Ինչպե՞ս է այսօր զարգանում ռոբոտաշինությանը, ինչպե՞ս են արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող ռոբոտներն օգտագործվում Երկիր մոլորակն ավելի դիմակայուն դարձնելու, կարևորագույն գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար։ Այս թեմաներին էր նվիրված Էլեկտրական և համակարգչային տեխնիկայի փորձագետ, պրոֆեսոր Սեբաստիեն դե Հալյոյի պրեզենտացիան, որը նա ներկայացրեց օրերս Երևանում տեղի ունեցած Նորարարությունների և տեխոնոլգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում։
Պրոֆեսոր դե Հալյոն նշեց, որ մարդու գործունեության հետևանքով Երկիր մոլորակն այսօր այդքան էլ լավ վիճակում չէ։ «Մենք սպառում ենք ռեսուրսները, որոնք ժամանակին համարում էինք անսահմանափակ»,- ասաց նա՝ նկատի ունենալով անտառների արագ հատումը, հողի սննդանյութերի սպառումը և չափից ավել ձկնորսությունը, որոնք կտրուկ ազդել են համաշխարհային էկոհամակարգերի վրա: Նա ընդգծեց, որ ձկան գլոբալ պաշարներն իրենց նվազագույնին են հասել 1996-ին, այսինքն՝ այդ պահից ձկան պաշարները դադարել են ավելանալ։
Բացի դրանից, եղանակային ծայրահեղ իրադարձությունները, ինչպիսիք են ջրհեղեղները, հրդեհները և փոթորիկները, տեղի են ունենում ավելի հաճախ և ավելի մեծ ինտենսիվությամբ: «Փոթորիկների և մրրիկների կործանարար ուժն աճում է, քանի որ դրանք սնվում են օվկիանոսների աճող ջերմությունից»,- նշեց նա՝ վկայակոչելով ենթակառուցվածքների վերականգնման անհրաժեշտությունը:

Չնայած դժվարին մարտահրավերներին՝ դե Հալյոն նշեց, որ ողջ մոլորակի մասշտաբով էներգիայի զանգվածային անցում է տեղի ունենում, որը պայմանավորված է վերականգնվող էներգիայի աղբյուրներով: Նա ասաց, որ արևի և քամու էներգիան այժմ պատմության մեջ առաջին անգամ ավելի էժան է, քան հանածո վառելիքը։ «Էներգիայի կուտակման առաջընթացի շնորհիվ, օրինակ՝ պինդ վիճակում գտնվող լիթիում-մետաղական մարտկոցները, մենք տեսնում ենք էներգիայի հզորության զգալի բարելավումներ: Սա առանցքային է ռոբոտների դերի համար այս նոր դարաշրջանում»,- բացատրեց նա:
Պրոֆեսորը ռոբոտներին համարում է այս փոխակերպման անբաժանելի մասը, հատկապես վերականգնվող էներգիայի ոլորտում, որտեղ նրանք կարող են օգնել հեռավոր շրջաններում ենթակառուցվածքների կառուցմանը և պահպանմանը: «Ո՞վ կօգնի կառուցել և պահպանել այս հսկայական համաշխարհային ենթակառուցվածքը: Ռոբոտները»,- վստահորեն հայտարարեց նա։
Դե Հալյոյի ելույթի կենտրոնական թեմաներից մեկը վերաբերում էր Երկրի ցուցանիշների քանակական գնահատմանը։ «Մենք չենք կարող ֆիքսել այն, ինչ չենք կարող չափել»,- ասաց նա։ Այս հայեցակարգը հիմք է հանդիսանում ռոբոտային համակարգերի տեղակայման համար՝ վերահսկելու և չափելու Երկրի ամենակարևոր գործընթացները: Չափելով այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են արեգակնային ճառագայթումը, օվկիանոսի ջերմության կլանումը և մթնոլորտային փոփոխությունները, ռոբոտները վճռորոշ դեր են խաղում կլիմայի փոփոխության բարդությունները և գլոբալ բնապահպանական տեղաշարժերը հասկանալու համար:

