Ռուսական Caviar ընկերությունը, որն ստեղծում է շքեղ և հատուկ սմարթֆոններ և այլ էլեկտրոնիկա, հայտարարել է, որ թարմացրել է iPhone 15 Pro Pair of Kings հավաքածուն։ Ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի երեք յուրահատուկ տարբերակ, որոնք ստեղծելիս մշակողները ոգեշնչվել են շվեյցարական հայտնի ժամացույցների Richard Mille ապրանքանիշի էսթետիկայով։
«Ես հիացած եմ Richard Mille-ի թիմի խիզախությամբ հեղափոխական գաղափարների իրականացման գործում։ Նրանք արեցին այն, ինչ ոչ ոք չէր կարող անել․ 20 տարվա ընթացքում նրանք գրավեցին շքեղ ժամացույցների շուկան և անբասիր վարպետության շնորհիվ պատուհան բացեցին դեպի ապագա: Caviar-ը ևս ստեղծում է բարդ նմուշներ, որոնք հասանելի չեն այլ ապրանքանիշերի համար: Ուստի ես որոշեցի, որ Richard Mille ժամացույցների սեփականատերերը պետք է արժանապատիվ սմարթֆոններ ստանան»,- ասել է Caviar-ի հիմնադիր Սերգեյ Կիտովը։ Նոր մոդելների ստեղծման գործընթացում Caviar-ի թիմը ոգեշնչվել է Richard Mille ժամացույցների խորհրդանշական մոդելներից՝ RM 66 Flying Tourbillon, RM 35-01 Rafael Nadal և RM 30-01, որոնց գինը տատանվում է 27,000-ից 110,000 դոլարի սահմաններում: Ժամացույցները հայտնի դարձան իրենց անսովոր դիզայնի շնորհիվ՝ առանց սովորական թվաչափի և բարդ մեխանիզմների, որոնց դիզայնը Caviar-ի մասնագետները փորձել են տեղափոխել սմարթֆոնների վրա։
Ֆլագման մոդելը դարձել է iPhone 15 Pro Max Rebel-ը, որի կորպուսի վրա կա կմախքաձև ձեռքի հարթաքանդակ՝ պատրաստված 18 կարատանոց ոսկու ամուր ձուլակտորից։ Սմարթֆոնի այս տարբերակի նախատիպը եղել է RM 66 Flying Tourbillon ժամացույցը։ Ոսկե ափը ծածկում է ժամացույցի մեխանիզմը՝ այդպիսով ձևավորելով Devil’s Horns (Սատանայի եղջյուրներ) ժեստը։ RM 66 Flying Tourbillon ժամացույցից աշխարհում թողարկվել է ընդամենը 20 հատ, յուրաքանչյուրն արժե 1 միլիոն դոլար։ Caviar-ը մտադիր է ստեղծել այս մոդելի միայն 20 iPhone՝ ժամացույցի յուրաքանչյուր տիրոջ համար մեկ հատ:
Մյուս նորույթը իրը Champion մոդելն է, որն ստեղծվել է Ռաֆայել Նադալի հետ համագործակցությամբ ստեղծված RM 35-01 ժամացույցի դիզայնի օրինակով։ Երրորդ նոր արտադրանքը կոչվում է Mastermind, դրա հեղինակները ոգեշնչվել են վարդագույն ոսկուց պատյանով RM 30-01 ժամացույցի դիզայնով։ Caviar-ն օգտագործել է գրեթե նույն նյութերը, դիզայներները iPhone 15-ը զարդարել են վարդագույն ոսկով, թեթև տիտանի շերտով և ածխածնի համաձուլվածքից։
Caviar-ի արտադրության այս iPhone 15 Pro-ն կարելի է ձեռք բերել մոտ 6200 դոլարով, իսկ ամենաթանկ մոդելը կարժենա 22,000 դոլարով:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում