Հարցումներ մասնավոր չատերում, ավատարներ և արագացված ձայնային հաղորդագրություններ. նոր հնարավորություններ՝ WhatsApp-ում

24 հոկտեմբերի, 2022  10:30

WhatsApp մեսենջերում մի շարք նոր հնարավորություններ են ի հայտ եկել, այդ թվում՝ մասնավոր չատերում հարցումներ անցկացնելու, վիրտուալ ավատար տեղադրելու և ձայնային հաղորդագրություններն արագացնելու հնարավորություն:

Հարցումներ WhatsApp-ի չատերում

Մասնավոր չատերում հարցումներ անցկացնելու հնարավորությունը հայտնվել է 2.22.23.12 համարի ներքո Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում։ Սպասվում է, որ թեստավորման ավարտից հետո այս ֆունկցիան կհայտնվի նաեւ մեսենջերի հիմնական տարբերակում։

Փորձարկողները նախկինում նման ֆունկցիա են նկատել մեսենջերի խմբային չատերում։ Երկու դեպքում էլ հարցումների ինտերֆեյսը և ֆունկցիոնալությունը նույնն են. հարցումներ հնարավոր է ստեղծել 12 կամ ավելի քիչ պատասխաններով: Հետաքրքիր է, որ հարցումները գաղտնագրված են, և նույնիսկ մշակողները չեն կարողանա պարզել, թե կոնկրետ օգտատերը որ պատասխանն է ընտրել:

WhatsApp-ի ավատարներ

2.22.23.12 համարի Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում հայտնվել է վիրտուալ ավատար տեղադրելու հնարավորություն: Առայժմ այս ֆունկցիան հասանելի է միայն որոշ բետա տարբերակը փորձարկողների համար, սակայն ակնկալվում է, որ շուտով այն կավելացվի հավելվածի հիմնական տարբերակին։

Ավատարների ներկառուցված գեներատորը հնարավորություն կտա ստեղծել ձեր վիրտուալ պատճենը, որն այնուհետև կարող եք տեղադրվել պրոֆիլի լուսանկարի փոխարեն: Ձեր նոր ավատարի հետ մեսենջերը նաև ավտոմատ կերպով կթողարկի ստիկերների փաթեթ: Ստիկերները հնարավոր կլինի ուղարկվել ցանկացած զրուցակցի։

WhatsApp-ում ձայնային հաղորդագրությունների արագացում

WhatsApp-ում մեկ այլ օգտակար նորամուծություն է ձայնային հաղորդագրությունները 1,5 և 2 անգամ արագացնելու հնարավորությունը։ Հաղորդագրության արագությունը հնարավոր է փոխել՝ օգտագործելով կոճակը, որը հայտնվում է հաղորդագրությունը լսելիս դրա աջ կողմում:

Նոր գործառույթը փորձարկվել է 2022 թ․ մարտից, սակայն այժմ այն ​​հասանելի է բոլորին, եթե օգտատերերը թարմացնեն մեսենջերը և օգտվեն դրա ամենավերջին տարբերակից։

Նշենք, որ արագացման ֆունկցիան հասանելի է գրեթե բոլոր մեսենջերներում, որտեղ հնարավոր է ձայնային հաղորդագրություններ ուղարկել: Telegram-ում, օրինակ, նման գործառույթ հայտնվել է դեռ երեք տարի առաջ։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում