Գրավել առաջատար դիրք, ապահովել թվային ենթակառուցվածք տնտեսության, բիզնեսի և հանրության համար. Ռալֆ Յիրիկյանը՝ Ucom-ի նոր ռազմավարության մասին

9 հուլիսի, 2024  21:02

Առաջիկա հինգ տարում Ucom-ը նախատեսում է ոչ միայն առաջատար դիրք գրավել Հայաստանում, այլև ապահովել թվային ենթակառուցվածք, որը կծառայի երկրի տնտեսությանը, բիզնեսին և հասարակությանը։ Այսպիսի ռազմավարություն ընդունել և հաստատել են ընկերության բաժնետերերը, և դրանով էլ առաջնորդվում է Ռալֆ Յիրիկյանը, որն ընկերության ղեկն ստանձնել է 2023-ից։

Silicon Mountains Shirak ֆորումի շրջանակում Ռայլֆ Յիրիկյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում խոսել է Ucom-ի նոր ռազմավարության և նպատակների, սպասվող նորամուծությունների և շատ այլ բաների մասին։

«Սկզբում դժվար էր»

Յիրիկյանի խոսքով՝ սկզբում բավականին դժվար էր։ Հիմա ևս դժվար է, սակայն չնայած դրան, ընկերությունը, հաղթահարելով ճգնաժամը, շարժվում է դեպի իր նպատակները, որոնց ճանապարհին պետք է փոխի աշխատանքային միջավայրն ու մշակույթը, որպեսզի դրանք ավելի լավ համապատասխանեն նոր ռազմավարությանը։

«Մենք ուրվագծել ենք նոր ռազմավարությունը, և մեր աշխատակիցները հստակ գիտեն, թե ուր ենք գնում և ինչի ենք ուզում հասնել: Դա նրանց վստահություն է տալիս իրենց և ապագայի նկատմամբ: Նրանք տեսնում են, որ ներդրումներ են կատարվում։ Փետրվարին մենք հայտարարել ենք մեր որոշ ներդրումների մասին մարզային ենթակառուցվածքների և կապի ոլորտում։ Այս ներդրումները գեներացրին այն խթանը, որն անհրաժեշտ էր մեր թիմի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Սկզբում դժվար էր վստահություն ներշնչել այս նախաձեռնությունների նկատմամբ, սակայն վերջին մեկ տարվա և չորս ամիսների ընթացքում հետևողական ջանքերի շնորհիվ մեր թիմն այժմ հասել է շոշափելի արդյունքների, ինչն էլ ավելի է ոգեշնչում և մոտիվացնում մեզ»,- ասաց Ucom-ի ղեկավարը։

Նրա խոսքով՝ առջևում դեռ շատ աշխատանք կա. օրակարգում թվայնացումն է, որը ենթադրում է նոր տեխնոլոգիաների միջոցով ենթակառուցվածքների փոփոխություն, ինչը լուրջ աշխատանք կպահանջի, և անձնակազմն ու բոլոր գործընկերները պետք է հոգեպես պատրաստ լինեն դրան։

Ըստ Յիրիկյանի՝ անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընկերությունը երկրում առաջատար դիրքի հասնի և ստեղծվի ենթակառուցվածք, որն իսկապես կարող է շատ բան փոխել, հատկապես, որ մրցակիցներն այս ընթացքում ձեռքերը ծալած չեն նստի. նրանք նույնպես ունեն նպատակներ և ռազմավարություններ, և նրանք նույնպես կձգտեն հասնել դրանց:

«Սակայն կարծում եմ, որ շատ հետաքրքիր մրցավազք է լինելու: Թեժ է լինելու՝ բառիս լավ իմաստով։ Մեր ոլորտում մրցակցությունն օգուտ կբերի երկրի տնտեսությանը և մեր ժողովրդին։ Եթե ​​երկրում զարգացած լինեն հեռահաղորդակցության ենթակառուցվածքները, ապա դրանք կնպաստեն տնտեսության բազմաթիվ ճյուղերի զարգացմանը»,- նշեց Յիրիկյանը։

Թվային հարթակներ և ԱԲ

Յիրիկյանի խոսքով՝ առկա համակարգերը չունեն ճկունություն, որպեսզի հնարավոր լիներ սպառողներին առաջարկել նոր պրոդուկտների լայն տեսականի: Սակայն դա կարող է փոխվել թվային նոր հարթակներում ներդրումների շնորհիվ, որոնք ընկերությանը հնարավորություն կտան հետաքրքիր և բազմազան պրոդուկտներ առաջարկել: Թե կոնկրետ ինչ պրոդուկտների մասին է խոսքը և երբ դրանք կառաջարկվեն, դեռ առևտրային գաղտնիք է, որն ընկերության ղեկավարը նախընտրեց չբացահայտել։ Այդուհանդերձ, նա նշեց, որ հետաքրքիր նորամուծություններն ի հայտ կգան նոր հարթակների գործարկումից հետո, ինչը, ինչպես ակնկալվում է, տեղի կունենա հաջորդ տարվա երկրորդ կամ երրորդ եռամսյակում։

Պատասխանելով արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառման մասին հարցին՝ Յիրիկյանը նշեց, որ ընկերությունն արդեն դրանք օգտագործում է, օրինակ, հաշվապահական հաշվառման համակարգում. այս համակարգը կարդում է տվյալների բազայի տվյալները, վերլուծում դրանք, անում առաջարկություններ և արտացոլում է շատ օգտակար տեղեկություններ, ինչպիսիք են միտումներն ու բաժանորդների նախընտրությունները: Ցանկացած նոր հարթակ կներառի նաև ԱԲ-ն, որն այսօր էական նշանակություն ունի ինչպես ընկերության, այնպես էլ նրա բաժանորդների համար օգուտներն առավելագույնի հասցնելու համար։

Ucom-ը՝ Silicon Mountains Shirak-ի տեխնոլոգիական գործընկեր

Ucom-ը հուլիսի 4-ին Գյումրիում անցկացված և Հայաստանի մարզերում ՏՏ զարգացման խնդրին նվիրված Silicon Mountains Shirak համաժողովի տեխնոլոգիական գործընկերն է։ Համաժողովում Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց պրեզենտացիա և խոսեց մայրաքաղաքից դուրս ընկերության գործունեության և այն մասին, թե ինչպես են ենթակառուցվածքների ստեղծումը և կապի տեխնոլոգիաների տարածումը մարզերում պայմաններ ստեղծում ՏՏ ընկերությունների զարգացման համար։

Յիրիկյանի խոսքով՝ համաժողովի կազմակերպիչ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը շատ կարևոր առաքելություն է կատարում երկիրը տեխնոլոգիական և թվային զարգացման ճանապարհով տանելով։ Silicon Mountains համաժողովի նման միջոցառումները, ըստ Յիրիկյանի, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն են տալիս կիսվել իրենց փորձով, խոսել խնդիրների մասին, որոնց իրենք բախվել են և որոնք անհրաժեշտ է լուծել, որպեսզի հնարավոր լինի հասնել այսպես կոչված «թվային ապագային», որն օգուտ կբերի թե՛ երկրի տնտեսությանը, թե՛ բիզնեսին։

«Հայաստանը միայն Երևանը չէ,- NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Յիրիկյանը,- Եթե ուզում ենք օգուտ տալ երկրին, պետք է դուրս գանք Երևանի սահմաններից։ Եթե ​​մենք խոսում ենք որևէ տարածքի մասին, ապա պետք է այն դիտարկենք որպես մեկ ամբողջություն, և ոչ միայն այդ տարածքի որոշակի հատված։ Եթե ​​մենք խոսում ենք երկրի զարգացման մասին, ապա պետք է հասնենք նրա բոլոր անկյունները։ Մեր գաղափարները պետք է տարածվեն բոլոր մարզերում և օգուտ բերեն մեր երկրին, չէ՞ որ այնտեղ ևս մարդիկ ցանկանում են զարգանալ՝ իրենց մտածողությամբ, գիտելիքներով»։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում