Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը վաճառել է ընկերության ավելի քան 50 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր, հայտնում է MacRumors կայքը՝ վկայակոչելով ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) զեկույցը։
Աղբյուրի համաձայն՝ նա վաճառել է Apple-ի 223,986 բաժնետոմս, ինչը նրան բերել է 50,276,076 դոլար։ Այս բաժնետոմսերը Կուկին տրվել են որպես պարգևատրում՝ հաշվի առնելով Apple-ի կատարողական ցուցանիշները, որոնք համեմատվում են S&P 500 ինդեքսում ներառված մյուս ընկերությունների ցուցանիշների հետ։ Նշվում է, որ Apple-ի ղեկավարը հաճախ է վաճառում բաժնետոմսերը հոկտեմբերին։
Բացի դրանից՝ Կուկը Apple-ի ևս 219,500 բաժնետոմս է ստացել 2024-ի աշնանը։ Դրանցից 54,800 բաժնետոմսի նկատմամբ նա աստիճանաբար սեփականության իրավունք կստանա երեք փուլով՝ 2027, 2028 և 2029 թվականների ապրիլին։ Մնացած 164,600 բաժնետոմսերը կախված են ընկերության գործունեության արդյունքներից և կհատկացվեն 2027-ի հոկտեմբերի 1-ին։ Կախված 2025-2027 թվականներին Apple-ի ֆինանսական ցուցանիշներից՝ այս բաժնետոմսերի քանակը կարող է տատանվել նախատեսված թվից՝ 0-ից մինչև 200%:
2024-ի սկզբին Կուկն ուներ Apple-ի ավելի քան 3 միլիոն բաժնետոմս, ինչպես նաև 1,3 միլիոն RSU (restricted stock unit), որը վարձատրության տեսակ է՝ ապագայում սահմանափակ օտարման իրավունքով բաժնետոմսեր ստանալու իրավունքի տեսքով։ Նրա չգնված բաժնետոմսերը գնահատվում են ավելի քան 500 միլիոն դոլար։ Բաժնետոմսերը կազմում են նրա ընդհանուր փոխհատուցման հիմնական մասը:
2023-ն Կուկի բազային աշխատավարձը 3 միլիոն դոլար էր: Այնուամենայնիվ, նա նաև ստացել է 47 միլիոն դոլար՝ բաժնետոմսերի տեսքով, 10,7 միլիոն դոլար բոնուսներ՝ հիմնված կատարողական ցուցանիշների վրա և 2,5 միլիոն դոլար այլ փոխհատուցում, ինչպիսիք են արտոնյալ կենսաթոշակային ծրագրին հարկային վճարումները, ապահովագրավճարները, արձակուրդային վճարները, անվտանգության ծախսերն ու անձնական ավիաթռիչքներ։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում