Ամեն իրադարձություն չէ, որ արտացոլվում է նամականիշի վրա․ Silicon Mountains 2023-ի շրջանակներում տեղի ունեցավ հատուկ ծրարի մարում

17 հոկտեմբերի, 2023  15:32

Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարման արարողությունը։

Մարման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակի 13-րդ դափնեկիր, Adobe-ի գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը։

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2022 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանացած 13-րդ դափնեկիրը՝ Շանթանու Նարայենը։ Ծրարի վրա փակցված է 2018 թվականին թողարկված Տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության պետական մրցանակ թեմայով հատուկ նամականիշ։ Այն պատրաստվել է 500 օրինակով։

«Նամականիշը պետության չորս խորհրդանիշներից մեկն է։ Մեր կյանքում բազմաթիվ իրադարձություններն տեղի ունենում, բայց քչերն են արտացոլվում նամականիշի վրա, և ես շատ ուրախ եմ, որ հենց այս իրադարձությունը ծրարի մարմամբ է նշանավորվում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ավանդաբար մեծ ուշադրություն է դարձրել Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նշենք, որ այս գագաթնաժողովի ընթացքում, վաղը՝ հոկտեմբերի 18-ին տեղի կունենա Բարձր տեխնոլոգիական ոլորտում հմաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի շնորհման արարողությունը: Այս տարի հանձնվում է 2022 թվականի մրցանակը, որի դափնեկիր է դարձել Adobe ընկերության գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում