Google-ն սկսում է ջնջել չօգտագործվող էլփոստերը. ի՞նչ անել, որպեսզի ձերը ևս չջնջվի

16 օգոստոսի, 2023  14:27

Google-ը սկսել է նամակներ ուղարկել Gmail փոստային ծառայության օգտատերերին՝ նախազգուշացնելով, որ առաջիկայում ջնջվելու են այն օգտահաշիվները, որոնք ակտիվ չեն եղել վերջին երկու տարվա ընթացքում։ Նոր կանոնը ուժի մեջ է մտնում 2023-ի դեկտեմբերի 1-ից։ Նախազգուշական հաղորդագրությունները ստացվում են no-reply@accounts.google.com հասցեից: Նամակներում Google-ը հակիրճ բացատրում է նոր կանոնի ներդրման պատճառները։

NEWS.am Tech-ի խմբագրության ստացած նմանատիպ նամակում հաղորդվում է, որ այսուհետ Google օգտահաշվի համար ոչ ակտիվ շրջանի թույլատրելի ժամկետը կկազմի երկու տարի, իսկ 2023-ի դեկտեմբերից ոչ ակտիվ օգտահաշիվները կջնջվեն՝ իրենց ողջ բովանդակությամբ։

Google-ը նաև պարզաբանում է, որ այս կանոնը կտարածվի միայն այն օգտահաշիվների վրա, որոնք չեն օգտագործվել Google-ի ծառայություններ մուտք գործելու համար կամ դրանցում երկու տարի որևէ ակտիվություն չի գրանցվել։

Google-ի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նախքան օգտահաշիվը ջնջելը նման օգտահաշվիներ ունեցողներին մի քանի նախազգուշական նամակներ կուղարկվեն ինչպես նրանց հիմնական, այնպես էլ պահեստային էլփոստի հասցեներին:Ի՞նչ անել, որպեսզի ձեր Google օգտահաշիվը չջնջվի

Ձեր օգտահաշիվը կորցնելուց խուսափելու և այն ակտիվ պահելու համար բավական կլինի հաշվում առնվազն մեկ գործողություն կատարել երկու տարին մեկ անգամ։

Ինչպես նշվում է Google-ի ուղարկած նամակում, ձեր օգտահաշիվն ակտիվ պահելու ամենահեշտ ձևը առնվազն երկու տարին մեկ անգամ օգտահաշիվ մուտք գործելն է։ Եթե ​​վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ մուտք եք գործել ձեր Google օգտահաշիվ, ապա այն համարվում է ակտիվ և չի ջնջվի:

Ձեր օգտահաշիվը ակտիվ պահելու այլ եղանակներից են՝

Էլփոստի ընթերցումը կամ ուղարկումը; Google Drive-ի օգտագործումը; YouTube-ում տեսանյութեր դիտելը; Լուսանկարների փոխանակումը; Հավելվածի ներբեռնումը; Google-ի որոնման օգտագործումը; Երրորդ կողմի հավելված կամ ծառայություն մուտք գործելու Google-ի տվյալ օգտահաշվի օգտագործումը։

Կան նաև որոշ բացառություններ, երբ օգտահաշիվները չեն ջնջվի, նույնիսկ եթե դրանցում որևէ ակտիվություն չկա։ Այդպիսի բացառություններից են՝

Google-ի օգտահաշիվ YouTube ալիքներով, որոնք ունեն տեսանյութեր կամ տեսանյութերի տակ մեկնաբանություններ; Օգտահաշիվ, որն ունի նվեր քարտ՝ կանխիկի մնացորդով; Օգտահաշիվ, որով հավելված է հրապարակվել, օրինակ՝ Google Play խանութում:

Այս քաղաքականության այլ բացառություններից կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում