Ամիսներ շարունակ ծրագրավորողների համար և հանրային բետա տարբերակների փորձարկումներից հետո Android 15-ը վերջապես պատրաստ է, կայուն և հասանելի: Օպերացիոն համակարգին հասանելիությունն առաջինն ստացել են ծրագրավորողները։
Google-ը երեկ վերբեռնել է Android 15-ի սկզբնական կոդը Android Open Source Project-ում (AOSP), սակայն թարմացումները դեռ հասանելի չեն օգտատերերին, նույնիսկ ընկերության Pixel շարքի սմարթֆոնների համար:
Google-ը նշում է, որ Android 15-ը հասանելի կլինի Pixel շարքի մոդելներում առաջիկա շաբաթների ընթացքում: Google-ը նաև խոստանում է, որ «առաջիկա ամիսներին» Android 15-ի թարմացումը կստանան բազմաթիվ սարքեր այնպիսի ընկերությունների արտադրության, ինչպիսիք են Samsung-ը, Honor-ը, iQOO-ն, Lenovo-ն, Motorola-ն, Nothing-ը, OnePlus-ը, Oppo-ն, Realme-ն, Sharp-ը, Sony-ն, Tecno-ն, Vivo-ն և Xiaomi-ն։
Նախնական տվյալներով՝ Android 15-ի կայուն տարբերակը Pixel սարքերի համար հասանելի կդառնա միայն 2024-ի հոկտեմբերին։
Նշենք, որ Android 15-ում մի շարք փոփոխություններ կլինեն։ Մասնավորապես կբարելավվի միջերեսի դիզայնը, կուժեղացվի անվտանգությունը, օրինակ՝ նոր գործառույթն ավտոմատ կկողպի հեռախոսը, եթե այն գողանան, կլինեն արհեստական բանականության նոր հնարավորություններ, կօպտիմալացվի մարտկոցի աշխատանքի տևողությունը, որը կավելացնի մոտ երեք լրացուցիչ ժամով, կբարելավվի նաև կատարողականությունը։
Android 15-ում նաև կլինի «Մասնավոր տարածք» (Private Space) գործառույթը։ Սա սարքի վրա տարածություն է, որտեղ նույնականացման լրացուցիչ մակարդակի ներքո կարելի է պահել գաղտնի հավելվածները: Մեկ այլ նոր գործառույթ հնարավորություն կտա հետևել, թե որքան ժամանակ դեռ կարող է աշխատել ներկառուցված հիշողության չիպը։
Android 15 օպերացիոն համակարգը կունենա նաև կասկածելի հավելվածները կարանտինում պահելու հնարավորություն։ Ներկայումս սմարթֆոններում ներկառուցված Google Play Protect համակարգը պարզապես հեռացնում է վտանգավոր ծրագրերը։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում