SpaceX-ը ներկայացրել է EVA սկաֆանդրը, որով Polaris ծրագրի մասնակիցները դուրս կգան բաց տիեզերք

6 մայիսի, 2024  18:21

SpaceX օդատիեզերական ընկերությունը ներկայացրել է EVA (Extravehicular Activity) տիեզերական կոստյումը, որը կօգտագործվի Polaris ծրագրի շրջանակում Crew Dragon տիեզերանավից առաջին անգամ բաց տիեզերք դուրս գալու համար: SpaceX-ի նոր սկաֆանդրը հիմնված է ընկերության արդեն իսկ գոյություն ունեցող սկաֆանդրների հիման վրա, որոնք օգտագործվել են օդաչուավոր առաքելությունների ժամանակ:

SpaceX-ի ինժեներները բազմաթիվ փոփոխություններ են արել ընկերության գոյություն ունեցող սկաֆանդրների դիզայնում, որպեսզի դրանք հարմար լինեն տիեզերանավից դուրս օգտագործելու համար: Ի թիվս այլ բաների, բարելավվել է դրանց շարժական մասերի կառուցվածքը և ջերմակարգավորումը։ Վերամշակված սաղավարտն ունի նոր ծածկույթ՝ տիեզերագնացների աչքերն արևի լույսից ավելի լավ պաշտպանելու համար: Սաղավարտում ինտեգրված է նաև պրոեկցիոն էկրան, որը տիեզերական զբոսանքների ժամանակ կցուցադրի տեղեկություն սկաֆանդրի վիճակի մասին:

EVA սկաֆանդրներն առաջին անգամ կօգտագործվեն Polaris Dawn առաքելության ժամանակ, որը միլիարդատեր Ջարեդ Այզեքմենի կողմից ֆինանսավորվող Polaris ծրագրի մի մասն է։ Նա և անձնակազմի երեք այլ անդամներ տիեզերք կուղևորվեն զբոսաշրջային թռիչքի շրջանակում և նախատեսվում է, որ այդ ժամանակ էլ Crew Dragon տիեզերանավից նրանք դուրս կգան բաց տիեզերք: Նշենք, որ այս տիեզերանավը օդախցիկներ չունի, ուստի անձնակազմի բոլոր անդամները ստիպված կլինեն օգտագործել նոր սկաֆանդրները, քանի որ երբ անձնակազմի մի մասը բաց տիեզերք դուրս գա, տիեզերանավում օդի ճնշումը կնվազի։

EVA.jpg (233 KB)

Ըստ տեղեկությունների՝ Polaris Dawn առաքելության ժամանակ անձնակազմի չորս անդամներից երկուսը կլքեն Crew Dragon-ը և դուրս կգան բաց տիեզերք: Այդ նպատակով կօգտագործվի Skywalker սարքը, որը տեղակայված է առջևի հատվածում և ունի ձեռքերի համար նախատեսված ամրակներ։ Այս առաջադրանքի ընթացքում տվյալներ կհավաքվեն EVA սկաֆանդրների արդյունավետության, ինչպես նաև այն մասին, թե որքանով են դրանք հարմարավետ տիեզերքում աշխատելու համար:

SpaceX-ի նոր սկաֆանդրներն արդեն անցել են լայնածավալ լաբորատոր փորձարկումներ, ներառյալ թեստը, որի ժամանակ Crew Dragon պարկուճը տեղադրվել է վակուումային խցիկում, ինչին հաջորդել է օդի ճնշման նվազումը: SpaceX-ի փոխնախագահ Ստյու Քիչը շնորհանդեսի ժամանակ նշել է, որ բոլոր փորձարկումներն անցել են այնպես, ինչպես սպասվում էր։

SpaceX-ը նաև նշել է, որ տիեզերական այս կոստյումները կարևոր քայլեր կլինեն ապագա երկարաժամկետ առաքելությունների համար մեծ թվով սկաֆանդրներ ստեղծելու ուղղությամբ, ներառյալ Լուսնի վրա բազա և Մարսի վրա քաղաք կառուցելու համար: Այս առաքելությունների համար կպահանջվեն միլիոնավոր սկաֆանդրներ, նշել է ընկերությունը:

Բաց տիեզերք դուրս գալու համար բացի տիեզերական նոր կոստյումներ ստեղծելուց՝ SpaceX-ը ստիպված է եղել նաև լուրջ փոփոխություններ կատարել հենց Crew Dragon տիեզերանավում: Օրինակ՝ ընկերության ինժեներները դրա մեջ ներդրել են ճնշման նվազեցման համակարգ, որը թույլ կտա վերականգնել պարկուճի ներսում ճնշումը բաց տիեզերք դուրս գալու գործողության ավարտից հետո։

Ինչ վերաբերում է առաջիկա Polaris Dawn առաքելությանը, ապա դրա իրականացման ժամկետները սահմանափակվել էին տիեզերական նոր կոստյումներ ստեղծելու անհրաժեշտությամբ: Այժմ, երբ այս աշխատանքն ավարտված է, SpaceX-ը նախատեսում է անձնակազմը տիեզերք ուղարկել ամռան սկզբին: Այդ նպատակով կօգտագործվի Falcon 9 հրթիռը, որը Crew Dragon տիեզերանավը դուրս կբերի էլիպսաձեւ ուղեծիր՝ 190-ից 1200 կմ բարձրության վրա։ Դրանից հետո տիեզերանավը կհասնի իր բարձրության առավելագույն կետին մինչև 1400 կմ և որոշ ժամանակ կմնա այս ուղեծրում՝ հավաքելով տվյալներ ճառագայթման մասին։ Այնուհետև ուղեծրի բարձրությունը կկրճատվի մինչև 700 կմ, որտեղ էլ նախատեսվում է իրականացնել բաց տիեզերք դուրս գալու գործողությունը: Բացի գիտական ​​փորձերից՝ անձնակազմի անդամները կփորձարկեն Երկրի հետ կապի հուսալիությունը Space Starlink արբանյակների միջոցով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