ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 4-ին ընդունել է անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։Նախարարը ողջունել է հյուրին, շնորհավորել Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի Ազգային հերոսի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, նշել, որ այն մեր երախտիքի արտահայտումն է Իզմիրլյանների ընտանիքին՝ հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայությունների համար։Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ և իրականացվելիք նոր ծրագրերը, կարևորել սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը դրանց իրագործմանը։Նախարարը, խոսելով բարձր տեխնոլոգիաների ռազմավարության մասին, նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ տեխնոլոգիական աշխարհում դառնալու կարևոր դերակատար, և այս համատեքստում սփյուռքի մասնագիտական կարողությունները, նորարար մտածողությունն ու հնարավորությունները մեծ նպաստ կարող են բերել դրան:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում