«Աճեցնենք բիզնեսը միասին»․ Ինչ է Ozon-ն առաջարկում գնորդներին և վաճառողներին Հայաստանում

4 ապրիլի, 2024  11:46

Ռուսաստանի առաջատար առցանց վաճառքի հարթակ Ozon-ը Հայաստան է եկել 2023 թվականի մայիսին, և արդեն այսօր Երևանում ընկերությունն ունի 2000 քառակուսի մետր մակերեսով ապրանքների տեսակավորման կենտրոն և պատվերների ստացման 192 կետ երկրի ամբողջ տարածքում։ Ինչպիսի պլաններ ունի ընկերությունը Հայաստանում բիզնեսի զարցացման և հաճախորդների ներգրավման համար, և ինչպես կարող են հայաստանյան ձեռնարկատերերը իրենց ապրանքատեսականին ներկայացնել Ozon-ում․ այս թեմաներին էր նվիրված ընկերության առաջին բիզնես ֆորումը՝ «COM•E ON Ереван 2024»-ը, որն անցկացվեց Երևանում ապրիլի 3-ին։

ԱՊՀ երկրներում Ozon-ի գործառնությունների և զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնը պատմում է, որ Ռուսաստանում 2023 թվականին առցանց գնումների վրա ծախսվել է ավելի քան 96 միլիարդ ԱՄՆ դոլար։ Փաստացի, Ռուսաստանի բնակիչների 73 տոկոսը առցնանց գնումներ են անում, և նմանատիպ գնումները կազմում են բոլոր գնումների 18 տոկոսը։ Իսկ որոշ ապրանքատեսակների մասով առցանց վաճառքների քանակը արդեն հավասարվել է ավանդական ձևով՝ խանութում վաճառքների քանակին։ Ozon-ի գնորդների քանակը 2023 թվականին հասել է 46 միլիոնի, իսկ Ozon ընկերությունների խմբի շրջանառությունը կազմել է 1 տրիլիոն 700 միլիոն ռուբլի։ Ընկերության կարգախոսն է՝ «Աճեցնենք բիզնեսը միասին»։

Բացի այդ նա ընդգծել է, որ մարքեթփլեյսում աճում է այնպիսի «անսպասելի» ապրանքատեսակների վաճառքը, ինչպիսիք են ավտոմեքենաներն ու կահույքը։ Կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանի առցանց վաճառքների շուկան մինչև 2027 թվականը կեռապատկվի․ «Եվ Ռուսաստանի գնորդներին անհրաժեշտ են ապրանքներ Հայաստանից», ասել է նա։

Ozon-ը Հայաստանում․ ձեռքբերումներ և հեռանկարներ

Հայաստանում, Ալեքսեյ Սապոնի խոսքով, նույնպես աճում է առցանց գնումների շուկան։ 2023 թվականի ընթացքում առցանց գնումների վրա ծախսվել է 449 միլիոն ԱՄՆ դոլար կամ 150 ԱՄՆ դոլար մեկ բնակչի հաշվարկով։ 

Հայաստանում Ozon-ի վաճառքների տնօրեն Աշոտ Հախվերդյանը պատմել է, որ ընկերությունը Հայաստան մուտք է գործել 2023 թվականի մայիսին՝ Երևանում ապրանքների տեսակավորման կենտրոնի բացմամբ, և կազմվել է աշխատանքային խումբ, որը օգնում է հայ ձեռնարկատերերին դուրս գալ Ozon-ի հարթակ: Արդեն նոյեմբերին մեկնարկել է Ռուսաստանում հայկական ապրանքների ակտիվ վաճառքը։

Այժմ ավելի քան 2500 հայ գործարարներ են գրանցված Ozon–ում, ավելի քան 170,000 ակտիվ օգտատեր օրական ավելի քան 5000 պատվեր է կատարում։ Ինչպես լրագրողների հետ զրույցում խոստովանեց Ալեքսեյ Սապոնը՝ Հայաստանի շուկա մուտք գործելիս նման ակտիվ աճի ակնկալիք չեն ունեցել։ 

Սակայն Հայաստան ներմուծման և արտահանման ընթացքոմ մի շարք լոգիստիկ խնդիրներ են առաջանում, ինչը մեծացնում է ապրանքների առաքման ժամանակահատվածը։ Մասնավորապես, այսօր Երևանից Մոսկվա ապրանքների առաքման ժամկետը 12 օր է։ Ozon-ն ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ժամկետի կրճատման ուղղությամբ, վստահեցրել է Ալեքսեյ Սապոնը։

Երևան քաղաքի սահմաններում պատվերը գնորդին է հասնում 24 ժամվա ընթացքում, իսկ երկրի տարածքում՝ մինչև 3 օրվա, ինչը հասցվելու է 1-2 օրվա։ 

ԱՊՀ երկրներում Ozon-ի գործառնությունների և զարգացման տնօրենի խոսքով՝ հարթակն առաջարկում է առաքման հարմարավետության և ապրանքատեսակների առաջխաղացման մի շարք գործիքներ։ Մասնավորապես, մատուցվում են փաթեթավորման, պահեստավորման և քրոսքոդինգի ծառայություններ։

Հայաստանում Ozon-ի վաճառքների տնօրեն Աշոտ Հախվերդյանը հավելեց, որ 2024 թվականի ապրիլից փաթեթավորման և պիտակավորման ծառայությունները հասանելի կլինեն նաև Հայաստանում։ 

«Բացի այդ, մենք հնարավորություն կտանք ձեր ապրանքները պահել Երևանի մեր պահեստում։ Նման քայլերի շնորհիվ կկարողանանք մեծացնել առաքումների հաճախականությունը։ Եթե այսօր շաբաթը 2-3 անգամ ենք առաքումներ անում, ապա այդ թիվը կհասնի շաբաթում 5-7 առաքման, որպեսզի պատվերի ստացման պես ապրանքը առաքվի գնորդին», - հայ գործարարներին պատմել է Ալեքսեյ Սապոնը։

Աշոտ Հախվերդյանի խոսքով՝ մայիսին Հայաստանում հասանելի կդառնա քրոսքոդինգը, ինչը ենթադրում է ապրանքի հանձնում Հայաստանում և դրա պահեստավորում Մոսկվայի, Եկատերինբուրգի կամ այլ քաղաքների պահեստներում, որտեղ գտնվում է գնորդը, ինչը կարագացնի առաքման գործընթացը։ Նույն ժամանակ հասանելի կդառնա ևս մեկ օգտակար ծառայություն մարզերի գործարարների համար՝ ապրանքները վաճառքի հանձնել ստացման կետերում Երևան հասցնելու փոխարեն։

Հունիսին Երևանի տեսակավորման կենտրոնը կընդլայնվի ևս 1000 քառակուսի մետրով և կաշխատի ֆուլֆիլմենթի ձևաչափով, ինչը ենթադրում է պատվերի ստացումից մինչև առաքում ամբողջ շղթայի սպասարկում։ Ռուսաստանում, պատմում է Ալեքսեյ Սապոնը, Ozon-ն այդ նպատակի համար արդեն իսկ 2,5 միլիոն քառակուսի մետր տարածք է տրամադրել։

Մինչև տարվա վերջ Հայաստանում ստացման կետերի թիվը պլանավորվում է հասցնել 500-ի։ 

Ի՞նչ ապրանքներ են օգտատերերը պատվիրում Ozon-ից Հայաստանում

Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում ամենամեծ պահանջարկն են վայելում էլեկտրոնիկան, կենցաղային ապրանքները, կոսմետիկան և խնամքի միջոցները, երեխաների համար նախատեսված ապրանքատեսակները, այդ թվում՝ տակդիրները, ինչպես նաև կենդանական կերերը։

Մինչև վերջերս մեծ պահանջարկ ունեին նաև որոշ սննդատեսակներ՝ մակարոններ, արևածաղկի ձեթ, ընդեղեն և այլն, սակայն դրանք այժմ հասանելի չեն հայաստանյան սպառողին։ Լրագրողների հետ զրույցում Աշոտ Հախվերդյանը խորհուրդ տվեց սրանում դավադրության տեսություններ կամ ստվերային պայմանավորվածություն խոշոր ներկողների հետ չփնտրել։ Խնդիրը օրենսդրական սահմանափակումների մեջ է։

«Ինչ վերաբերում է տեսականուն, ինձ հաճախ են հարցնում, թե ինչու Ozon-ի միջոցով չի կարելի Հայաստանում կամ Ռուսաստանում գնել այս կամ այն ապրանքը։ Ամեն ինչ կապված է բացառապես տեղի օրենսդրության և միջազգային առևտրի ու լոգիստիկ սահմանափակումների հետ։ Միայն այս պատճառով է, որ Հայաստանում գնորդների համար ապրանքների նկատմամբ սահմանափակումներ կան։ Մինչդեռ սա բացառիկ հնարավորություն է Հայաստանյան վաճառողների համար տեղական սպառողին վաճառել այն ապրանքները, որոնք անհասանելի են Ռուսաստանից և բավարարել այս պահանջարկը», - ասաց Աշոտ Հախվերդյանը։

Ինչո՞ւ պետք է գնորդներն ու վաճառողները Հայաստանում նախապատվությունը տան Ozon-ին

Այս հարցին ի պատասխան Ալեքսեյ Սապոնը նշեց, որ Ozon հարթակի նկատմամբ գնորդների հետաքրքրությունը աճում է ոչ միայն ռունեթում, այլև ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Իսկ վաճառողները անպայման կգան այնտեղ, որտեղ գնորդներն են, նշեց նա։ Ozon-ի ներկայացուցիչը նշեց, որ իրենց առավելություններից են նաև Հայաստանում աշխատող մենեջերների լավ թիմը, ինչպես նաև Ozon-ում օգտագործվող հարմարավետ գործիքները։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում