Silent Hill 2 Remake. գեղեցիկ գրաֆիկա և վախեցնող տեխնիկական պահանջներ

21 հոկտեմբերի, 2022  17:45

Silent Hill Transmission ցուցադրության ժամանակ Konami ընկերությունը հայտարարեց մի քանի Silent Hill խաղերի և նախագծերի մասին, ներառյալ Silent Hill 2-ի ռիմեյքի մասին, որը թողարկվել էր PlayStation 2-ի համար ավելի քան 20 տարի առաջ:

Ռիմեյքը խաղի ամբողջական թարմացումն է, և թարմ կադրերը, որոնք համեմատում են հին տարբերակը նորի հետ, հաստատում են դա։ Խաղն այժմ ավելի գեղեցիկ է, ավելի իրատեսական և ավելի ժամանակակից:

Թարմացված տարբերակը մշակում է Bloober Team ստուդիան, որը նախկինում աշխատել է Layers of Fear, Observer և The Medium սարսափ խաղերի վրա։ Նոր ռիմեյքում թիմը խոստացել է ոչ միայն խաղի գրաֆիկան հասցնել բոլորովին նոր մակարդակի, այլև կատարելագործել մեզ լավ ծանոթ սարսափ տեսարաններից շատերը: Նրանց նպատակն է վերստեղծել սկզբնական խաղի անհանգստացնող, վախեցնող մթնոլորտը, և դրա հետ մեկտեղ խաղացողներին առաջարկել ավելի ժամանակակից խաղ:

Silent Hill 2 Remake տեխնիկական պահանջները

Վատ նորությունն այն է, սակայն, որ ամեն համակարգիչ և նոութբուք չէ, որ կբավարարի այս խաղի տեխնիկական պահանջներին։ Դատելով Steam-ում հրապարակված տեխնիկական պահանջներից՝ Silent Hill 2-ի ռիմեյքը խաղի բարելավման ամենահաջող օրինակը չի կարող համարվել։

Տեխնիկական նվազագույն պահանջներ (միջին-նվազագույն պարամետրեր 1080p/30FPS-ում).         AMD Ryzen 3 3300X կամ Intel Core i5-8400 պրոցեսոր, Օպերատիվ հիշողություն, AMD Radeon RX 5700 կամ NVIDIA GeForce GTX 1080 վիդեոքարտ, 50 Գբ ազատ տարածք ներքին հիշողությունում։ Առաջարկվող պահանջներ (1080p/60FPS միջին պարամետրեր կամ 1080p/30FPS բարձր պարամետրեր). AMD Ryzen 5 3600X կամ Intel Core i7-8700K պրոցեսոր, Օպերատիվ հիշողություն՝ 16 Գբ, AMD Radeon RX 6800 XT կամ NVIDIA GeForce RTX 2080 վիդեոքարտ, 50 Գբ ազատ տարածք ներքին հիշողությունում։

Չի բացառվում, սակայն, որ խաղի տեխնիկական պահանջները փոխվեն։

Ուրիշ ի՞նչ է հայտնի Silent Hill 2-ի ռիմեյքի մասին 

Ռիմեյքը մշակվում է Unreal Engine 5 խաղային շարժիչի հիման վրա։ Դրանում կփոխվեն գեյմփլեյը, երրորդ դեմքից տեսարանը (այժմ այն ​​կլինի հերոսի ուսի վրայից), դիզայնը և նույնիսկ երաժշտական ​​նվագակցությունը։ Այս փոփոխությունների վրա աշխատանքներին կներգրավվեն խաղերի դիզայներ Մասահիրո Իտոն և կոմպոզիտոր Ակիրա Յամաոկան, որոնք համագործակցում են Bloober Team ստուդիայի հետ։

Խաղի մշակողները նաև խոստացել են, որ նոր տարբերակը կունենա 3D ձայնի և DualSense կարգավորիչի գործառույթների աջակցություն։ Նաև չեն լինի բեռնման էկրաններ։

Ռիմեյքի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ խաղը նախ կթողարկվի PlayStation 5-ի համար և կլինի ժամանակավոր էքսկլյուզիվ այս հարթակի համար, իսկ մեկ տարի անց այն կթողարկվի նաև սեղանի համակարգիչների համար։

Ուրիշ էլ ի՞նչ է ցուցադրվել Silent Hill Transmission-ի ժամանակ

Միջոցառման ընթացքում Konami-ն հայտարարեց մի քանի այլ հետաքրքիր նախագծերի մասին.

Silent Hill: Townfall

Սա գոյատևման սարսափ (survival horror) և փազլ-արկածային (puzzle-adventure) հոգեբանական խաղերի Silent Hill շարքի նոր սփին-օֆն է: Այն մշակում է շոտլանդական No Code ստուդիան` Konami-ին ստացած լիցենզիայի ներքո, իսկ խաղի հրատարակիչը կլինի Annapurna Interactive-ը։

Դեռևս տեղեկություն չկա ո՛չ խաղի թողարկման ամսաթվի, ո՛չ էլ այն մասին, թե որ հարթակներում այն ​​կթողարկվի:

Silent Hill f

Silent Hill f-ը ևս մեկ սփին-օֆ է, որը, ինչպես ակնկալվում է, ցույց կտա Silent Hill-ի գեղեցիկ և սարսափելի աշխարհը և կկենտրոնանա տարածքի հոգեբանական, գերբնական գաղտնիքների վրա:  

Խաղի գործողությունները տեղի կունենան 1960-ականների Ճապոնիայում, իսկ սյուժեն գրելու է ճապոնացի հայտնի գրող Ռյուկիշի07-ը, որն առավել հայտնի է «Հիգուրաշի» և «Ումինեկո» վիզուալ վեպերով:

Silent Hill: Ascension

Silent Hill Ascension-ը ինտերակտիվ սերիալ է, որը տեղի է ունենում կուլտային Silent Hill տիեզերքում։ Այստեղ հեռուստադիտողները կկարողանան ազդել հերոսների գործողությունների վրա՝ դրանով իսկ ազդելով նաև սյուժեի վրա: Թե ինչպես կաշխատի այս ամենը, կիմանանք ավելի ուշ:

Սերիալը կթողարկվի 2023 թ․։ Ավելի հստակ ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։

Return to Silent Hill

Առաջին Silent Hill ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆ Գանսը նկարահանում է շարքի երրորդ ֆիլմը։ Այն կկոչվի «Վերադարձ դեպի Silent Hill»։ Նոր ֆիլմի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն, Konami-ն խոստանում է հետագայում ավելի շատ տեղեկություններ տրամադրել նախագծի մասին։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում