Figure AI-ը ներկայացրել է 2-րդ սերնդի մարդանման ռոբոտ, որը պատրաստ է արդյունաբերությունում աշխատելուն

7 օգոստոսի, 2024  16:27

Figure AI ընկերությունը ներկայացրել է իր երկրորդ սերնդի մարդանման ռոբոտը՝ Figure 02-ը, որում «բարելավված են իր նախորդի՝ Figure 01-ի բոլոր տարրը»: Ընկերությունը հայտարարել է, որ ստիպված է եղել ամբողջությամբ «վերանախագծել» իր ռոբոտը՝ ապահովելու համար, որ այն կարողանա դիմակայել արտադրության ոլորտում աշխատանքի խիստ փորձառություններին։

Իր նախորդի համեմատ ամենաակնառու փոփոխությունը երկրորդ սերնդի ռոբոտի տեսքն է։ Առաջին բանը, որ գրավում է ուշադրությունը, ռոբոտի մակերեսի փայլատ սև ծածկույթն է և դրսում մալուխների, փորձարկման ամրագոտիների և սենսորների իսպառ բացակայությունը: Ի տարբերություն Fugure 01-ի՝ նոր ռոբոտը կարծես պատրաստի արտադրանք լինի՝ պատրաստ զանգվածային արտադրության:

Figure 02-ն ունի երեք անգամ ավելի շատ հաշվողական հզորություն՝ արհեստական բանականության աջակցությամբ, ինչը ռոբոտին թույլ է տալիս իրական առաջադրանքները կատարել լիովին ինքնուրույն: OpenAI-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տվել արագ վարժեցնել ռոբոտին ձայնային հրամանների միջոցով մարդու հետ շփվելուն՝ ներկառուցված խոսափողերի և բարձրախոսների միջոցով: Նոր մոդելը համալրված է վեց գունավոր տեսախցիկներով, որոնք ռոբոտն օգտագործում է շրջապատն ընկալելու և առարկաները նույնականացնելու համար։

Figure AI-ը մեծ ուշադրություն է դարձրել մանիպուլյատորների զարգացմանը։ Վերջին տարբերակն ունի շարժման 16 աստիճան ազատություն և ունակ է մինչև 25 կգ բեռ տեղափոխել։ Ռոբոտի «ձեռքը» նման է մարդու ձեռքին, և Figure AI-ը նպատակ է դրել հասնել նրան, որ այն ունենա ամբողջ ֆունկցիոնալությունը, ինչ մարդու ձեռքը։ Յուրաքանչյուր մատ շարժվում է ինտեգրված սենսորով և շարժիչային միավորով: Դաստակի նոր դիզայնն ապահովում է շարժման դիապազոն, որը նման է մարդու ձեռքի շարժմանը։

Մինչ օրս Figure AI-ին հաջողվել է ներգրավել 675 միլիոն դոլարի ֆինանսավորում և համագործակցության պայմանագիր կնքել OpenAI-ի հետ: Ընկերությունն արժանացել է RBR50 Innovation Award 2024 մրցանակին՝ 2023-ին ռոբոտաշինության զարգացման արագացված տեմպերի համար։ Ներդրողները գնահատում են մարդանման ռոբոտների ներուժը արտադրության և պահեստների լոգիստիկայի ոլորտում՝ այդտեղ աշխատուժի պակասի պայմաններում:

Այս տարվա սկզբին Figure-ն իր ռոբոտը տեղակայել էր BMW-ի՝ Հարավային Կարոլինայում գտնվող գործարանում՝ այն փորձարկելու, տվյալներ հավաքելու և արհեստական բանականության իր մոդելն ուսուցանելու համար: Ընկերությունը հաջողությամբ ցուցադրել է, որ իր համակարգն արդյունավետ է և կարող է ուսուցանվել արդյունաբերության ոլորտում աշխատելու համար։ 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում