Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների լանդշաֆտը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի փոփոխություններ է կրել․ երկրում գործարկվել են հետազոտական և կրթական մի շարք նոր նախաձեռնություններ և բացվել նոր ընկերություններ: Բացի դրանից՝ ակտիվ աշխատանքներ են տարվում Ինժեներական քաղաքի կառուցման և ապագա Արդյունաբերական քաղաքի կառուցման շուրջ բանակցությունների ուղղությամբ։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Նրա խոսքով՝ վերջերս Հայաստանում մեկնարկել է «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» նոր նախաձեռնությունը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, զբաղվելու են չիպերի (կիսահաղորդիչների) նախագծման և արտադրության կոնցեպտներով։ Նաև գիտահետազոտական լաբորատորիաներ են բացել հինգ ոլորտներում՝ ներառյալ կիբեռանվտանգությունը, անօդաչու մեքենաները և խելացի արտադրությունը:
«Մենք արդեն սկսել ենք հետազոտական ծրագրեր հնարավոր տեխնոլոգիաների վերաբերյալ, որոնք կհայտնվեն 30 տարի հետո»,- նշեց Ենգիբարյանը։
Վերջին ամիսների ձեռքբերումների թվին նա դասում է նաև Ինժեներական քաղաքում Շառլ Ազնավուրի անվան «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի» բացումն ու գործարկումը, որն ստեղծում է նորագույն ենթակառուցվածքներ՝ հնարավորություն տալով հետազոտություններ և հաշվարկներ կատարել արդյունաբերության, կրթության և գիտության ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, ինժեներական քաղաքում շենքերի ու շինությունների թիվը, Ենգիբարյանի խոսքով, ահռելի արագությամբ աճում է։
Ինչ վերաբերում է Արդյունաբերական քաղաքին, որտեղ հնարավոր կլինի արտադրություն կազմակերպել Ինժեներական քաղաքում մշակված նախագծերի շրջանակում, դեռ բանակցություններ են ընթանում կառավարության և տարբեր դոնորների հետ: Ի լրումն այլ հարցերի, խնդիր կա նաև ինժեներական քաղաքին կից հողամասի հետ կապված, որն անհրաժեշտ կլինի գնել Ինժեներական քաղաքի մոտ:
Տեխնոլոգիաների զարգացում մարզերումSilicon Mountains Shirak տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում Բագրատ Ենգիբարյանը մասնակցում էր մարզերում ներդրումների թեմայով քննարկմանը։
NEWS.am Tech-ի հետ զրույցում նա նշեց, որ հաշվի առնելով մեր երկրի սահմանափակ ռեսուրսները, կարծում է, որ մարզերի զարգացումն ամենակարևոր խնդիրներից է։ Բայց թե ինչպես է պետք դա անել, բավականին բարդ խնդիր է, որը պետք է հասկանալ:
«Մեր մարզերը շատ տարբեր են։ Օրինակ՝ Աշտարակն ու Կապանը շատ տարբեր քաղաքներ են։ Կապանը, օրինակ, սահմանամերձ է, այնտեղ անվտանգության խնդիրներ կան։ Հասկանալու համար, թե ինչպես կարելի է զարգացնել մարզերը, նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչ հեռանկարներ և ֆինանսական հնարավորություններ ունեն դրանք։ Մասնավորապես, մենք քննարկում ենք Կապանում տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու հնարավորությունը։ Հաշվի առնելով Գյումրիի և Վանաձորի փորձը՝ վստահ եմ, որ Կապանում անպայման հաջողությունների կհասնենք»,- ասաց Ենգիբարյանը։
Նրա խոսքով՝ որոշումների կայացման գործընթացը, թե որտեղ և ինչ զարգացնել, պետք է հիմնված լինի տեղական կարիքների, հնարավորությունների և շահերի խորը ընկալման վրա: Գրագետ գործընկերության վրա հիմնված նախաձեռնություններն ամենահաջողն են եղել վերջին 20 տարիների ընթացքում:
Խոսելով Հայաստանի մարզերում այսօրվա կրթական և զբաղվածության հնարավորությունների մասին՝ ՁԻՀ-ի տնօրենը նշեց, որ հետկովիդային շրջանում այդ հնարավորությունները փաստացի մեծացել են, քանի որ շատերն անցել են առցանց ուսուցման և հեռավար աշխատանքի։ Այս փոխակերպումը փոխել է կրթության և զբաղվածության ձևը՝ թույլ տալով ավելի կարճ ժամանակում զգալի արդյունքների հասնել ուսումնառության ոլորտում, այդ թվում՝ արհեստական բանականության հզորությունն օգտագործելու միջոցով: Փոխվել է նաև ուսուցիչների դերը՝ տեղեկատվություն փոխանցողներից մինչև մոդերատորների։
Ենգիբարյանի խոսքով՝ ստեղծվում են բոլոր հնարավորությունները, որպեսզի երիտասարդները հնարավորինս քիչ դեպքերում ստիպված լինեն սովորելու կամ աշխատելու նպատակով գալ Երևան. նրանք պետք է հասանելիություն ունենան արդի տեղեկատվության և ռեսուրսների իրենց հայրենի քաղաքներում, և պետք է կարողանան կյանքի ավելի բարձր որակ վայելել իրենց մարզերում՝ հեռավար աշխատելու ընթացքում:
Հիշեցնենք, որ Silicon Mountains Shirak ֆորումը կայացել է հուլիսի 4-ին Գյումրիում։ Միջոցառումը կազմակերպել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Ֆորումի պլատինե գործընկերն է Unicomp-ը, ֆինթեք գործընկերը՝ EasyPay-ը, տեխնիկական գործընկերը՝ Ucom-ը, արծաթյա գործընկերներն են Synopsys Armenia-ն և Ovio-ն: Միջոցառման տարածաշրջանային գործընկերներն են ՁԻՀ-ը և GTC-ն, իսկ մեդիա գործընկերը՝ NEWS.am Tech-ը:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում