Ֆերմերների մեծամասնությունը շատ, շատ պահպանողական է և փորձում է ամեն ինչ անել այնպես, ինչպես արել են իրենց նախնիները: Բայց խնդիրն այն է, որ էկոլոգիական փոփոխվող պայմանները, բնակչության աճը և մի շարք այլ խնդիրներ ու գործոններ գյուղատնտեսությունում հին մեթոդների կիրառումը միանգամայն ոչ կենսունակ են դարձնում։
Ինչո՞ւ են ժամանակակից տեխնոլոգիաներն այդքան անհրաժեշտ գյուղատնտեսության ոլորտին։ Ինչպե՞ս կարող են դրանք ազդել ֆերմերների աշխատանքի, եկամուտների և արտահանման հեռանկարների վրա: Այս մասին NEWS.am Tech-ը զրուցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի փորձագետ դոկտոր Աֆթաբ Ալամի հետ։
Ինչո՞ւ են գյուղատնտեսությանն անհրաժեշտ նոր տեխնոլոգիաներԺամանակակից գյուղատնտեսությունը բախվում է այնպիսի խնդիրների, որոնք չեն եղել մեր նախնիների ժամանակներում։ Դրանք ներառում են կլիմայի փոփոխությունը, հողի դեգրադացումը և մոլորակի աճող բնակչությանը կերակրելու համար ավելի բարձր բերքատվության անհրաժեշտությունը: Այս պայմաններում գյուղատնտեսական նորարարական պրակտիկան ավելի կարևոր է դառնում պարենային անվտանգության ապահովման, բնական ռեսուրսների պաշտպանության և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:
Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը բազմաթիվ օգուտներ է բերում նաև հենց իրենց՝ ֆերմերներին․ ներդնելով ավելի քիչ ջանք և ռեսուրսներ, նրանք կարող են ավելի լավ բերք ստանալ, ինչն, ինչպես ակնկալվում է, պետք է կավելացնի նրանց եկամուտը։
Ինչպես նշեց դոկտոր Ալամը, «ավանդական» գյուղատնտեսությունում մարդիկ չափազանց մեծ ջանք ու ռեսուրսներ են ներդնում (ներառյալ ջուրը և քիմիական պարարտանյութերը), և շատ դեպքերում դրա կարիքն իսկապես չկա: «Ավանդական» գյուղատնտեսության մեկ այլ մեծ խնդիր է մեծ քանակի գյուղատնտեսական թափոնների ուտիլիզացիան շրջակա միջավայրում։ Երկու խնդիրներն էլ, ի թիվս այլ բաների, ավելի են սրվել նաև կլիմայի փոփոխության պատճառով:
«Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգնել երկու խնդիրների դեպքում էլ: Նրանց օգնությամբ գյուղատնտեսությունը կարող է ավելի «խելացի» դառնալ, կարելի է աշխատանքում ներդնել միայն ամենաանհրաժեշտ ջանքերն ու ռեսուրսները և ստանալ ավելի լավ արդյունք՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը»,- նշեց մասնագետը։
Ի՞նչ տեխնոլոգիաների մասին է խոսքըԳյուղատնտեսության ոլորտի համար ժամանակակից տեխնոլոգիաները քիչ չեն, և շատ հետաքրքիր բաներ դեռ զարգացման փուլում են։
Օրինակ՝ շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, վերջին տարիներին սկսել են ավելի ու ավելի հաճախ օգտագործել դրոններ՝ ծառերն ու բույսերը ջրելու, պարարտանյութեր ու թունաքիմիկատներ բաշխելու համար։ Այս դրոնների օգնությամբ կարելի է զգալիորեն նվազեցնել ջրի և քիմիական նյութերի քանակը, որոնք անհրաժեշտ են բույսերին:
Մեկ այլ հետաքրքիր տեխնոլոգիա, ինչպես նշեց դոկտոր Ալամը, հողի մեջ տեղադրված հատուկ սենսորներն են։
«Որոշ բույսերի արմատները մեկ մետր խորություն ունեն։ Երբ մենք ջրում ենք հողը, ջուրը սովորաբար «իջնում» է ավելի խորը, քան պետք է. այնտեղ, որտեղ բույսերի արմատները չեն հասնում դրան: Ստացվում է, որ այս ջուրն ուղղակի անիմաստ վատնում է։ Արմատային գոտում ցանկալի խորության վրա կարելի է տեղադրել խոնավությունը որոշող հատուկ սենսոր: Երբ սկսում ենք ջրել, և ջուրը հասնում է այս գոտուն, սենսորն ինքնաբերաբար անջատում է ջուրը, և մենք չենք վատնում ավելի շատ ջուր, քան անհրաժեշտ է։ Երբ այս գոտում բավարար խոնավություն չկա, սենսորը նորից միացնում է ոռոգումը: Այս տեխնոլոգիայի շնորհիվ մենք կկարողանանք ավելի քիչ ջուր օգտագործել նույն քանակի բերք ստանալու համար»,- պարզաբանեց մասնագետը։
Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգնել նաև փոշոտման հարցում: «Ավանդական» գյուղատնտեսության մեջ սա սովորաբար երկար և բարդ գործընթաց է, սակայն անօդաչու սարքերի օգնությամբ փոշոտումը բավականին մեծ տարածքում կարելի է կազմակերպել ընդամենը մեկ ժամում։
Ինչո՞ւ այս տեխնոլոգիաներն այսօր այնքան էլ տարածված չենԵթե ժամանակակից տեխնոլոգիաներն օգնում են խնայել ռեսուրսները և շատ ավելի հեշտացնել ֆերմերների կյանքը, ինչո՞ւ դրանք դեռ չեն տարածվել:
Դոկտոր Ալամի խոսքով՝ խնդիրը դրանց բարձր արժեքը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Խնդիրն առաջին հերթին այն է, որ ֆերմերները բավականաչափ տեղեկացված չեն. շատերը պարզապես չգիտեն այդ տեխնոլոգիաների գոյության և այն մասին, թե ինչպիսի օգուտ կարող են դրանք բերել: Մյուսները չեն վստահում ժամանակակից տեխնոլոգիաներին և նախընտրում են ծանոթ ու հասկանալի «ավանդական» մեթոդները։
«Ֆերմերների մեծ մասը հեռու է ժամանակակից տեխնոլոգիաներից և ամեն ինչ անում է այնպես, ինչպես դա անում էին նախկինում, նրանք չեն ցանկանում փոփոխություններ։ Եվ այս խնդիրը արդիական է ամբողջ աշխարհում։ Մեր խնդիրն է կրթել ֆերմերներին, նրանց համար թրեյնինգներ անցկացնել, պատմել, թե ինչու են իրենց պետք այդ տեխնոլոգիաները։ Տեխնոլոգիաների մեծ մասը նույնիսկ շատ թանկ չէ և դժվար չէ օգտագործել, բայց դրանք կօգնեն ավելի շատ բերք ստանալ ավելի քիչ ջանքերով»,- նշեց մասնագետը։
Հիշեցնենք, որ դոկտոր Աֆթաբ Ալամը հունիսի 24-ից 27-ը Sevan Startup Summit 2024-ի շրջանակում անցկացված Sevan Agritech Summit-ին ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի կողմից հրավիրված փորձագետն է։
«Ագրոտեխնոլոգիաների նոր միտումները՝ աջակցելու արդյունավետությանը, արտադրողականությանը և գյուղատնտեսության կայունությանը» վերնագրով իր պրեզենտաիցայի ժամանակ նա պատմում էր այն մասին, թե նոր սերնդի ձեռներեցների համար ինչ հնարավորություններ է բացում գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Նա նաև մասնակցել է քննարկումներին, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են գյուղատնտեսության ոլորտն ավելի կայուն և արդյունավետ դարձնել և ազդել Հայաստանից այլ երկրներ ապրանքների արտահանման վրա։
«Sevan Agritech Summit»-ը կազմակերպում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում