Gmail-ի վեբ տարբերակն արդեն ԱԲ օգնական ունի՝ նամակներ գրելու համար

29 հոկտեմբերի, 2024  17:01

Google-ն ընդլայնում է իր «Օգնիր ինձ գրել» (Help Me Write) գործառույթը Gmail էլփոստի ծառայության վեբ տարբերակում: Այս գործիքը թույլ կտա օգտատերերին նամակներ գրել՝ օգտագործելով արհեստական բանականության (ԱԲ) օգնականը, որը հիմնված է Gemini նեյրոնային ցանցի վրա։ Ինչպես շարժական սարքերում, կառաջարկվի օգտագործել նշված գործառույթը Gmail-ի սևագիր էջ բացելիս։

Այս փուլում «Օգնիր ինձ գրել» գործառույթը հասանելի է Google One AI Premium-ի բաժանորդագրություն ունեցող օգտատերերին, ինչպես նաև նրանց, ովքեր մուտք ունեն Gemini Workspace-ում: Բացի սևագիր հաղորդագրություն ստեղծելուց՝ այս գործիքը կարող է խորհուրդներ տալ, թե ինչպես լավագույնս գրել այս կամ այն հաղորդագրությունը, ինչպես կրճատել դրա տեքստը և այլն:

Google-ը նաև դյուրանցում է ավելացրել «փայլեցում» գործառույթին, որն «Օգնիր ինձ գրել» գործիքակազմի մաս է կազմում։ Այն կհայտնվի 12-ից ավելի բառ պարունակող սևագրում: Gmail-ի վեբ տարբերակում այս հնարավորությունն օգտագործելու համար պետք է սեղմել համապատասխան դյուրանցումը կամ ստեղնաշարի դյուրանցումը՝ Ctrl+H:

via GIPHY

Ծառայության բջջային տարբերակում այս հնարավորությունը կփոխարինի առկա «Բարելավել իմ սևագիրը» դյուրանցմանը: Վերանայված տարբերակները տեսնելու համար մատն էկրանի վրայով սահեցնելու փոխարեն, հավելվածն ավտոմատ կերպով ճշգրտումներ կանի: Նոր գործառույթն օգտագործելուց հետո օգտատերը կկարողանա կատարելագործել հաղորդագրությունը՝ օգտագործելով այլ ԱԲ գործիքներ:

Այսօրվանից նշված նորամուծություններն աստիճանաբար կներդրվեն, և որոշ ժամանակ կպահանջվի, մինչև դրանք հասանելի դառնան Gmail-ի բոլոր օգտատերերի համար:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում