Ինչո՞ւ Apple-ը դժվարություններ ունեցավ Google-ի հետ մրցակցող որոնողական համակարգ ստեղծելու հարցում

14 նոյեմբերի, 2022  14:07

Apple ընկերությունն արդեն մի քանի տարի աշխատում է որոնողական համակարգի ստեղծման վրա, որը կարող է մրցել Google-ի հետ։ Բայց, կարծես, առաջիկա տարիներին այդ համակարգը դժվար թե իրականություն դառնա, հատկապես, որ դրա վրա աշխատող առանցքային մասնագետները տեղափոխվել են Google։

Ըստ The Information-ի տվյալների՝ հեռացած երեք աշխատակիցները Laserlike կոչվող ստարտափի հիմնադիրներն էին։ Այս ծառայությունն օգտատերերին առաջարկում էր կայքեր՝ ելնելով նրանց հետաքրքրություններից և նրանից, թե սովորաբար ինչ կայքեր են նրանք այցելում։ Մինչ Laserlike-ի հիմնումը, երեքն էլ աշխատել են Google Search-ում։

2018-ին Apple-ը ձեռք է բերել Laserlike-ը՝ փորձելով բարելավել Siri Suggestions և Spotlight հավելվածների որոնման գործառույթները: Apple-ի որոնողական համակարգերի մշակման թիմի (առնվազն 200 աշխատակից ունի) ավագ տնօրենի դերն ստանձնել է Laserlike-ի համահիմնադիր Սրինիվասան Վենկատաչարին։ Apple-ում նա զեկուցում էր անմիջապես ընկերության մեքենայական ուսուցման և արհեստական բանականության հարցերով փոխնախագահ Ջոն Ջաննանդրեային, որը նախկինում նույնպես աշխատել է Google-ում: Ավելին, Վենկատաչարին Google Search-ի ևս մի քանի նախկին աշխատակիցների է աշխատանքի ընդունել իր թիմում:

Laserlike-ի մյուս համահիմնադիրների հետ միասին այժմ Վենկատաչարին վերադարձել է Google: Այսօր նա զբաղեցնում է Google-ի ճարտարագիտության հարցերով փոխնախագահի պաշտոնը՝ ընկերության տեխնոլոգիաների հարցերով ավագ փոխնախագահ Ջեյմս Մանիկայի ղեկավարության ներքո: Laserlike-ի համահիմնադիրներ Սթիվեն Բեյքերը և Անանդ Շուկլան նույնպես այս թիմի մասն են կազմում:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Apple-ը նախատեսում է Google որոնողական համակարգին փոխարինող թողարկել: Մասնագետների տվյալներով՝ չորս տարուց շուտ դա տեղի չի ունենա։ Ավելին, ընկերությունը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի ավելացնել բյուջեն այս նախագծի և թիմի համար, որը կաշխատի դրա վրա։

Միևնույն ժամանակ Apple-ը չունի իր սեփական որոնողական համակարգը, այն օգտագործում է Google որոնողական համակարգը, որը Apple-ին տարեկան 18-20 մլրդ դոլար է վճարում՝ ավտոմատ կերպով iPhone-ների և iPad-ների որոնողական համակարգը մնալու համար։

Որոշ փորձագետների կարծիքով՝ հնարավոր է, որ Apple-ը գործարք կնքի Microsoft Bing-ի հետ, որն այսօր համեմատաբար փոքր մասնաբաժին ունի որոնողական համակարգերի շուկայում։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում