ML Mining ընկերությունը պետության հետ համատեղ իրականացնում է քաղաքաշինական երեք խոշոր նախագիծ՝ ուղղված պետաշխատողներին բնակարաններով ապահովելուն: Այս մասին EconoMIX հաղորդման հեղինակ Սուրեն Պարսյանի հետ զրույցում ասել է ML Mining ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը։
«Այս նախագծերից մեկն արդեն ավարտված է։ Խոսքն Ադոնցի փողոցում գտնվող «Ճառագայթ» համալիրի մասին է։ Համալիրը ներառում է 619 բնակարան»,- նշեց նա։
Մարությանը հավելեց, որ ևս երկու խոշոր նախագիծ նախաձեռնվել է 2023 և 2024 թվականներին.
«Նոր Երևան» համալիրի երրորդ մասնաշենքի հարմարեցում քաղծառայողների բնակարանային ապահովման ծրագրին, «Ավան Թաուերս» Աճառյան փողոցում։ Յուրաքանչյուր նախագծով նախատեսվում է 1000-ական բնակարան։«Սա պետության և մասնավոր հատվածի համագործակցության դասական օրինակ է։ Կառավարության այսպիսի նախագծերը շատ կարևոր են գնորդների համար, որպեսզի նրանք կարողանան կողմնորոշվել, թե որ ծրագրին վստահել, որ նախագիծն է ավելի վստահելի կառավարության վերահսկողության տեսանկյունից»,- ընդգծեց նա։
ML Mining ընկերության ներկայացուցիչը նշեց, որ այժմ կառուցապատողների համար առհասարակ հեշտ ժամանակներ չեն, նրանց ապագան մեծապես կախված է ֆինանսական հաստատությունների պահվածքից:
«Կարևորն այն է, թե ֆինանսական հատվածն ինչպես կլրացնի բացը, երբ Երևանում հիփոթեքային վարկերի դեպքում սահմանափակվի եկամտահարկի վերադարձի ինստիտուտը։
2025-ին առևտրային բանկերն այլևս չեն կարողանա իրենց պրոդուկտը, թեկուզև նույն ծավալներով, վաճառել ընթացիկ տոկոսադրույքներով։ Ուստի բանկերը, կառուցապատողների հետ համագործակցությամբ, պետք է նոր պրոդուկտներ մշակեն։ Գուցե կառուցապատողներն իրենք պետք է նոր մեխանիզմների մասին մտածեն։
Ճարտարապետական տեսանկյունից կլինեն նաև նոր միտումներ, քանի որ գնորդն այսօր ցանկանում է ոչ այնքան բարձրահարկ շենքեր, որքան ցածրահարկ նախագծեր։ Բացի դրանից՝ շինարարությունը կտեղափոխվի մարզեր, ինչը կբերի Երևանի բնակֆոնդի թարմացմանն ու բեռնաթափմանը, բայց դրա հետ մեկտեղ կառուցապատողը կբախվի նույն ենթակառուցվածքային խնդիրներին, որոնք կան մայրաքաղաքում»,- ասաց Մարությանը։
Նրա խոսքով՝ Երևանի շինարարության ոլորտում միջազգային ներդրողների ներգրավման տեսանկյունից կարող են հետաքրքրություն առաջացնել ապարտամենտ հյուրանոցների կառուցման նախագծերը։
«Այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր կլինի [Ադրբեջանի հետ – խմբ․] խաղաղության պայմանագիրը, որից կախված կլինի օտարերկրյա ներդրողների վերաբերմունքը երկրի նկատմամբ որպես ամբողջություն»,- եզրափակեց նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում