուցիչ մանրամասներ» հղումը տանում է դեպի նոր համակարգիչներ գովազդող կայք:
Հատկանշական է, որ այս ծանուցումներում որևէ հիշատակում չկա 2025-ի հոկտեմբերի 14-ից հետո Windows 10-ի օգտագործումը շարունակելու հնարավորության մասին, թեև որոշ վերապահումով օգտվողները ստիպված կլինեն 30 դոլար վճարել ամբողջ տարվա ընթացքում լրացուցիչ թարմացումներ ստանալու համար: Միևնույն ժամանակ կորպորատիվ հաճախորդները կկարողանան ձեռք բերել մինչև երեք տարվա լրացուցիչ թարմացումներ: Այս կերպ ընկերությունը դրդում է օգտվողներին գնել նոր սարքեր, այլ ոչ թե վճարել գոյություն ունեցող ՕՀ-ի ընդլայնված աջակցության համար:

Microsoft-ի համար սովորական պրակտիկա է օպերացիոն համակարգի նոր տարբերակների ագրեսիվ առաջխաղացումը։ Ընկերությունը նույն կերպ Windows 7-ի և Windows 8.1-ի օգտատերերին դրդում էր անցնել Windows 10-ին: Բացի դրանից՝ նոր ծանուցումները վերաբերում են հատկապես նոր համակարգիչ գնելուն, այլ ոչ թե օպերացիոն համակարգը թարմացնելուն և Windows 11 տեղադրելուն, քանի որ միլիոնավոր սարքեր պարզապես չեն համապատասխանում Windows 11-ի տեխնիկական պահանջներին։ Դրա աջակցությունն ունեն միայն 2018-ից հետո թողարկված պրոցեսորները:
Windows 11-ին անցումը դանդաղ է ընթանում: Օգտատերերի մեծամասնությունը դեռ նախընտրում է Windows 10-ը: Նույնիսկ համակարգչային խաղերի ոլորտում, որտեղ Windows 11-ը այս ամառ կարճ ժամանակով դարձավ Steam հարթակի առաջատարը, նոր ՕՀ-ի հանրաճանաչությունը մնում է հարցականի տակ։ Իրավիճակը հավելյալ խճճում և բարդացնում է այն, որ Microsoft-ը շարունակում է նոր հնարավորություններ ավելացնել Windows 10-ում, չնայած 2023-ին հայտարարել է, որ դադարեցնում է հիմնական թարմացումները: Իսկ հունիսին ընկերությունը վերաբացել է «հին» ՕՀ-ի բետա թեստավորումը:
month
week
day