Իր ելույթում պրոֆեսորը ներկայացրեց Saildrone Explorer-ը՝ յոթ մետր երկարությամբ, քամու ուժով աշխատող ծովային ռոբոտը, որն ունակ է իրականացնել հեռահար ինքնավար առաքելություններ աշխարհի ամենադաժան օվկիանոսային միջավայրում: Քամու շարժիչի և արևային էներգիայով աշխատող սենսորների համակցությամբ այս ռոբոտները կարող են չափել մթնոլորտային փոփոխականները, ինչպիսիք են քամու ուժգնությունը և ջերմաստիճանը, ինչպես նաև ստորջրյա պայմանները, ներառյալ աղիությունը և լուծված CO2-ը:
«Saildrone Explorer-ն օգտագործում է ընդամենը 3 Վտ հզորություն, սակայն այն կարող է ճանապարհորդել ամբողջ օվկիանոսներով՝ առանց վառելիքի, անձնակազմի կամ տեխնիկական սպասարկման»,- նշեց դե Հալյոն՝ հավելելով, որ տեխնոլոգիական հրաշքը քամու ուժով աշխատող սարքերի ոլորտում տասնամյա հետազոտությունների և մշակումների արդյունք է: Ճակատագրի հեգնանքով, այս նորամուծությունն առաջացել է անապատային մրցարշավներում ցամաքային արագության ռեկորդները գերազանցելու փորձերի արդյունքում նաև, ինչը վկայում է, որ երբեմն առաջընթացը կարող է գրանցվել անսպասելի աղբյուրներից:
Պրոֆեսորի խոսքով՝ ծովային ռոբոտներին իսկապես արժեքավոր է դարձնում այն, որ դրանք իրական ժամանակում հսկայական ծավալի տվյալներ են կարողանում հավաքել և մշակել: «Մենք ստեղծել ենք օվկիանոսների ImageNet-ը»,- ասաց նա՝ նկատի ունենալով այս սարքերի վրա ամրացված տեսախցիկները և դրանց ստեղծած պիտակավորված լուսանկարների հսկայական բազան: Այս տվյալները հնարավորություն են տվել ուսուցանել ԱԲ համակարգ, որն ամբողջությամբ ճանաչում է ծովային տիրույթը։
ԱԲ-ով աշխատող այս ռոբոտներն այժմ վերահսկում են օվկիանոսներում երթևեկությունը, հայտնաբերում ապօրինի ձկնորսական գործունեությունը և նույնիսկ հետևում են անջատված լույսերով նավերի տեղաշարժին, որոնք հաճախ անօրինական գործունեություն են ծավալում: «Դա ռոբոտների աշխատանքն է, հատկապես, երբ անօրինական գործողություններ կատարողները փորձում են թաքնվել մթության մեջ»,- ասաց դե Հալյոն՝ մատնանշելով այս տեխնոլոգիաների դերը օվկիանոսներին վերաբերող օրենքներն ու կարգուկանոնն ապահովելու գործում:

Դե Հալյոն խոսեց նաև փոթորիկներին հետևելու Saildrone-ի գործառույթի մասին։ 2021-ին Saildrone-ը հաջողությամբ նավարկել է Սեմ փոթորիկի միջով՝ արձանագրելով, թե ինչ տեսք ունի 4-րդ աստիճանի փոթորիկը ներսից, կադրեր, որոնք մարդկությունը երբեք չի տեսել: «Ոչ մի մարդ երբևէ նման տեսարանի ականատես չի եղել, իսկ եթե տեսել է, ապա չի փրկվել, որպեսզի պատմի դա»,- ասաց նա։ Այս ռոբոտային առաքելությունների կադրերը, ըստ նրա, անգնահատելի են եղանակային ծայրահեղ օրինաչափությունների մասին մարդկության ընկալումները բարելավելու համար:
Օվկիանոսի մակերևույթից բացի՝ հսկայական այս ռոբոտը նաև կարողանում է մինչև 8000 մետր խորության վրա քարտեզագրել օվկիանոսի հատակը և մեծ դեր է խաղացել ստորջրյա նոր լեռնաշղթաների և նավաբեկությունների բացահայտման գործում՝ ընդլայնելով մարդկանց գիտելիքները Երկրի այս հատվածների մասին:
«Seabed 2030» նախագծի հետ համագործակցությամբ՝ Saildrone-ը նպաստում է մինչև 2030-ը օվկիանոսի ամբողջ հատակը քարտեզագրելու հավակնոտ նպատակի իրագործմանը: Դե Հալյոն նշեց, թե սա մեծամասշտաբ մարտահրավեր է, քանի որ օվկիանոսի 80%-ը դեռևս հիմնականում ուսումնասիրված չէ: Այնուամենայնիվ, հազարավոր ռոբոտների օգնությամբ նա կարծում է, որ այս նպատակն իրագործելի է: «Մենք նախագծում ենք ռոբոտների նավատորմ՝ մոլորակային ծածկույթի հասնելու համար»,- նշեց դե Հալյոն:

Այս ռոբոտներից յուրաքանչյուրը տվյալներ հավաքելու գլոբալ ջանքերում առանցքային դերակատար է, և, ըստ դե Հալյոյի, «ավելի լավ ներդրումը հանգեցնում է ավելի լավ արդյունքի»: Այս ռոբոտային առաքելություններից ստացված պատկերացումները կենսական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության երևույթները հասկանալու համար, ինչպիսիք են Էլ Նինյոն, օվկիանոսային հոսանքները և մթնոլորտային պայմանները, որոնք ազդում են գլոբալ եղանակային համակարգերի վրա:
Եզրափակելով իր ելույթը՝ դե Հալյոն նշեց, թե պատկերացնում է այնպիսի ապագա, որտեղ ԱԲ-ով աշխատող ռոբոտները կդառնան կարևոր գործիքներ ավելի դիմակայուն աշխարհ ստեղծելու նպատակով մարդկության կողմից գործադրվող ջանքերում: «Մենք ապրում ենք հիանալի մոլորակի վրա, և ռոբոտները կօգնեն մեզ հասկանալ այն, պաշտպանել այն և, ի վերջո, փրկել այն»,- հայտարարեց նա:
Ըստ պրոֆեսորի՝ ռոբոտաշինության և ԱԲ համատեղումը միայն տեխնոլոգիական ձեռքբերում չէ, այլև բնապահպանական անհրաժեշտություն: Երբեք չհոգնոնղ այս ռոբոտ պահապանների օգնությամբ մարդկությունը, նրա խոսքով, ավելի լավ հնարավորություն ունի հաղթահարելու մոլորակի արագ փոփոխվող մարտահրավերները:
month
week
day