Գյուղատնտեսության ոլորտում SkyAgro Armenia ընկերության առաջարկած նոր տեխնոլոգիաներն ուղղված են արտադրության ծախսերի կրճատմանն ու բերքատվության բարձրացմանը։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Միհրան Սահակյանը։
Նա պարզաբանեց, որ ընկերությունը Հայաստանում ներդնում է երկու նորամուծություն։ «Դրանցից մեկը հողի պարարտացման համար տրակտորների փոխարեն ագրոդրոնների օգտագործումն է, ինչը կհանգեցնի քիմիական նյութերի օգտագործման մակարդակի, վնասակար նյութերի արտանետումների և ջրի սպառման նվազմանը:
Սա նաև թույլ է տալիս խուսափել դաշտում աշխատելու ժամանակ տրակտորի կողմից բերքը վնասելուց: Բացի դրանից՝ սեզոնի ընթացքում դրոնները ոչ միայն փոխարինում են տրակտորներին, այլև լրացնում են սարքավորումների պակասը, որը պարբերաբար նկատվում է։ Հայաստանում այս տեխնոլոգիան երեք տարի դրական արդյունք է տալիս»,- ընդգծեց SkyAgro Armenia-ի տնօրենը։
Նա հավելեց, որ ընկերության աշխատանքի մյուս կարևոր ուղղությունը գյուղատնտեսության թվայնացումն է։ Նրա գնահատմամբ՝ տվյալների գրանցման բացակայությունը հանգեցնում է նրան, որ առանձին ֆերմերներ քաոսային որոշումներ են կայացնում, թե ինչ աճեցնել և ինչ՝ ոչ: Պլանավորման խնդիրները լուծելու համար SkyAgro Armenia-ն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդնում է համապատասխան հարթակ։
«Սա ֆերմերներին թույլ է տալիս այնտեղ մուտքագրել տվյալներ հողի վրա կատարվող աշխատանքների մասին: Այս փոփոխությունը մեզ կօգնի ճիշտ խորհրդատվություն տրամադրել և խորհուրդներ տալ, թե ինչպես առավելագույնի հասցնել եկամտաբերությունը:
Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ և քննարկումներ են անցկացվում սուբսիդավորման գործիքների կիրառմամբ գյուղատնտեսությունում ագրոդրոնների կիրառման ընդլայնման հարցի շուրջ, որն էլ ավելի կնվազեցնի մեր մատուցած ծառայությունների արժեքը»,- ընդգծեց Սահակյանը։
Նա նշեց, որ մինչ SkyAgro Armenia-ի հետ համագործակցությունը ֆերմերները 1,2-1,5 անգամ ավելի շատ քիմիական նյութեր էին օգտագործում, քան հետո։
«Անօդաչու թռչող սարքը թույլ է տալիս ավելի համաչափ պարարտանյութ սրսկել և ծածկել հնարավոր առավելագույն օգտակար տարածքը։ Մեր հաճախորդների ավելի քան 97%-ը գոհ է մեզ հետ համագործակցությունից: Տարեսկզբից դրանք ավելացել են 300-ով, որոնցից յուրաքանչյուրը մշակում է միջինը 5 հա հողատարածք։
Մենք ինքներս ենք որոշում, թե ինչ չափաբաժին է պետք սրսկել՝ հիմնվելով օբյեկտիվ հաշվարկների վրա, ինչպես նաև հիմնականում մատուցում ենք հաշվառման ծառայություններ։ Բացի դրանից՝ մենք տեղեկատվություն ենք հավաքում արբանյակային պատկերների հիման վրա: Այս ամենը մեզ կարող է թույլ տալ պլանավորել, թե մեզ հետ աշխատող գյուղացիները որ օրը և ինչ ծավալի բերք կունենան, որը կլուծի արտադրանքի իրացման խնդիրը»,- ասաց ընկերության տնօրենը։
Նա նշեց, որ SkyAgro Armenia-ն հետաքրքրված է անցնելու օրգանական գյուղատնտեսության, քանի որ դա կբարձրացնի ընկերության ծառայությունների պահանջարկը, ինչպես նաև կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը։
«Ժամանակի ընթացքում օրգանական գյուղատնտեսության անցած ֆերմերները կունենան սենսորներ, որոնք տեղեկատվություն կտրամադրեն եղանակի, բերքի, հողի պայմանների և այլնի մասին: Հուսով ենք, որ այս սենսորները ֆերմերներին կտրամադրվեն դրամաշնորհային միջոցներով»,- հավելեց Սահակյանը։
Նա վստահ է, որ օրգանական գյուղատնտեսական արտադրանքն աշխարհում կարելի է վաճառել ցանկացած գնով։ «Ամեն ինչ կախված է մարկետինգից և այլ գործոններից: Այստեղ մենք մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանի գյուղատնտեսության համար։ Մեր ընկերության նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա նաև այլ երկրներից, որտեղ ցանկանում են ներդնել մեր առաջարկած տեխնոլոգիաները»,- եզրափակեց SkyAgro Armenia-ի տնօրենը։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում