Այլ մոլորակների բնակելի լինել-չլինելը հիմնարար հարցերից մեկն է, որը դեռ պատասխան չունի։ Առ այսօր հայտնաբերվել է ավելի քան 5000 էկզոմոլորակ, որոնց մասին գիտությունը շատ քիչ բան գիտի: Օրինակ՝ մինչ օրս Երկրի նման ժայռոտ աշխարհներում մթնոլորտի գոյության հավաստի ապացույցներ չեն եղել։ Եթե գազային հսկա էկզոմոլորակներն առանց վարանելու ցույց են տալիս իրենց մթնոլորտը, ապա քարքարոտ աշխարհների դեպքում ամեն ինչ շատ ոչ միանշանակ է։ Այդուհանդերձ, James Webb տիեզերական աստղադիտակի շնորհիվ հնարավոր է դարձել հայտնաբերել արեգակնային համակարգից դուրս գտնվող և Երկրի նման մոլորակի վրա մթնոլորտի առկայության լավագույն ապացույցը։
Ինչպես տեղեկացնում է ՆԱՍԱ-ն, James Webb-ի հնարավորությունները թույլ են տալիս տվյալներ հավաքել էկզոմոլորակների մթնոլորտի վերաբերյալ: Սա բավականին նեղ ալիք է անգնահատելի տեղեկություն ստանալու համար, սակայն այն կա, և գիտնականներն ակտիվորեն դա օգտագործում են։ Եթե էկզոմոլորակը բավականաչափ տաք է կամ հայտնվում է իր աստղի և Երկրի միջև գտնվող հատվածում, James Webb-ը գրանցում է դիտարկվող շրջանի արտանետումների և կլանման սպեկտրները և օգնում է եզրակացնել, թե արդյոք տվյալ մոլորակն ունի մթնոլորտ և ինչպիսին է դրա մոտավոր կազմը:
2004-ին Երկրից 41 լուսատարի հեռավորության վրա, 55 Cancri երկակի համակարգում՝ արևանման 55 Cancri A աստղի մոտ, գիտնականները հայտնաբերեցին 55 Cancri e տաք էկզոմոլորակը, որը մոտ երկու անգամ մեծ է Երկրից և մի փոքր ավելի խիտ: Այդ ժամանակից ի վեր, 55 Cancri e-ն մշտապես եղել է գիտնականների ուշադրության ներքո, սակայն էկզոմոլորակի վրա մթնոլորտի առկայությունը ոչ մի կերպ չի հաստատվել։
55 Cancri e էկզոմոլորակը չափազանց տաք է, որպեսզի այնտեղ կյանք առաջանա։ Այն իր աստղի շուրջը պտտվում է մոտ 17.5 մլն կմ հեռավորության վրա (Արեգակից Մերկուրի ընկած հեռավորության (70 մլն կմ) մոտ մեկ քառորդի չափ): Մոլորակի մակերեսը, ըստ երևույթին, մագմայի եռացող օվկիանոս է: Գիտնականների համար սա լավ հնարավորություն է ուսումնասիրելու Երկրի, Վեներայի կամ Մարսի անցյալը, երբ մեր համակարգի մոլորակները նույնպես բավական տաք էին։ Սա նաև հնարավորություն է հասկանալու քարքարոտ մոլորակների վրա մթնոլորտի ձևավորումը և դրանց փոխազդեցությունը մոլորակային նյութի հետ:
55 Cancri e էկզոմոլորակի դիտարկումների շնորհիվ հնարավոր է դարձել բացահայտել խիտ և բարակ մթնոլորտային շերտի նշաններ: Ըստ հետազոտողների՝ սա քարքարոտ էկզոմոլորակների վրա մթնոլորտի առկայության լավագույն վկայությունն է նման օբյեկտների դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Տվյալները ստացվել են Webb-ի բարձր զգայունության շնորհիվ մերձակա և միջին ինֆրակարմիր տիրույթում:
Լույսի փոքր տատանումները՝ 4-ից 12 մկմ, բացահայտել են սպեկտրալ գծերի կլանումներ, որոնք վկայում են 55 Cancri e-ի մթնոլորտում ածխածնի մոնօքսիդի և ածխածնի երկօքսիդի առկայության մասին, որոնք ակնհայտորեն արձակում և պահպանվում են (ամենակարևորն այս ուսումնասիրության մեջ) մագմայի գլոբալ օվկիանոսի կողմից: Այսինքն՝ քարքարոտ աշխարհն ինքնուրույն ստեղծում և պահպանում է մթնոլորտային շերտ։ Առաջնային մթնոլորտը վաղուց վերացած կլիներ մոտակա աստղի ճառագայթման հետևանքով։
James Webb-ը նաև պարզել է, որ այս էկզոմոլորակի վրա ցերեկվա ընթացքում ջերմաստիճանն ավելի ցածր է, քան կանխատեսում է մոդելավորումը: Չափումները ցույց են տվել, որ ցերեկային ժամերին մակերեսի ջերմաստիճանը 1540 °C է։ Եթե մոլորակը մթնոլորտ չունենար, ապա ջերմաստիճանը կբարձրանար մինչև 2000 °C կամ ավելի: Սառեցումը կարող է առաջանալ կամ լավայի հոսքերի կամ մթնոլորտային զանգվածների շարժման հետևանքով մոլորակի ցերեկվա ընթացքում երևացող կողմից դեպի գիշերվա կողմը (մոլորակը, ըստ երևույթին, մշտապես մակընթացային իրադարձության մեջ է և մի կողմով միշտ նայում է դեպի իր աստղը): Ըստ գիտնականների՝ լավայի հոսքերի գործոնը կարելի է բացառել, քանզի ակնհայտորեն նույն դինամիկան չէ: Սա ևս մեկ անուղղակի ապացույց է 55 Cancri e էկզոմոլորակում մթնոլորտի առկայության մասին։
«Ի վերջո, մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ պայմաններ են թույլ տալիս քարքարոտ մոլորակին ապահովել գազով հարուստ մթնոլորտ՝ բնակելի մոլորակի հիմնական բաղադրիչը»,- գրել են հետազոտողները:
ամիս
շաբաթ
օր