Շեֆ խոհարար և բլոգեր Նիկ ԴիՋովաննին խոհարարական «մենամարտի» է բռնվել 1X ընկերության մարդանման ռոբոտի՝ NEO Beta-ի հետ: Ռոբոտը, օպերատորի ղեկավարությամբ, կարողացել է միջին եփվածության սթեյք պատրաստել։
Մրցույթը նկարահանվել է Կալիֆոռնիայի Սաննիվեյլ քաղաքում, իսկ խոհանոցը հատուկ սարքավորված է եղել այնպես, որպեսզի ռոբոտին ճկունություն և ճշգրտություն ապահովի։
NEO Beta-ի առաջադրանքն է եղել ինքնուրույն կատարել սթեյքը պատրաստելու յուրաքանչյուր քայլ՝ սկսած այն համեմելուց մինչև այն տապակի մեջ զգուշորեն շրջելը: Ուստի նա պետք է վերահսկեր ջերմաստիճանը և ժամանակային ընդմիջումները, որպեսզի հաջողությանբ պատրաստեր այս ճաշատեսակը։
Ռոբոտին կառավարելու համար 1X-ն օգտագործել է Meta Quest-ի հավելվածը։ Նշվում է, որ մինչ այժմ NEO Beta-ի միակ սահմանափակումը՝ լիարժեք ինքնավարության առումով, յուրաքանչյուր փուլում զգալի քանակի տվյալների մշակման և սինթեզման անհրաժեշտությունն է:
Ռոբոտին խոհարարի խալաթ են հագցրել և նա առաջին իսկ փորձից հիանալի հաղթահարել է ուտեստի պատրաստումը։ Այդուհանդերձ, նկարահանումն առանց միջադեպերի չի անցել։ Մի դրվագում NEO Beta-ն պատահաբար գցել է ձիթապտղի յուղի շիշը: Ավելի ուշ ԴիՋովաննին նշել է, թե NEO Beta-ն գերազանցել է նույնիսկ այնպիսի վարպետների, ինչպիսին Գորդոն Ռամզին է։
Միակ գործողությունը, որի ժամանակ պահանջվել է մարդու ուղղակի մասնակցություն, եղել է էլեկտրական օջախի միացումը։ Ռոբոտն օժտված է եղել իրական ժամանակում ձայնային հաղորդակցության գործառույթով՝ GPT-4o-ի ինտեգրման միջոցով, սակայն թիմը նախընտրել է վերահսկվող երկխոսությունը՝ ստեղծելու այն մթնոլորտը, որը ԴիՋովաննին էր նախատեսում:
Հետաքրքիր է, որ պատրաստման գործառույթը դեռ ներառված չէ առաջին NEO Beta մոդելների ֆունկցիոնալության մեջ: Առաջին ռոբոտները կենտրոնացած կլինեն այնպիսի խնդիրների վրա, որոնք չեն պահանջում շփվել տաք կամ սուր առարկաների հետ։
Սեպտեմբերին 1X-ը ներկայացրել է իրատեսական ռոբոտի նախագիծը, որը կոչվում է NEO, որն օգնում է տնային գործերում: Ըստ արտադրողի՝ ռոբոտը կարող է ինքնուրույն աշխատել երկուսից չորս ժամ: Նա կարող է բացել դռները, տեղափոխել տարբեր առարկաներ, լվանալ սպասքը, ուտելիք պատրաստել և նույնիսկ սեղանի խաղեր խաղալ։ Արտակարգ իրավիճակների դեպքում ռոբոտը կարող է հեռակա կարգով անջատվել առցանց ռեժիմում։
month
week
day