SkyAgro Armenia․ նախատեսում ենք ամբողջությամբ թվայնացնել ՀՀ-ում գյուղատնտեսական հողերը

14 օգոստոսի, 2024  20:03

Մենք նախատեսում ենք Հայաստանում ստեղծել մինչև 100 խումբ՝ յուրաքանչյուրը 3-4 հոգուց բաղկացած, որպեսզի ներդնեն ագրոդրոններ՝ բերքը պարարտացնելու և գյուղատնտեսությունը թվայնացնելու համար: Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց է SkyAgro Armenia ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Միհրան Սահակյանը։

Նա պարզաբանեց, որ նրանցից յուրաքանչյուրին կտրամադրվի ավտոմեքենա, անօդաչու թռչող սարք և համակարգիչ։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր խումբ պարտավորություն է ունենալու թվայնացնել 1000 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք։

«Այս ծրագրի իրականացման արդյունքում հինգ տարվա ընթացքում նախատեսում ենք ամբողջությամբ թվայնացնել այսօր Հայաստանում օգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը։ Սա կօգնի պարզել, թե կոնկրետ տարածքում ինչ է աճեցվել կոնկրետ գյուղացիական տնտեսությունների կողմից՝ հողի վրա հետագա աշխատանքները պլանավորելու համար»,- նշեց Սահակյանը։

Նա բացատրեց, որ դա հողերի խոշորացման ծրագրի կարևոր բաղադրիչ է։ ««Արմաթ» լաբորատորիաների երեխաներին հրավիրում ենք Գյուղատնտեսական համալսարան՝ անցնելու 5-օրյա կարճ դասընթաց Հայաստանի այսօրվա գյուղատնտեսության մասին։ Համալսարան ընդունվելուն պես՝ ուսումնառության առաջին օրվանից ավտոբուսը խմբերով նրանց կտանի գյուղեր, որտեղ զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ։ Հինգ տարի հետո նրանք կկարողանան ինտեգրվել թիմի աշխատանքին»,- ընդգծեց SkyAgro Armenia-ի տեխնիկական տնօրենը։

Սահակյանը նշեց, որ ընկերությունը մտադիր է «Արմաթ» լաբորատորիաներից տարեկան 30-50 երեխայի ներգրավել նախագծում։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում